Երեկոյան հայերին խնդրել են դուրս գալ «Դոմոդեդովո» օդանավակայանից և վերադառնալ, երբ թռիչք լինի |hetq.am|
12:12 - 21 ապրիլի, 2020

Երեկոյան հայերին խնդրել են դուրս գալ «Դոմոդեդովո» օդանավակայանից և վերադառնալ, երբ թռիչք լինի |hetq.am|

hetq.am: Երեկ երեկոյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից խնդրել են դուրս գալ այնտեղ օրեր շարունակ գիշերած տասնյակ հայերի։ Նրանցից Արայիկ Եղիազարյանը պատմեց, որ ժամ 19:00-ի սահմաններում իրենց են մոտեցել օդանավակայանի անվտանգության աշխատակիցները և շատ հարգալից խնդրել դուրս գալ օդանավակայանի սրահից։ «Ասացին՝ գնացեք, երբ թռիչք լինի, այդ ժամանակ կգաք։ Այստեղ էլ չի կարելի մնալ»,-պատմում է Արայիկ Եղիազարյանը։

Սրահում գտնվող մոտ 100 հայեր դուրս են եկել, իրենց հետ դուրս հանելով նաև իրերը։ «Կազմակերպվեցինք, ով բարեկամ կամ ընկեր ունի, կարող է մի քանի հոգի իր հետ տանել, պահել, բաժանեցինք մարդկանց մեջ։ Հիմա խնդիր չկա, բոլորս լավ ենք։ Մենք էլի շնորհակալ ենք օդանավակայանից, այդքան մեզ դիմացան»,-ասում է նա։

Արայիկը պատմեց, որ երեկ խոսել են նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Դեսպանը օդանավակայանում հավաքված հայերին վստահեցրել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայից հատուկ չվերթ է լինելու դեպի Հայաստան։

Օդանավակայանում մնացածներից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։

Երեկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը  հայտնել էր, որ մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան։ Սակայն թե հստակ որ օրն է լինելու հատուկ չվերթը, դեռևս հայտնի չէ։ Ըստ նրա՝ այժմ թռիչքի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։

Մեկ շաբաթից ավելի է` մի քանի տասնյակ հայեր գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սպասելով դեպի Հայաստան հատուկ չվերթին։ Նրանք հրաժարվում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հատկացրած հյուրանոցից և սննդից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել