Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28.04․20 (թարմացվող)
23:53 - 28 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28.04․20 (թարմացվող)

21։57- Վաղվանից «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը՝ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]


21։49- Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպորտը կշարունակի չգործել։ Կարծում եմ, այդ հարցին կարող ենք անդրադառնալ մայիս ամսվա կեսերից։ Հասկանում եմ, որ սա ամենամեծ խնդիրներ ստեղծող սահմանափակումներից մեկն է և հայցում եմ մեր բոլոր հայրենակիցների ներողամտությունը։ Այնուամենայնիվ, քանի որ տրանսպորտի ոլորտում միաժամանակ վարակի տարածման ռիսկը շատ է մեծանում, այդ իսկ պատճառով տրանսպորտի սահմանափակումները կհանվեն մայիսի կեսերին՝ ամենավերջին փուլի ժամանակ։ [Տիգրան Ավինյան] |armenpress.am|


20։31- Հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԳԴՀ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Նրանք անդրադարձան կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին և վերջինիս դեմ պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում իրականացվող ծրագրերին: Մնացականյանն արժևորեց գերմանական կողմի նախաձեռնությունը՝ սատարելու Հայաստանի հետ փորձի փոխանակմամբ:


20։06- ԱՀ Պարետի 2020թ. ապրիլի 28-ի N 5 որոշմամբ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


19։54- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Կողմերը գոհունակություն են հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը:


18։59- ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները միասին, ապրիլի 27-ի դրությամբ, վարկային արձակուրդ են տրամադրել կամ այլ կերպ վերանայել են մոտ 470 հազ. ֆիզիկական անձանց 758,325 վարկ՝ 26.5 մլրդ դրամի չափով, և  14.6 հազ. իրավաբանական անձանց 16,356 վարկ՝ 48.3 մլրդ դրամի չափով:

 Առևտրային բանկերի տվյալների համաձայն՝  միայն բանկերը  ֆիզիկական անձանց մասով վերանայել են 698,302 վարկ՝ 21.7 մլրդ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց մասով՝ 12,788 վարկ՝ 46.7 մլրդ դրամի չափով։ [Հայաստանի բանկերի միություն]


18։21- Պարետի որոշմամբ Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվում է մինչեւ 2020 թվականի մայիսի 3-ը` ժամը 23:59-ը։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]


18։10- Կիևից հատուկ չվերթով Հայաստան կվերադառնա ՀՀ 144 քաղաքացի: Այս մասին հայտնում է AnalitikaUa.net-ը: Կիև-Երևան-Կիև չվերթով Ուկրաինա կվերադառնան նաև Հայաստանում գտնվող Ուկրաինայի 160 քաղաքացիները: Երևան ժամանող ՀՀ քաղաքացիները 14 օր կգտնվեն մեկուսացման մեջ:

Սա ուկրաինական SkyUp ավիաընկերության երկրորդ չարտերային թռիչքն է: Առաջին թռիչքը կայացել է մարտի 25-ին, որի շնորհիվ Հայաստան է վերադարձել 62, իսկ Ուկրաինա մեկնել՝ 92 ուղևոր:


15։54- Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված ուղեցույցը http://moh.am/images/legal-490.pdf:
Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060-80-80-03/2302, 2303): [Առողջապահության նախարարություն]


15։02- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 63: Վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ եւ Սեւան համայնքներից են: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]


14։06- Ամառային զորակոչին ընդառաջ՝ Պաշտպանության Բանակի և առողջապահության նախարարության համատեղ ուժերով մեկնարկել է պարտադիր զինվորական ծառայության նախապատրաստվող քաղաքացիների բժշկական հետազոտման գործընթացը: Հետևելով համավարակի կանխարգելման կանոններին՝ այս անգամ փոփոխություններ են մտցվել կազմակերպչական  աշխատանքներում: [Արցախի տեղեկատվական շտաբ]


13։36- Երբ մենք ասել ենք՝ մի վճարեք կոմունալները, նկատի ենք ունեցել փոքր ժամանակահատված: Այժմյան հաշվարկներով՝ մինչեւ հաջորդ տարվա մարտ առնվազն մեր երկիրը գտնվելու է տնտեսական ճգնաժամի մեջ: Եթե մենք ասենք՝ մի վճարեք կոմունալները մինչեւ մարտ, կնշանակի՝ երկիրը կանգնեցնել էներգետիկ ճգնաժամի առաջ: [Նիկոլ Փաշինյանը՝  կոմունալ ճգնաժամի մասին] |armtimes.com|

 

13։27- Հայաստանում գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամը ազատ միջոց չէ, և, հետևաբար, կառավարությունը չունի այդքան ազատ միջոցներ: Այս մասին վստահեցրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին: Թունյանը նշեց՝ իր գործընկերները կարծում են, թե կառավարությունը մոտ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ ունի, և այդ գումարից մոտ 100 մլրդ դրամը կարելի է բաժանել տարբեր ընտանիքների: 
|armenpress.am|

 

13։24-  Ապրիլի 27-ին ոստիկանության պետ Արման Սարգսյանը տեսակապով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Տիկին դեսպանը խոսեց նաև համավարակի դեմ պայքարում հայ բժիշկների ու ոստիկանների կարևոր առաքելության մասին և նշեց, որ տպավորված է նրանց աշխատանքով։ [ՀՀ ոստիկանություն]

 

13։15-  ՀՀ պարետի նոր որոշմամբ կթույլատրվի բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առևտրի իրականացման վայրեր և դրանցից դուրս գործող առևտրի, օբյեկտներ հաճախելը, նակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը, Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ, զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով։

 

13։00-  Հիմա պարետը նոր որոշում է ստորագրում, որի արդյունքում կայացնելու ենք հետևյալ որոշումները․ հանվում է բնակության վայրից ոչ ավել, քան մեկ կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ և հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը։ Ավելի թուլացվելու է ռեժիմը, և մասնավորապես թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ հեռավորության տարածքում զբոսնել` պայմանով, որ պարետը կսահմանի ժամերը: Այս ամենի հետ պահպանվում է տեղաշարժման թերթիկ ունենալու պահանջը: [Նիկոլ Փաշինյան]

 

12։48- Այս պահի դրությամբ Արմավիրի մարզում կա 138 վարակակիր, իսկ 79-ը ապաքինվել են: Անկախ այն հանգամանքից, որ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին։ [Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան]

 

12։46- Կառավարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել 2020 թ․ պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, ըստ էության, նախատեսվում է համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ: |armenpress.am|

 

12։29- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]

 

11:42- ԱՀ պարետի որոշմամբ հանվել են անձանց ազատ տեղաշարժի իրավունքի ժամանակավոր սահմանափակումները Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքներում: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

11:03- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

11:01- Թարմացվել է 28.04.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1867 (+ 59)
Առողջացածներ - 866 (+18)
Փաստացի բուժվողներ - 971
Ընդհանուր թեստեր - 19296
Մահվան ելքեր - 30 (+ 1) [ԱՆ]

 

09։21- Այս ընթացքում 5-րդ միջոցառման շահառու է հանդիսացել 14 հազար 872 կազմակերպություն։ ՊԵԿ-ն այդ բոլոր կազմակերպություններին ծանուցումներ է ուղարկել, որ իրենք հանդիսանում են շահառու։ Նրանցից 10 հազար 134-ն արդեն դիմում են ներկայացրել փոխհատուցում ստանալու հայտով, եւ ՊԵԿ-ը արդեն վճարման հանձնագրեր է կազմել, որի չափը կազմում է 1 մլրդ 623 մլն դրամ։ [ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան] |armtimes.com|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․04․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27.04․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել