Ռուսաստանից Հայաստան հաջորդիվ կայանալիք չվերթները լինելու են վճարովի. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
22:42 - 29 ապրիլի, 2020

Ռուսաստանից Հայաստան հաջորդիվ կայանալիք չվերթները լինելու են վճարովի. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ապրիլին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել հարյուրավոր քաղաքացիների անվճար վերադարձը Հայաստան։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ այսուհետ կայանալիք չվերթների միջոցով օժանդակելու ենք բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված սահմանափակ թվով քաղաքացիներին: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ.

«Ի պատասխան մեզ դիմող քաղաքացիների բազմաթիվ հարցադրումների՝ հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում ստեղծված բարդ իրավիճակում հայտնված հազարավոր քաղաքացիների խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Այս օրերին մենք շարունակում ենք աշխատել գերծանրաբեռնված եւ գերլարված ռեժիմով՝ ինչպես չվերթների կազմակերպման, այնպես էլ առկա պայմաններում հնարավորինս աջակցելով մեզ դիմած քաղաքացիների օթեւանի, սննդի ու առաջին օգնության պարագաներով ապահովման, աշխատանքի ու բուժհաստատություններում տեղավորման բազմաթիվ հարցերի կարգավորման ուղղությամբ։

Ինչպես տեղյակ եք, ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել հարյուրավոր քաղաքացիների անվճար վերադարձը Հայաստան, այդ թվում՝ շնորհիվ մեր բարերարների եւ աջակից կառույցների։

Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ կազմակերպվող չվերթները՝ բազմակողմ ծավալուն աշխատանքի հետ մեկտեղ, պահանջում են հսկայական ֆինանսական միջոցներ։

Ելնելով վերոնշյալից՝ տեղեկացնում ենք, որ հաջորդիվ կայանալիք չվերթներին, որոնց մասին ինչպես եւ նախկինում կտեղակացնենք հերթագրված քաղաքացիներին, դեսպանությունը՝ բարերարների եւ բարեգործական կառույցների աջակցությամբ հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված սահմանափակ թվով քաղաքացիներին։

Խնդրում ենք բոլոր դիմողներին ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին եւ հաշվի առնել, որ չվերթները լինելու են վճարովի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել