«Իմ քայլը» ակնկալում է, որ կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկվածներ կլինեն արտահոսքի համար |lragir.am|
12:22 - 20 ապրիլի, 2020

«Իմ քայլը» ակնկալում է, որ կարճ ժամանակում պատասխանատվության ենթարկվածներ կլինեն արտահոսքի համար |lragir.am|

lragir.am: ««Իմ քայլը» խմբակցության համար անընդունելի է այն, ինչ տեղի է ունեցել: Եվ մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ արված կադրերի արտահոսքին:

Նա նշեց, որ տարբեր մեկնաբանություններ կարող են հնչել տեղի ունեցածի հետ կապված:

«Կարող են հնչել մեկնաբանություններ ոչ պրոֆեսիանալիզմի, անփութության կամ նույնիսկ դիտավորության տեսանկյունից, մեզ համար սա առաջին հերթին տեղեկատվական անվտանգության խնդիր է: Եվ այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, աշխատակազմի կամ գործընկերների հետ շփվելիս կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, և դա լիներ կարևորոգույն խնդիր զուտ անվտանգության տեսակետից: Հետևաբար, մենք առաջին հերթին հարցը դիտարկում ենք հենց այդ կտրվածքով և ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում այդ ամենն ունենալու է հետևանքներ: Այն անձինք, ովքեր պատասխանատու են կատարվածի հետ կապված, նրանք նույնպես կկրեն պատասխանատվություն»,- ասաց Մակունցը:

Նրա խոսքով՝ եթե կարճ ժամանակահատվածում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլ նաև զբաղվեն պատասխանատվության հարցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել