Չինաստանում պատասխանել են կորոնավիրուսի արհեստական ծագման մասին ենթադրությանը
 |news.am|
13:15 - 19 ապրիլի, 2020

Չինաստանում պատասխանել են կորոնավիրուսի արհեստական ծագման մասին ենթադրությանը |news.am|

news.am: Մարդկությունը դեռեւս չունի համապատասխան գիտելիքներ վիրուսն արհեստականորեն ստեղծելու համար, որն իր բնութագրիչներով նման կլիներ նոր տիպի կորոնավիրուսին։ Այդ մասին շաբաթ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազարույցում հայտարարել է Ուհան քաղաքում Չինաստանի Գիտությունների ակադեմիայի եւ Ուհանի վարակաբանության ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ելնելով վարակաբանության շուրջ իմ ընկալումներից՝ եթե խոսենք այդպիսի վիրուսի արհեստական սինթեզավորման մասին, ապա այժմ չկան որեւէ վկայություններ, որոնք մատնանշում են, որ վիրուսն արհեստականորեսն սինթեզված է»,-նշել է նա հրապարակված հարցազրույցի ընթացքում։

«Որոշ մասնագետներ համարում են, որ եթե այդպիսի վիրուսն արհեստականորեն սինթեզված է, ապա այդ գիտնականներն իրենց գիտելիքներով կգերազանցեին սովորական մարդկանց։ Իսկ նրանց կատարած աշխատանքի ծավալը կգերազանցեր ամբողջ մարդկության հնարավորությունները։ Այդ պատճառով ես երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն տիրապետում է բավարար գիտելիքների, որպեսզի սինթեզեր այդպիսի վիրուսը»,-հավելել է մասնագետը։

Յուան Չժիմինը նշել է, որ լիովին վստահ է, որ իր լաբորատորիայում չէր կարող տեղի ունենալ ինչ-որ դեպք, որը թույլ կտար վարակի հարուցիչներին տարածվել։ Սակայն, ըստ նրա, այդպիսի ասեկոսեները դեռեւս երկար կմնան տեղեկատվական դաշտում։ «Փաստորեն, որպես վիրուսների հետ աշխատող մարդիկ, մենք հստակ գիտենք, թե վիրուսների շուրջ որ հետազոտություններն են անցկացվում մեր ինստիտուտում եւ ինչպես է ինստիտուտը վարվում նմուշների հետ։ Ինչպես մենք արդեն հայտարարել ենք, այդ վիրուսը ոչ մի դեպքում չէր կարող դուրս գալ մեր լաբորատորիայից։ Մենք ունենք կառավարման խիստ համակարգ, կան հետազոտությունների անցկացման կարգեր եւ այլ կանոններ, այդ իսկ պատճառով մենք լիովին վստահ ենք դրանում»,-նշել է նա։

«Ինչո՞ւ են տարածվում այդ ասեկոսեները։ Մի կողմից քանի որ Վարակաբանության ինստիտուտն ու BSL-4 լաբորատորիան տեղակայված են Ուհանում, այլ անձանց մոտ առաջանում են ասոցիացիաներ, որոնց դեմ, ենթադրում եմ, կարիք չկա պայքարել։ Սակայն պետք է պայքարել, երբ մարդիկ միտումնավոր փորձում են մոլորության մեջ գցել բոլորին»,-հավելել է գիտնականը։

Նա նաեւ նշել է, որ Ուհանի լաբորատորիայում կենսաբանական անվտանգություն ապահովման բարձր մակարդակը նաեւ լայնորեն ճանաչվել է արտերկրյա մասնագետների կողմից։

Ուհանի վարակաբանության ինստիտուտի կազմում է Չինաստանում միակ լաբորատորիան, որը վկայագրված է BSL-4 չափորոշչով, որը համարվում է կենսաբանական անվտանգության բարձրագույն մակարդակը։ Դա թույլ է տալիս լաբորատորիայի աշխատակիցներին ուսումնասիրել աշխարհում առավել վտանգավոր հիվանդությունների հարուցիչները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել