Կրթության մեջ չբավարարող իրավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ չենք որոշել փոխել այն. ԿԳՄՍ փոխնախարար |civilnet.am|
14:38 - 28 ապրիլի, 2020

Կրթության մեջ չբավարարող իրավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ չենք որոշել փոխել այն. ԿԳՄՍ փոխնախարար |civilnet.am|

civilnet.am: Ես փորձում եմ տեսնել հեռավար ուսուցման դրական կողմերը, որոնք թույլ են տալիս զարգացնել կրթական համակարգը. ապրիլի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Դրական կողմերն, ըստ Անդրեասյանի, ուսուցիչների շրջանում համագործակցությունն ու համերաշխությունն են, սովորողների, ծնողների և ուսուցիչների միջև համագործակցային նոր մոդելներն են:

Անդրեասյանի համոզմամբ՝ մենք ենք ընտրում, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել․ «Չեմ ասում դնենք վարդագույն ակնոցներ, ես ասում եմ յուրաքանչյուր գործընթաց դիտարկենք իբրև հնարավորություն դրական փոփոխությունների, որոնց ուզում ենք տանել մեր կրթական համակարգը»։

Փոխնախարարը նկատեց, որ ոչ ոք գոհ չէ դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում տիրող ընդհանուր իրավիճակից, որը կար նաև մինչև արտակարգ դրությունը, և այնպես չէ, որ բոլորը կարծում են՝ դպրոցներից, համալսարաններից դուրս են գալիս իդեալական շրջանավարտներ: Նրա խոսքով՝ կրթության մեջ չբավարարող իրավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ չկա որոշում փոխել այն:

Հարցին, թե ինչով է պայմանավորված աշակերտների կիսամյակային գնահատականների համար մինչև մարտի 13-ը ստացած գնահատականների հաշվի առնումը՝ փոխնախարարը պատասխանեց, որ պետք է ունենալ հավասար իրավիճակ բոլոր աշակերտների համար: Առկա ուսուցումը հենց այդ իրավիճակն է: Սա նշանակում է, որ բոլոր երեխաները այս կամ այն կերպ ունեցել են հնարավորություն դպրոց հաճախելու՝ չհաշված անհատական իրավիճակները բացակայելու համար: Հետևաբար տարեկան ամփոփումը անելիս պետք է հիմնվել այս իրավիճակի վերջնաժամկետի վրա:

Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ սա շատ լավ տարբերակ է բոլորի համար՝ հասկանալու, թե որն է կրթության իմաստն ու նպատակը կյանքում, արդյոք երեխաները սովորում են միայն գնահատականի՞ համար, թե՞ պատկերացնում են՝ այսօր ստացած գիտելիքն ու հմտությունը ինչպես կարող են օգտագործել հետագայում: Նրա խոսքով՝ պետք է վերանայել պատկերացումները կրթության մասին:

Խոսելով համակարգչային սարքավորումների տրամադրման մասին՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կար համակարգչային սարքավորումների հավաքագրման և ըստ մարզերի բաշխման նախաձեռնություն: 

«Այստեղ մենք ունեցանք որոշակի քանակությամբ սարքավորումներ, որոնք տրամադրել ենք մարզերին, նաև փորձել ենք համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ: Կան կազմակերպություններ և՛ տեղական, և՛ միջազգային, որոնք  ավելի մեծ մասնակցություն են ունեցել այս գործընթացին: Օրինակ, «Վիվասել» ընկերությունը 500 սմարթֆոն նվիրաբերեց այս գործընթացին: Եղել են նաև կազմակերպություններ, որոնք 100-ից ավելի սարքավորումների տրամադրումով մասնակցել են գործընթացին: Անդրեասյանի խոսքով՝ նախքան գործընթացի սկիզբը խոսվում էր 24 000 սարքավորման պահանջի մասին: Հետագայում նախարարություն եկած դիմումները ցույց տվեցին, որ սարքավորումների պահանջը ավելի շատ է: Սա է նաև հանդիսացել պատճառներից մեկը, որ ուսումնական տարվա վերջնական գնահատականները ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ստացված գնահատականներով», - նշեց Անդրեասյանը։

Ինտերնետ հասանելիության համար նախարարությունը բանակցել է կապի բոլոր օպերատորների հետ, ստացել համաձայնություն՝ մատչելի սակագների համար: Հասանելիության համար են ստեղծվել նաև նախարարության կողմից Հանրային հեռուստաընկերությամբ անցկացվող օնլայն դասընթացները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել