Հեռավար ուսուցումը ավելի տեսանելի դարձրեց հասարակության մեջ առկա սոցիալական անհավասարությունը․ Սերոբ Խաչատրյան
19:22 - 25 ապրիլի, 2020

Հեռավար ուսուցումը ավելի տեսանելի դարձրեց հասարակության մեջ առկա սոցիալական անհավասարությունը․ Սերոբ Խաչատրյան

Արտակարգ դրության ընթացում առաջացած կրթական խնդիրների մասին infocom.am-ը զրուցել է կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ 

- Պարոն Խաչատրյան, արտակարգ դրության ընթացքում դասապրոցեսը տեղափոխվեց օնլայն հարթակ։ Ի՞նչ խնդիրների բախվեց կրթական ոլորտը այս առումով։

-Ընդհանրապես մենք պետք է փաստենք, որ պատրաստ չէինք հեռավար ուսուցման։ Հատկապես մեր նման երկրները ունեն բավական սուր խնդիր՝ կապված տեխնիկայ, ենթակառուցվածքների հետ․ մարդիկ ՝ և՛ուսուցիչները, և՛ աշակերտները տներում չունեն բավարար տեխնիկական սարքեր և որակով ինտերնետ, որպեսզի այդ ուսուցումն արդյունավետ կազմակերպվի։ Առաջին խնդիրը այն է, որ աշակերտների մոտ 20 տոկոսը չունեն տեխնիկական սարքեր։ Սրան ես նաև կավելացնեի այն մարդկանց, որոնք այդ սարքերը ունեն, բայց դրանք հին են, մաշված են և օգտագործման տեսանկյունից պիտանի չեն։

Հեռավար ուսուցումը շատ ավելի տեսանելի դարձրեց մեր հասարակության մեջ առկա սոցիալական անհավասարությունները։ Այն խավը, որը չուներ այդ հնարավորությունները, այդ տեխնիկան, միանգամից դուրս շպրտվեց։ Եթե նախկինում այդ ընտանիքի երեխաները գնում էին դպրոց՝ նույն դասարանն էր, նույն գրադարանը և այլն, հիմա իրենք ընդհանրապես դուրս մնացին։ Սա ավելի ցցուն է դարձնում այդ ընտանիքների տարբերությունը։ Այն  ընտանիքները, որոնք ունեն տեխնիկական սարք, բայց  երեխաները պետք է ստիպված իրար մեջ կիսեն այդ սարքը։  Այն ընտանիքները, որտեղ ծնողները ունեն կրթական ավելի բարձր ցենզ, հնարավորություն ունեն երեխաներին օգնելու։

Մյուս հարցը կապված է մեր ուսուցիչների և դասախոսների թվային գրագիտության հետ․ որքանով են իրենք տիրապետում հեռավար դասավանդման տեխնիկային։ Այս իմաստով իրավիճակը շատ ծանր է, որովհետև գուցե մենք ունեինք մի քանի հարյուր մանկավարժ, որոնք լավ տիրապետում էին այդ հմտություններին, բայց ճնշող մեծամասնությունը  այս իրավիճակին պատրաստ չէր, որովհետև մեծ մասամբ ուսուցիչները համակարգչից օգտվում են էլէկտրոնային մատյաններ լրացնելու համար, երբեմն ոմանք պրեզենտացիաներ են պատրաստել կամ վիդեոներ։ Թվային  մյուս գործիքներին ճնշող մեծամասնությունը չի տիրապետում։ Իհարկե, այս ընթացքում ոմանք սովորեցին, բայց գիտենք, որ դա այն չէ, ինչ պետք է, որովհետև տևական վերապատրաստումներ և ժամանակ է պետք։

Քանի որ այդ հմտությունները չկային, ուսուցիչները  ֆիզիկական դասը փորձեցին տեղափոխել արցանց հարթակ, այսինքն ինչպես դպրոցում էր տեղի ունեում՝ ենթադրենք՝ «Բարև ձեզ, հիմա ես ձեզ հարցեր կտամ, նոր դաս կբացատրեմ» և այլն։ Նույն ձևով ամեն ինչ տեղափոխվեց օնլայն հարթակ, ինչը սխալ է։ Այն դասը, որն անց է կացվում դասարանում, չի կարելի ճիշտ նույնությամբ կրկնել օնլայն հարթակում, այն պարզ պատճառով, որ այստեղ երեխաները ավելի շուտ են հոգնում, ավելի դժվար է կենտրոնանալ, ուսուցիչն ավելի դժվարությամբ է կարողանում դասն անցկացնել։

- Արդյո՞ք հեռավար կրթությունը կարող ենք արդյունավետ համարել։ 

-Մեկ այլ խնդիր է այն, որ հեռավար կրթությունը չի կարող լինել արդյունավետ՝ որպես կրթության միակ  և զանգվածային ձև։ Հեռավար կրթությունը մինչև վերջերս նախատեսված է եղել մարդկանց փոքր խմբի համար՝ կամընտրական ձևով։ Դասերն անցկացվում էին պրոֆեսիոնալ հարթակներում, այսինքն` ընտրվել են լավագույն ուսուցիչները, լավագույն մասնագետները և լավագույն գործիքները։ Հիմա, երբ դա դառնում է կրթության զանգվածային, մասսայական և միակ ձևը, այդ համակարգը նախատեսված չէ զանգվածային կրթության համար։ Հեռավար կրթությունը շատ լավ է, եթե այն լրացնում է սովորական կրթությանը, բայց հիմա մենք սովորական կրթությունը փոխարինում ենք հեռավարով,  ինչը չի կարող երբեք արդյունավետ լինել։ Դրա համար այս իրավիճակում շատ մեծ ակնկալիքներ ունենալ չենք կարող։ Իհարկե, ցավալի կլինի, եթե այս իրավիճակը շարունակվի նաև նոր ուսումնական տարում։ Դա արդեն շատ մեծ խնդիրներ կարող է առաջ բերել։

Մյուս խնդիրն այն է, որ հեռավար կրթությունը պահանջում է ինքնուրույն աշխատող սովորողներ։ Այսինքն՝ հեռավար կրթության ժամանակ մեծ ծավալի ինքնուրույն աշխատանք պետք է կատարեն սովորողները, քանի որ ուսուցիչը արդեն շատ հեռու է։ Այստեղ էլ խնդիրն այն է, որ աշակերտների մեծ մասը սովոր չեն ինքնուրույն աշխատելու․ լավ գիտենք, որ  հատկապես Երևանում և խոշոր քաղաքներում ծնողները դասապաատրաստողներ էին վերցնում, որպեսզի երեխաների տնայիններն անեն։ Սա նշանակում է, որ երեխաները ինքնուրույն չեն սովորում։ Պրակտիկան ցույց է տալիս, որ հեռավար կրթությունը Հայաստանում շատ խնդիրներ ունի։

- Ինչպե՞ս եք գնահատում ԿԳՄՍ նախարարության կատարած աշխատանքը, ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում։ 

-Ինչ վերաբերում է նախարարության կատարած աշխատանքին, ապա ես կուզենայի, որ այն փոքր հնարավորությունները, որ մենք օգտագործում ենք հանրային հեռուստաընկերությունով, ավելի խելամիտ օգտագործեինք։ Ես կուզենայի, որ հանրայինով հեռարձակվող դասերը լինեին կրտսեր դպրոցի համար, որովհետև  հենց այս տարիքի երեխաները չպետք է կրթությունից դուրս մնան։ Եթե հանրայինով հեռարձակվի բացառապես կրտսեր դպրոցի դասեր, դա նշանակում է, որ շատ մեծ հասանելություն կունենանք։ Այն երեխաները, որոնք կրտսեր դպրոցում են սովորում և համակարգիչ չունենալու պատճառով դուրս են մնում, հնարավորություն կունենան  գոնե հանրայինի միջոցով կրթություն ստանալու։ Ես հիմա շատ հախուռն եմ տեսնում այս պրոցեսը, ինչ-որ դասերն են անում, որոնք օրինակ պետք է աշնանը անցնեին։ Համակարգված չի աշխատանքները։

Շատ կուզենայի, որ դիմորդներին ինչ-որ աջակցություն ցուցաբերվի։ Ամենասթրեսային վիճակում հենց դիմորդներն են։ Դեռ պարզ չէ, թե արդյոք ընդունելության քննությունները հետձգվում են, թե ոչ, ինչ ձևով են անցկացվելու։ Ենթադրենք` կա դիմորդ, որը չունի տեխնիկական միջոցներ ու դուրս է մնացել այս պրոցեսից, այս դիմորդին մենք ոնց ենք օգնում։ Ես կուզեի, որ հանրայինով ցուցադրեն նաև դիմորդներին աջակցող թեմաներ, հատկապես այն առարկաներից, որոնք մի փոքր ավելի բարդ են։

-Պարոն Խաչատրյան, Ձեր խոսքում անդրադարձաք ավարտական և ընդունելության քննություններին։ Ձեր կարծիքով ավելի արդյունավետ է հետաձգե՞լ այդ պրոցեսը, թե անցկացնել առցանց տարբերակով։ Առցանց տարբերակով քննությունների անցկացումը որքանո՞վ է արդյունավետ։

-Իհարկե, շատ երկրներ փորձեցին դպրոցական թվանշաններով դա անել, բայց Հայաստանի պարագայում դա մի փոքր չի աշխատի։ Մենք այստեղ մի խնդիր էլ ունենք, դա զորակոչի հարցն է։ Մեր տղաներն ավարտում են և հաշված օրեր հետո գնում են բանակ։ Մեզ մոտ զորակոչը հունիս-հուլիս ամիսներին է տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ մի փոքր կարելի է հետաձգել՝ մինչև հուլիս։

Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք քննություններն անցկացնել օնլայն։ Ի՞նչ կարող ենք անել, եթե, օրինակ, ինտերնետն անջատվի, ո՞նց ենք իմանում՝ աշակերտն է նստած համակարգչի դիմաց, թե՞  ուսուցիչ է կամ այլ մարդ։ Մեկ այլ տարբերակ է, որ ստեղծվեն ինչ-որ կենտրոններ, որտեղ հնարավոր լինի ինչ-որ  ֆիզիկական հեռավորություն պահելով  համակարգչային կամ գրավոր ձևով անցկացնել։ Այն տեսակետը, որ ընդունենք բոլորին և հետո որոշենք, թե ովքեր են մնում սովորելու, խնդրահարույց է, որովհետև նախ կա անվճար և վճարովի ուսուցման հարցը, կան ուսանողներ, որոնք ուզում են միանգամից անվճար անցնել։ Եթե բոլորին դարձնենք վճարովի, դա կարող է սոցիալական խնդիրներ առաջացնել։ Մնացած քննությունների հարցը շատ հեշտ  կարելի է լուծել՝ 4-րդ դասարանի քննությունը, ավարտական քննությունները, կարելի է կա՛մ հետաձգել, կա՛մ անցկացնել օնլայն։

-Կառավարության և նախարարության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերը որքանո՞վ են բավարար։

-Վերջին ինֆորմացիան, որ նախարարությունը տվեց այն էր, որ ավելի քան 20․000 տեխնիկական միջոցների անհրաժեշտություն կար, բայց հավաքվել էր մի քանի հարյուր։ Շատ երկրներ ավելի արմատական փոփոխությունների գնացին և պետական բյուջեից նոր համակարգիչներ տվեցին այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեին։ Որքան ես հասկանում եմ, դա մեր բյուջեր համար մի փոքր բարդ է։ Մենք մեկ այլ խնդիր ունենք․ հատկապես բարձր դասարաններում ունենք աշակերտներ, որոնք առանձնապես չեն էլ ուզում այդ սարքերը ունենալ։ Ուսանողներին տրամադրվող օգնության վերաբերյալ կարող եմ ասել, որ առաջին հայացքից էլ պարզ է, որ պետք է օգնել ուսանողներին։ Այս երկու ամսում ամեն ինչ այնպես լղոզվեց, որ շատ դժվար է որոշել, թե ով դարձավ կարիքավոր, ով չդարձավ։ Պատկերացնենք, որ կա ուսանող, որը մինչև այս ամենը աշխատում էր, բայց հիմա չի աշխատում, ուսանողի ծնողները նույնպես չեն աշխատում, և իր եկամուտները շեշտակի նվազեցին։ Կարող է լինել ուսանող, որն իր եկամուտները չկորցրեց։ Այնքան մեծ փոփոխություններ եղան, որ եթե նախարարությունը շեշտը դներ սոցիալական խնդրին, պետք է հսկայական փաստաթղթային աշխատանք կատարվեր։  Դրա համար նախարարությունը վերցրեց այնպիսի չափանիշ, որը ցանկացած բուհ կարող է համակարգչով տեսնել։ Իհարկե, շատ ցանկալի է, որ այդ աջակցությունն ավելին լիներ, բայց այդ ամենը կառավարությունն է որոշում, և մենք  չենք կարող ավելի մեծ տոկոսներ առաջարկել։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել