Հայաստանում ավելացվելու է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող անձնակազմը

 |armenpress.am|
19:36 - 13 ապրիլի, 2020

Հայաստանում ավելացվելու է կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող անձնակազմը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին սպասարկելու գործում վերապատրաստումից հետո ներգրավել նաև կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։ Օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի ապրիլի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 109 կողմ ձայնով։

Կառավարության հեղինակած օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

«Նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում»,- նշել էր Ավանեսյանը։

Փոխնախարարը հավելել էր, որ ակնկալվում է նաև ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց սպասարկման համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել