Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.04․20 (թարմացվող)
00:29 - 15 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.04․20 (թարմացվող)

23։21- Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարությունն արդեն գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ստեղծված պաշտոնական կայքի հայերեն տարբերակը։
Արդեն հայերենով կարող եք ստանալ Վրաստանում կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությունը։
https://stopcov.ge/am… [Վրաստանում ՀՀ դեսպանատուն]


23։08- Հարգելի լոռեցիներ, այսօր Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք:
Այսօրվա դրությամբ Լոռիում վարակվածության դեպքերի թիվը դարձավ 9: Նրանից 1-ն ապաքինվել և դուրս է գրվել: Բոլոր կոնտակտավորները հայտնաբերված և մեկուսացված են: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]


22։18- Սիրելի սյունեցիներ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսով վարակված մեր հիվանդներից ևս 8 հոգի առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից: Անկառավարելի իրավիճակ և նոր գրանցված դեպքեր չունենք, ինչը արդյունք է բոլորիս մեծ պատասխանատվության և իրավիճակի ըմբռնման: Խնդրում և հորդորում եմ շարունակել հետևել պարետատան և Առողջապահության նախարարության ցուցումներին, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարենք ստեղծված իրավիճակը: [Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայան]


22։14- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է Հայաստանում ֆուտբոլի վերսկսման ժամկետները: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշեց, որ իրենք նամակով դիմել են ՀՀ պարետին՝ առաջարկելով արտակարգ դրության պայմաններում որոշակի սահմանափակումների վերացումից հետո վերսկսել մարզումները: Մելիքբեկյանը նաեւ ասաց, որ շրջանում ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն մշտական աշխատանքեր են տանում, որպեսզի թե՛ իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերը եւ թե՛ ազգային առաջնությունները հնարավորինս քիչ կորուստներ կրեն: Այս առումով ՀՖՖ-ն էլ մշտապես կապի մեջ է միջազգային կազմակերպությունների ու հայկական ակումբների հետ եւ արդեն պատկերացումներ ունի, թե ինչ կարող է անել, երբ ֆուտբոլը երկրում վերսկսելու հնարավորություն ստեղծվի: |armtimes.com|


21:20- Պայմանավորված Արցախում հայտարարված արտակարգ դրության իրավիճակով՝  գործելու են տեղաշարժի սահմանափակումներ, ինչը ենթադրելու է հատուկ ձևաթղթերի լրացում (այս դեպքում տեղաշարժերի սահմանափակումները վերաբերվում են այն համայնքներին, որտեղ մտցվել են տեղաշարժի սահմանափակումներ):


19:50- Եթե նույնիսկ մենք հիմա մեր կատարած միջոցառումների շնորհիվ ունենանք հիվանդացության տարածման անկում, երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում։ Կա մեծ հավանականություն որ ցրտերն ընկելուն պես բռնկումները կվերսկսեն, որովհետեւ նույնիսկ լավ սցենարի դեպքում վիրուսն իսպառ չի վերանա։ Եթե կտրուկ գիտական փոփոխություններ, պատվաստանյութ չլինի, դարձյալ այս իրավիճակի առաջ ենք լինեու, դրանով է պայմանավորված իմ սպասումը, որ մենք երկար ժամանակ պետք է պահպանենք խիստ կանոնները, դիմակները, ձեռնոցները, ախտահանիչ նյութերը, սոցիալական հեռավորությունը եւ այլն։ [Արսեն Թորոսյան]


19:45- «Հոգու հանգստության համար» քաղաքացիները չեն կարող թեստավորվել։ Թեստավորումն արվում է ըստ ցուցումների, դա շատ բարդ, երկարատեւ, մեծ ժամանակ պահանջող պրոցես է, որը պետք է արվի միայն ըստ ցուցումների։ Ունենք տեղեկություն, որ որոշ լաբորատորիաներ վճարովի թեստավորում կարող են անել, բայց խոսքը արագ թեստի մասին չէ։ Բայց նույնիսկ այսօր թեստ անելը երաշխիք չէ, որ մարդը երեկ չի վարակվել։ [Արսեն Թորոսյան]


19:40- Քիչ դեպքեր կան, երբ դուրս գրված անձի մոտ կրկնավարկ է տեղի ունեցել։ Հնարավոր է՝ վերջնական թեստերը սխալ են եղել։ [Արսեն Թորոսյան]


18:50- Կառավարության հակաճգնաժամային 12-րդ ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ: 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝
- բնական գազի սպառում՝ 10․001 - 30․000 դրամ ներառյալ,
- էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ [Նիկոլ Փաշինյան]


18:40- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մուտքերը, ապրիլի 14-ի դրությամբ,  կազմել են 959 մլն 997 հազ. 905,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3678: [ՀՀ կառավարություն]


17:45- Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ԱՀ պարետը որոշում է կայացրել սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում։


17։21-  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը կառավարությանը կոչ արեց աջակցության ծրագրերի շահառուների շրջանակն ընդլայնել, մասնավորապես ընդգրկել նաև ուղևորափոխադրող ընկերությունների աշխատակիցներին, որոնք պարապուրդի են մատնված: Նա նաև կոչ արեց պատրաստել ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք ընկալելի, պարզ լեզվով մարդկանց կբացատրեն, թե ինչպես դիմել աջակցության ծրագրերին: Պատգամավորի կարծիքով՝ ծրագրերը գրված են բարդ, կան բառեր, արտահայտություններ, որոնք մարդկանց համար տարընթերցումների տեղիք են տալիս: |armenpress.am|

 

16։58- Հեռախոսազրույց ունեցանք Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեի հետ։ Գործընկերոջս հետ տեղեկատվություն փոխանակեցինք մեր երկրներում կորոնավիրուսի համաճարակի տարածման, այդ կապակցությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի և խորհրդարանի գործունեության մասին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք որպես բարեկամ երկրներ և ժողովուրդներ հնարավորինս օգտագար լինել իրար համար այս դժվարին օրերին։ [ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]

 

16։56- Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։ Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն բացասական է։ Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի՝ ըստ բժշկական ցուցումների։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

16։54-  ՌԴ-ում գտնվող և կորոնավիրուսուսի տարածման հետևանքով բարդ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք իրենց խնդիրների մասին առաջնահերթ կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ու ՌԴ տարածքում գործող ՀՀ հյուպատոսությունների հետ։ Որոշ քաղաքացիներ դիմում են ՀՀ տարբեր մարմիններ՝ ներկայացնելով ոչ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ առկա հարցերի և դրանց կարգավորման հրատապության մասին, ինչն իր հերթին լրացուցիչ բարդություններ է առաջացնում բարձրաձայնվող խնդիրների համապարփակ գնահատման և հնարավորության սահմաններում հասցեագրման հարցում։ [ԱԳՆ]

 

16։48- Երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված՝  Գեղարքունիքի մարզպետարանի  աշխատակազմին  երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք  պարգեւավճարներն արդեն վերադարձվել են պետական բյուջե: Սա մի նախաձեռնություն է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է ըմբռնումով մոտենա եւ գիտակցի, որ արտակարգ դրության պայմաններում ինքը եւս օգտակար է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղմման առումով։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

16։46-  Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար եւ Շողակաթ համայնքների մի շարք բնակավայրերում, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից եւ ԱԻՆ-ի օժանդակությամբ բաշխվում է մարդասիրական հերթական օգնությունը: Վերը նշված համայնքների 22 բնակավայրում սոցիալապես անապահով 491 ընտանիքի տրամադրվել է օգնություն՝ սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով արկղներ: [ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչություն]

 

16։18-  Առողջապահության ազգային ինստիտուտն առաջիկայում նախատեսում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության (Covid -19) վերաբերյալ քննարկումներ` համաճարակաբանների հետ, որին կմասնակցի նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Գրանցվել կարող եք հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] և 077 72 75 42 հեռախոսահամարով։ [ԱՆ]

 

15։59- Այսօր անձամբ ստուգեցի Երևանում վերակառուցվող դպրոցներում անվտանգության պարտադիր պայմանների ապահովումը: Պետք է փաստեմ, որ պահանջները լրջորեն կատարվում են` դիմակներ, ջերմաչափում և այլն: Շինարարության նախկին տեմպերը դեռ չեն վերականգնվել, սակայն առաջիկա օրերին, ըստ շինարարների, այդ հարցն էլ կլուծվի: [Արայիկ Հարությունյան]

 

15։50- ՏԿԵՆի- և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքաբնակ կամավորների հետ համագործակցությամբ 65 տարեկանից բարձր միայնակ ապրող շուրջ 1600 ծերերի ապահովում են պարենային և պաշտպանիչ նյութերի փաթեթով՝ սնունդ, դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոցներ։ [ՏԿԵՆ]

 

15։27- Ապրիլի 9-13-ն իրականացրել է ՀՀ-ում ալկոգել արտադրող 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը.  20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում: [Շուկայի վերահսկողության տեսչական մարմին]

 

15։09-  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանւ ու Արտյոմ Սմբատյանը պարբերաբար այցելում են հատուկ կարանտինային վայրեր և ծանոթանում իրավիճակին: Մեզ մոտ ամեն ինչ լավ է, հաղթահարելու ենք, միայն թե դուք մի փոքր էլ դիմացեք և նստեք տանը։ [Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյան]

 

15։02-  Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելու հնարավորություն է տրվել նաև կորոնավիրուսի վարակման կասկածով ինքնամեկուսացված Միրիկ գյուղի բնակիչներին։ Այս մասին ասել է ԱՀ արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: |armenpress.am|

 

15։00- Ապրիլի 14-ից մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն: Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ իրավիճակի պայմաններում տեղաշարժման թերթիկը, որտեղ նշված կլինի երթևեկության ուղությունը: [«ՀԿԵ» տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին]

 

14։57-  Միջոցառումներ կիրականացվեն սոցիալական բնույթի վնասները չեզոքացնելու ուղղությամբ: Բացի դրանից, գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել 6 ծրագիր, որոնք ուղղված են տնտեսական վնասների վերականգնմանը և պարենային ապահովության աստիճանի բարձրացմանը: Պետական վարկավորման կառույցների, մասնավորապես՝ Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից տնտեսավարող սուբյեկտների համար վարկային արձակուրդից օգտվելու հնարավորություն է ստեղծվել։ [ ԱՀ արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան] |armenpress.am|

 

14։35-  ՀՀ Արմավիրի մարզպետարանը մարզային և համայնքային ենթակայության բուժհաստատություններին շարունակում է հատկացնել բժշկական դիմակներ և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մարզի ներկայացուցիչների կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ: Մարզպետարանի կողմից մարզային և համայնքային ենթակայության բուժհաստատություններին է փոխանցվում նաև բազմակի օգտագործման բժշկական պաշտպանիչ արտահագուստ: [Արմավիրի մարզպետարան]

 

14։29- ԿԳՄՍՆ-ի կողմից հավաքագրված ևս 49 համակարգչային տեխնիկա տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Նվիրաբերված սարքերը փոխանցվել են մարզի տարբեր համայնքների սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: [Արարատի մարզպետարան]

 

14։22-   Տեղեկացնում ենք, որ արտակարգ իրավիճակի պայմաններում, պարետի որոշումներին և ընթացիկ լրահոսին այսուհետ կարող եք հետևել Կառավարության պաշտոնական կայքէջում՝ http://nkrgov.am/, բացված COVID-19 պատուհանից: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

14։02- ԱՀ պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ամենայն հավանականությամբ՝ կկիրառվեն առանձին տարածքների համար սահմանափակման որոշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում կտարածվեն նաև ամբողջ հանրապետության տարածքում։ |armenpress.am|

 

13։59- Մարտի 23-ից մեզ մոտ գործում է կարանտինի խիստ ռեժիմ: Այսօր որոշ ոլորտներում մտցվել է սահմանափակումների թուլացում: Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է փաթեթ, որը ներառում է 11 միջոցառում՝ ուղղված սոցիալական, տնտեսական հետևանքների մեղմացմանը: Քայլեր են ձեռնարկվում տնտեսությունը խթանելու, դժվար իրավիճակները հաղթահարելու համար: [Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ] 
|armenpress.am|

 

13։52-  Ունենք վարակի 3 աղբյուր, որոնցից 2-ն ամբողջությամբ վերահսկելի ու սահմանափակված է: Մյուսի վրա դեռ շարունակում ենք աշխատել, որովհետև թե' վարակակիր անձի ընտանիքի անդամների շփումների առումով, թե' ընդհանրապես, մի քիչ ավելի խոշոր բնակավայրերի առումով, վիճակը մի քիչ ավելի խնդրահարույց է, բայց մենք շարունակում ենք աշխատել: [ԱՀ պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյան] |aysor.am|

 

13։14- ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում հերթական ստուգայցն են իրականացրել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններում: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

11։28- Երեկ գիշերվանից 9-րդ ծրագրի համար մեծ թվով դիմումներ ենք ստացել, որի պատճառով համակարգը ծանրաբեռնված է։ Որպեսզի տեխնիկական խնդիրներ չառաջանան և մերժման հայտեր չստանաք, մի քանի ժամով դադարեցնում ենք դիմումների ընդունումը։ Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]

 

11։18- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ  նոր թեստավորված քաղաքացիներ չկան:
Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան: [ Արցախ տեղեկատվական շտաբ]

 

11։16-  Այսօր նաև հանձնարարություն եմ տվել, որ պարետատունը հանդես գա խորհրդատվական որոշակի առաջարկներով, նաև մեր տեսչական մարմինները խորհրդատվություն կիրականացնեն ընկերությունների հետ այնտեղ, որտեղ հնարավոր է, թե հակահամաճարակային ինչ միջոցներ է պետք ձեռնարկել, որ նվազագույնի հասցվի աշխատանքի եկող մեր հայրենակիցների վարակման հնարավորությունը։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։03- Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։ Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ։ [ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

10։55- 14.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1067
Բուժվածներ - 265
Փաստացի բուժվողներ - 786
Ընդհանուր թեստեր - 8316
Մահվան ելքեր - 16
24 ժամում- 28 նոր դեպք [ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.04․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել