Քացախաթթու խմած գյումրեցու կյանքին վտանգ չի սպառնում, կորոնավիրուսի թեստի պատասխանն էլ բացասական է
 |armtimes.com|
20:01 - 14 ապրիլի, 2020

Քացախաթթու խմած գյումրեցու կյանքին վտանգ չի սպառնում, կորոնավիրուսի թեստի պատասխանն էլ բացասական է |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 10-ին կյանքին վերջ տալու նպատակով քացախաթթվի էսենցիա խմած, սկզբում «Գյումրի» ԲԿ, այնուհետ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 66-ամյա Լ.Կ.-ի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ասաց «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Ըստ Կուրղինյանի, գյումրեցին իրեն լավ է զգում, կարողանում է շփվել բուժանձնակազմի հետ, ադեկվատ պահվածք ունի: «Բուժման դրական դինամիկա կա: Կլման ակտն ամբողջովին վերականգնված է: Նման դեպքերում դա ամենավտանգավոր եւ բարդ խնդիրն է: Նա հաղթահարել է այդ փուլը: Հետազոտություններ են արվելու, որպեսզի հստակեցվի՝ արդյո՞ք կերակրափողի այրվածքներ դեռ կան, թե ոչ»,-ասաց Կուրղինյանը:

Տղամարդու հետ կատարվածի մասին չեն խոսել, սակայն ասել են, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:  «Հենց առաջին օրն ասացինք, որ բացասական է պատասխանը, չունի կորոնավիրուս: Շատ ուրախացավ, հանգստացավ: Այս պահի նրա հոգեկան խաղաղությունը հենց դրանից էլ գալիս է, շատ է հանգստացել»,- ասաց Աշոտ Կուրղինյանը:

Հիշեցնենք՝ ներկա պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժվող գյումրեցին քացախաթթվի էսենցիան խմել էր՝ մտածելով որ վարակված է կորոնավիրուսով: Դեպքը տեղի էր ունեցել նրա՝ ՌԴ-ից վերադառնալու եւ ինքնամեկուսանալու 13-րդ օրը, երբ նա վատ ինքնազգացողություն էր ունեցել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել