23:20- Նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է՝ բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել են: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]
22:25- Հայտում ենք, որ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։
Ինչպես շինարարական, այնպես էլ հարակից ոլորտներում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, խմբի պարագայում՝ անդամների թիվը, մասնագիտացումը (օր․՝ ճանապարհային շինարարություն), հետադարձ կապի ապահովման համար հեռախոսահամարը։
Միևնույն ժամանակ թափուր աշխատատեղեր առաջարկող գործատուները (տարաբնույթ ոլորտներում) կարող են մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]
22:15- Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է Մարտունու և Լիճքի հետևյալ տնտեսվարողների գործունեությունը։
1) «Հեղինե և Վարդան» ՍՊԸ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 53.
2) «Արամ Կարապետյան» ԱՁ՝ ք. Մարտունի, Մյասնիկյան 40,42/2, 1-ին հարկ.
3) «Արայիկ Հարությունյան» Ա/Ձ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնք, Ա-10 թաղամաս, 1/26:
20:05- «Արմենիա» ավիաընկերությունը ծրագրում է մայիսի 17-ին իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով:
Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար անհրաժեշտ է հայտը ներկայացնել [email protected] կամ [email protected] հասցեներին կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող քաղաքացիները, իսկ ՀՀ կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները: Բոլոր այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեն ձեռք բերված ավիատոմսեր մարտի և ապրիլի համար, կարող են փոխարինել իրենց տոմսերը հիշյալ չվերթի տոմսերով առանց հավելյալ տուգանքի։ Ավիատոմսերի վաճառքը կիրականացվի բացառապես ավիաընկերության պաշտոնական կայքում:
19:05- Արտաշատի բժշկական կենտրոնը, վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի, մարտի 31-ից սկսել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը:
Անցած 27 օրերի ընթացքում ապաքինվել և կենտրոնից դուրս են գրվել 106 պացիենտներ, որոնցից 8-ը մանկահասակ երեխաներ են, 2-ը՝ 70 տարեկանից բարձր մեծահասակներ: Պացիենտներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ: [Արտաշատի բկ]
18:15- Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, շրջանակը պարզվում է։ Վարակվածը հիվանդանոցի օպերատորն է, որը վարակվել է իր ամուսնուց։ Հաստատված վարակակիրներ են նաեւ քաղաքացու եղբայրը եւ եղբոր կինը։ Այս պահին ԲԿ-ի աշխատակիցները թեստավորվում են, սա ոչ պաշտոնական տեղեկատվություն է։ [Եղվարդի ղեկավարի տեղակալ Կարեն Հարությունյան] |news.am|
18:10- Մենք մշտական կապի մեջ ենք համայնքային կառույցների, թեմերի հետ։ Չեմ կարող ասել, թե սպառիչ տեղեկատվություն ունենք, բայց այս պահին հայ համայնքում ունենք մահացածության 4 դեպք, 5-6 հոգի բուժվել է Շվեդիայում, բուժվածների 2-3 դեպք ունենք Դանիայում, 2 դեպք՝ Նորվեգիայում և մի քանի դեպք Ֆինլանդիայում։ ՀՀ քաղաքացիների շրջանում այս պահին մահացածության դեպքեր չկան, բայց կան քաղաքացիներ, որոնք այս կամ այն ծանրությամբ վարակը հաղթահարել են։ [Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հարցազրույցը՝ «Ազատություն» ռ/կ-ին]
17:07- Պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության (մասնաճյուղի) գործունեություն՝ հիմք ընդունելով ԱԱՏՄ-ի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։ Մշտադիտարկում իրականացվել է բոլոր այն ոլորտներում, որոնցում արտակարգ դրության պայմաններում եղել է գործելու թույլտվություն։ Զննումներն առաջնահերթորեն իրականացվել են այն կազմակերպություններում, որոնցում խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով եւ մամուլի միջոցով ստացվել են ահազանգեր խախտումների վերաբերյալ։ [ԱԱՏՄ]
16:39- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդներից զատ 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։ [Շիրակի մազպետարան]
15:57- ԱՄԷ-ն 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Բժշկական օգնությունից կօգտվի ավելի քան 7 հազար բուժաշխատող։ |armenpress.am|
15:51- Կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 34 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է, նրանց մոտ վարակը չի հաստատվել: Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են: [Արցախի տեղեկատվական շտաբ]
15:37- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ բանկն ակտիվորեն շարունակելու է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության ծրագրերը, ինչպես նաև երկրում ենթակառուցվածքների, էներգետիկայի, տրանսպորտի, արտաքին առևտրի և այլ ուղղություններով մինչ ճգնաժամը նախանշված ներդրումային ծրագրերը:
14:53- Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չի գերազանցի 1,5 միլիոն դրամը, ապա նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ: [ՊԵԿ]
14:09- Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում գործող սոցիալական կենտրոնները կամավորների ցուցակներ են կազմել և ամեն պահի պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը՝ ինքնամեկուսացման ընթացքում սոցիալական խնդիրների առաջ կանգնած մարդկանց աջակցություն բաժանելու հարցում: Ցուցակն ընդգրկում է 109 կամավոր: Դրանից բացի, սոցիալական կենտրոնները սեփական նախաձեռնությամբ արդեն սկսել են սոցիալական խոցելի խմբերին անհրաժեշտ պարենամթերքի, գրենական պիտույքների և այլ անհրաժեշտ պարագաների տրամադրումը: |armenpress.am|
13:45- Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել է: Այս մասին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով երրորդ միջոցառման ընթացքը։ Փոխնախարարը նշեց, որ միջոցառման շահառուների դիմումներն ընդունելու վերջնաժամկետ սահմանված չէ։ Անդրադառնալով մերժումների պատճառներին՝ Մարգարյանն ասաց, որ դիմում են այն կազմակերպությունները, որոնք ներառված չեն մեր ծրագրում։ Մերժվում են հարկային ոչ բարվոք պատմություն ունեցող և այն շահառուները, որոնց շրջանառությունը եղել է 24 միլիոնից ցածր։ |armtimes.som|
13:39- Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով՝ ապրիլի 16-ից ծառայության շրջանային ստորաբաժանումները հանրապետության տարածքում տեղակայել են 3 շրջիկ ախտահանման հենակետեր: Այդ հատվածներում բնակավայրեր մուտք գործող և դուրս եկող բոլոր տրանսպորտային միջոցները ենթարկվում են պարտադիր ախտահանման: [Արցախ տեղեկատվական շտաբ]
13:15- Եթե նախկինում պնդում էինք, որ Աջակցման երրորդ ծրագրին դիմող յուրքանչյուր ՓՄՁ-ի անցյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է լինի ավելի փոքր, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը, ապա դիմումների արդյունքում տեսանք, որ մի շարք կազմակերպություններ այս ֆիլտրի պատճառով դուրս են մնում: Որոշեցինք սահմանել, որ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառություն չպետք է լինի ավելի, քան ամբողջ տարվա շրջանառության 70 տոկոսը։ [ Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյան] |armenpress.am|
13:11- COVID-19 ներհիվանդանոցային լաբորատոր ախտորոշումը կազմակերպված է հատուկ կարգով։ Ընդունվող պացիենտի մեկուսարան տեղափոխումից հետո, նմուշառման տարրաները տեղափոխվում են հատուկ կարգով, առանձնացված մեքենաներով։ [«Նորք» ԻԿՀ]
12:50- «Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի։ Վերջիններս չեն ցանկացել հետևել օդանավակայանում չգտնվելու վերաբերյալ դեսպանության հորդորներին և հրաժարվել են հյուրատներ ու ժամանակավոր կացարաններ տեղափոխվելու հնարավորություններից։ Որևէ քաղաքացի, այդ թվում՝ օդանավակայանում գտնվող, չի կարող օգտվել Հայաստան մեկնելու հնարավորությունից՝ խախտելով արդեն իսկ հրապարակված ցուցակների հերթականությունը։ [Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն]
12:27- Մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերության կողմից իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ: Հաշվի առնելով կորոնովարիսուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ս.թ. ապրիլի 29-ը։ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում: Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 թեժ գծի հեռախոսահամարով: [Լիբանանում Հայաստանի դեսպանություն]
12:07- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Անդրադարձ է կատարվել տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի: Նիստի արդյունքներով առաջիկայում կլինեն պարետի համապատասխան որոշումներ:
11։33- Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են դժվարություններ, ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն, Փաստաբանների պալատի հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին սոցիալական աջակցության համաի դիմում լրացնել։
11։06- ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: 0Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 81 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]
11։03- Կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից: Խոսքը ապրիլի 7-ին ԱՀ մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ: Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ: Առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են: [Արցախի տեղեկատվական շտաբ]
11։02- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]
10։52- Թարմացվել է 27.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1808 (+62)
Առողջացածներ - 848 (+15)
Փաստացի բուժվողներ - 931
Ընդհանուր թեստեր - 18547
Մահվան ելքեր - 29 (+1) [ԱՆ]
10:19- Կոտայքի մարզպետարանը ԿԳՄՍՆ-ից ստացված ևս 20 համակարգիչներ (ամբողջական լրակազմերով) տրամադրել է մեր մարզի բազմազավակ ընտանիքների՝ այդ ընտանիքներում դպրոցահասակ փոքրիկների համար հեռավար դասընթացների լիարժեք հասանելիություն ապահովելու նպատակով: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]
09։23- 9-րդ ծրագրի հարգելի՛ շահառուներ, երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի՛ անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը: Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո: [աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]
09։04- Արմավիրի մարզի Արաքս գյուղում 14 օր առաջ մեկուսացվածները կորոնավիրուսով վարակված չեն եղել: Այս մասին հայտնեց Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանը: Մեկուսացված ընտանիքն արդեն վերադարձել է գյուղ եւ անցել իր առօրյային։ |news.am|
09։01- ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօրվանից նախարարության Յութուբի դասընթացները կուղեկցվեն ժեստերի լեզվով թարգմանությամբ։
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28.04․20
comment.count (0)