Քաղավիացիայի կոմիտեն իր պարտականությունները, ինչպես նշված է EASA-ի  զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել․ Հակոբ Ճաղարյան
21:22 - 12 ապրիլի, 2020

Քաղավիացիայի կոմիտեն իր պարտականությունները, ինչպես նշված է EASA-ի զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել․ Հակոբ Ճաղարյան

Ավիատոր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն այսօր՝ «Երկիր Մեդիային» տված հարցազրույցի ընթացքում, նշեց, որ չնայած փորձում են իրեն կապել նախորդ  իշխանությունների հետ, ինքը երբևիցե պետական պաշտոն չի զբաղեցրել և ոչ մի պետական կառույցում ներգրավված չի եղել։

Անդրադառնալով ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մասին Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) զեկույցին՝  պարոն Ճաղարյանը նշեց, որ ծանոթ է այդ զեկույցին, բայց իրավասու չէ հրապարակելու, քանի որ այդ փաստաթուղթը նրան հասել է ծառայողական ճանապարհով վարչապետի խորհրդական աշխատած ժամանակ։

«Քանի որ այդ զեկույցը գաղտնի չէ, ես կարծում եմ, որ հանրությունն իրավունք ունի պահանջելու Քաղավիացիայի կոմիտեից այդ զեկույցը, և  ինքը գնահատի, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց նա։

Հակոբ Ճաղարյանն ասաց, որ ինքը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանումների բովանդակությանը  համաձայն չէ։ Նա նշեց, որ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն, ինչպես մյուս երկրների ավիացիոն իշխանությունները, ունի հատուկ գործառույթներ։ 

«Համաձայն «Պետական մարմինների կառավարման մասին» ՀՀ օրենքի՝ ոլորտի քաղաքականությունը որոշում է համապատասխան նախարարությունը, իսկ ավիացիոն իշխանությունները կատարում են զուտ տեխնիկական կարգավորումներ․ առաջին հերթին դա թռիչքային անվտանգությունն է, ավիացիոն անվտանգությունը, թռիչքային պիտանելիության հավաստագրումը, օդանավակայանների և  աերոնավիգացիոն ծառայությունների համակարգումը»-, ասաց նա։

Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպությունը` ԻԿԱՕ-ն, և Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալությունը, ժամանակ առ ժամանակ ամեն երկրում ստուգումներ են կատարում։ Այդ ստուգումների ընթացքում անդրադառնում են վերը նշված բոլոր կետերին։ 

«Փաստորեն՝ Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) զեկույցում բոլոր ոլորտներում կատարված հետազոտությունները ունեն նկատողություններ և միջազգային կարգավորումներին անհամատեղություններ այն աստիճան, որ լրատվամիջոցներից մեկում հրապարակված փաստաթուղթը, թե ինչի համար են հայկական ավիաընկերություններին զրկել Եվրոպա թռիչքներ կատարելու արդեն իսկ շնորհված իրավունքից, նշում է շատ վիրավորական մի փաստ, որ Հայաստանը՝ որպես շահագործողի երկրիր, ի վիճակի չէ սերտիֆիկացնել օդանավերը և ավիաընկերությունները, վերահսկել թռիչքային անվտանգությունը՝ համապատասխան միջազգայնորեն ընդունված կանոնակարգի։ Սա նշանակում է, որ Քաղավիացիայի կոմիտեն, այսինքն՝ ՀՀ ավիացիոն իշխանությունը, իր պարտականությունները, ինչպես նշված է տվյալ զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել»,- ասաց նա։

Հակոբ Ճաղարյանի խոսքով՝  2015 թ․ ՀՀ ավիացիոն իշխանություններն անցել են միջազգային աուդիտ։ Աուդիտի արդյունքում Հայաստանը գրանցել է շատ բարձր ցուցանիշ, ինչն ինքը ներկայացրել է վարչապետին։

Իսկ հարցին, թե արդյո՞ք Տաթևիկ Ռևազյանը տեղեկացված է եղել այս թերացումներից, Ճաղարյանը պատասխանեց․

«Շատ խելք պետք չէր ունենալ ավիացիայի ոլորտից և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կառուցվածքին ծանոթ մասնագետի համար, որ հասկանար, որ նույնիսկ զեկուցելու կամ չզեկուցելու պարագայում, եթե չկա համապատասխան կառուցվածքը, եթե չկան համապատասխան փաստաթղթերի և այդ փաստաթղթերն օգտագործող մարդկանց վերապատրաստումների թարմացումները, եթե չկան նրանց ընդունման, կատարման և վերահսկման մեխանիզմները, այդ թերացումները պիտի լինեին և չէին կարող չլինել։ Այստեղ արդեն տեղեկացված լինել-չլինելը նշանակություն չունի»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել