azatutyun.am: Ֆրանսիայի խորհրդարանը երեկ ընդունել է կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումներն աստիճանաբար թուլացնելու կառավարության առաջարկը: Վարչապետ Էդուար Ֆիլիպի ներկայացած պլանին կողմ է քվեարկել 368 պատգամավոր, դեմ՝ 100-ը:
Սահմանափակումները Ֆրանսիայում մտցվել էին մարտի կեսերից՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: Սակայն հիմա տնտեսական անկումը կանգնեցնելու համար կառավարությունը նախատեսում է մայիսի 11-ից թուլացնել սահմանափակումները:
Վարչապետը միաժամանակ նշել է, որ կորոնավիրուսի վարակի նոր բռնկումից խուսափելու համար տնտեսությունը պետք է վերաբացել աստիճանաբար: Առաջին փուլում նախատեսվում է վերագործարկել հանրային տրանսպորտը, բացել ուսումնական հաստատությունները, կառավարության առաջարկած ձեռնարկությունները, իսկ ռեստորանների, սրճարանների, համերգասրահների, կինոթատրոնների վերաբացում դեռևս նախատեսված չէ:
Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 166 հազարի, մահացել է ավելի քան 23 հազար 600 մարդ:
comment.count (0)