armtimes.com: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է Հայաստանում ֆուտբոլի վերսկսման ժամկետները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Նա նշեց, որ իրենք նամակով դիմել են ՀՀ պարետին՝ առաջարկելով արտակարգ դրության պայմաններում որոշակի սահմանափակումների վերացումից հետո վերսկսել մարզումները: Մելիքբեկյանը նաեւ նշեց, որ շրջանում ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն մշտական աշխատանքեր են տանում, որպեսզի թե՛ իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերը եւ թե՛ ազգային առաջնությունները հնարավորինս քիչ կորուստներ կրեն: Այս առումով ՀՖՖ-ն էլ մշտապես կապի մեջ է միջազգային կազմակերպությունների ու հայկական ակումբների հետ եւ արդեն պատկերացումներ ունի, թե ինչ կարող է անել, երբ ֆուտբոլը երկրում վերսկսելու հնարավորություն ստեղծվի:
- ՀՖՖ-ն պարբերաբար՝ գրեթե ամենօրյա կտրվածքով, հեռախոսազրույցներ է ունենում ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ, ինչի ընթացքում քննարկվում են առաջին հերթին գալիք 2-3 ամիսներին գործունեություն ծավալելու հեռանկարները: Բացի այդ՝ ես անձամբ շփվում եմ գրեթե բոլոր ակումբների ղեկավարների հետ: Այս պահին ՀՖՖ-ն արդեն վերջնական պատրաստ ունի առաջնության վերսկսման 2-3 սցենար, որոնք վերջնական քննարկման փուլում են նախ՝ ներսում, ապա՝ այդ մասին պետք է տեղակացնենք գործկոմին ու քննարկում անցկացնենք գործկոմում: Նաեւ, իհարկե, մեր մտադրությունների մասին կտեղեկացնենք ՈւԵՖԱ-ի մեր գործընկերներին: Արդեն վերջնական փուլում ենք, մեր առաջնային նպատակն է վերսկսել որքան հնարավոր է շուտ՝ իհարկե հաշվի առնելով նաեւ Հայաստանում առկա արտակարգ դրությունը: Մենք շատ ենք ուզում դա անել, ավարտել առաջնությունը մինչեւ հունիսի 30-ը, որպեսզի նոր առաջնությունն սկսվի իր նորմալ հունով:
- Սցենարներն ինչպիսի՞ն են:
- Սցենարները ժամկետների հետ են կապված: Տարբեր սցենարներ ունենք: Շուտով հուսամ, որ այդ քննարկումներն անցկացնելուց հետո, սկզբում գործկոմում, ակումբներից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալուց հետո… որովհետեւ արդեն 1 անգամ մարտի վերջին դիմել ենք ակումբներին եւ մանրամասն տեղեկություններ ենք ստացել, թե յուրաքանչյուր ակումբից որքան լեգենոներ են Հայաստանում, որքանը՝ դրսում: Այդ տեղեկատվությունը վերլուծել ենք, եւս մեկ անգամ ակումբների հետ կշփվենք այս շաբաթվա վերջին եւ արդեն մեր վերջնական որոշումները կկայացնենք նաեւ կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո:
- Իշխանությունների հետ ի՞նչ քննարկումներ են տեղի ունենում:
- Այսօր քիչ առաջ նամակ ենք հղել ՀՀ պարետին, որում առաջարկ ենք ներկայացրել արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների որոշ մասի վերացումից հետո մարզումների վերսկման վերաբերյալ: Գալիք օրերին մեր առաջարկը կքննարկեն:
- Ակումբների մասին ի՞նչ կասեք:
- Իհարկե, խոսվում է այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն կարող են ակումբներին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրել: Առայժմ դա խոսակցությունների փուլում է, բայց մենք այդ հարցով եւս շփվում ենք մեր ֆուտբոլային միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ եւ հստակություն լինելու դեպքում հանրությանն ու ակումբներին կտեղեկացնենք:
- Ի՞նչ տեղեկություն ունեք՝ ֆուտբոլիստներն աշխատավարձերի խնդիր ունե՞ն: Տարբեր երկրներում կրճատում են ֆուտբոլիստների աշխատավարձերը, Հայաստանում նման երեւույթ կա՞:
- ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին խորհրդատվական ուղեցույց է ուղարկել, որում նշված է՝ այս ընթացքում, երբ երկրներում գործում է արտակարգ դրություն, ակումբները կարող են հիմնվել ազգային օրենսդրության պահանջների վրա: Այդ մասին գործկոմում տեղեկացրել ենք եւ ակումբներին ուղարկել ենք ՖԻՖԱ-ի ուղեցույցը: Ակումբները, ըստ դրա, կարող են գործել:
- Իսկ ակումբներն աշխատավարձ կրճատո՞ւմ են, թե՞ ոչ, խաղացողները համաձա՞յն են, թե՞ ոչ:
- Նախնական քննարկում ունեցել ենք գործկոմում, գիտեմ, որ, այո՛, բոլոր ակումբները նախատեսում էին որոշակիորեն այս ընթացքում աշխատավարձերը կրճատել, եւ հասկանալի է, որ դա բնական գործընթաց է: Տեղեկություններ չունեմ ֆուտբոլիստների դժգոհության մասին: Կարծում եմ՝ ֆուտբոլային աշխարհում բոլորն էլ հասկանում են ստեղծված իրավիճակը. ե՛ւ միջազգային ֆուտբոլային կազմակերպությունները, ե՛ւ ազգային ֆեդերացիաները, ե՛ւ ակումբները մեծ կորուստներ են կրում, դա վերաբերում է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը մեծ կորուստներ է կրել հենց ֆուտբոլային գործունեության բացակայության պատճառով, եւ հիմա խնդիրն է, որ գոնե կարողանանք պահպանման ռեժիմով ապրել եւ դիմակայել փորձությանը: Հասկանալի է, որ ֆուտբոլի տնտեսական կորուստները բավական մեծ են այս ընթացքաում:
- Ե՞րբ է պետք է վերսկսել հայկական ֆուտբոլը, որպեսզի հունիսի 30-ին ավարտված լինի, քանի որ պետք է նաեւ ուսումնամարզական կարճ հավանքեր լինեն, այնպես չէ՞:
- Հիմա չեմ կարող պատասխանել, քանի որ քննարկում ենք անում, բայց, բնականաբար, ակումբներին պետք է ժամանակ տրվի 10 օրից մինչեւ 2 շաբաթ, որպեսզի ֆուտբոլիստները գոնե որոշակի ֆիզիկական վիճակ ձեռք բերեն:
- Հնարավո՞ր է, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության ձեւաչափի փոփոխություն լինի, մանավանդ որ «Երեւանը» դուրս է մնացել:
- Այս հարցին ավելի ուշ կանդրադառնանք:
- «Փյունիկի» հետ կապված ի՞նչ իրավիճակ է: Վերջերս աղմուկ եղավ, որ ուզում է դուրս գալ առաջնությունից, հետո իրենք հերքեցին:
- Ես խոսել եմ «Փյունիկի» սեփականատիրոջ հետ (խմբ. Արթուր Սողոմոնյան): Նա բացարձակապես ոչինչ չի ասել առաջնությունից դուրս գալու մասին: Հեռանկարում նման բան չկա:
- ՀՖՖ-ում հիմա ո՞ր աշխատանքներն են ընթացքի մեջ: Ինչպե՞ս եք աշխատում:
- ՀՖՖ-ում հիմնականում հեռավար են աշխատում, բայց բոլոր անհրաժեշտ աշխատանքները, բացառությամբ մեր մարզումների եւ հավաքների, որոնք սովորաբար տարբեր տարիքային ազգային հավաքականներն անցկացնում են: Բոլոր աշխատանքները, որոնք հեռավար կեպրով հնարավոր է կազմակերպել, կազմակերպում ենք՝ սկսած ծրագրեր գրելուց, վերջացրած այլ տիպի աշխատանքներով՝ կանոնակարգերի վրա աշխատանք եւ այլն:
- Ի՞նչ են անում իսպանացի մասնագետները՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու ՀՖՖ սպորտային տնօրեն Խինես Մելենդեսը: Վերջինիս աշխատանքը մշտապես խոշորացույցի տակ է:
- Հայաստանում չեն, բայց շարունակական ռեժիմով աշխատում են: Կապառոսի մասին գիտեք (խմբ. հարցազրույցում հայտնել է, որ ուսումնասիրում է ՀՀ հավաքականը): Մելենդեսը եւ մեր մյուս մասնագետները մշտական աշխատանքի մեջ են, շարունակում են ծրագրերի վրա աշխատել՝ մարզչական կրթության, հիմա նաեւ ֆիզպատրաստության ազգային ծրագիր են գրում, աշխատում ենք մեր ֆուտբոլիստների տվյալների բազայի վրա, պլանային աշխատանքները կատարվում են, մշտական քննարկումների մեջ ենք: Այդ աշխատանքները հնարավոր է հեռավար կարգով կազմակերպել, ինչն էլ արվում է:
Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
comment.count (0)