Նա ներկայացրեց, որ աշխատանքից իր ընկերոջ հետ ոտքով քայլում էր տուն, որտեղի այգում իրենց ընդառաջ են եկել երեք երիտասարդ, մեկն «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանն է եղել։
«Դանիելյանը բավականին երկար ու անհասականլի ձեւով նայեց ինձ վրա, ես էլ ասացի․ «Բարե՛ւ, Արթուր», իսկ իմ բարեւին ի պատասխան նա հայհոյեց՝ ասելով, իհարկե ներողություն եմ խնդրում, «Բարեւ, անբարոյականի տղա»։ Ես մոտեցա եւ ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին եւ գլխով հարվածեցի իր քթին»,- պատմեց Սիմոնյանը՝ կարծիք հայտնելով, որ այս պարագայում որեւէ մեկը չի կարող ասել, թե ճիշտ կլիներ այլ կերպ վարվել։
«Ես գիտակցում եմ իմ պետական պաշտոնյա լինելը, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը իրեն կարող է թույլ տալ իրեն բարեւ տվող մարդուն․․․։ Հետո նրանք երեքով փորձեցին ինձ քաշքշելով, հարվածելով կանգնեցնել, ես փորձում էի հասկանալ՝ ինչ է կատարվում, եւ այդ պահին ինձ ով է փորձում հարվածել։ Փոքր ծեծկռտուք տեղի ունեցավ, որից հետո փողոցով անցնող մարդիկ սկսեցին բղավել, կանգնեցնել, այդ երիտասարդները շտապեցին հեռանալ այդ վայրից»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը, ապա ներկայացրեց, թե ինչ է նախորդել այս միջադեպին։
«Սրբություն չունեցող ինչ-որ մարդիկ խոսում են իմ հայրիկի գերեզմանի մասին, ինչ-որ տեսանյութեր են վերագրում իմ ընտանիքի անդամներին։ Բայց այս ամենին ինչ է նախորդել․․․ 2016-ին նույն երիտասարդը՝ Արթուր Դանիելյանը, որն այդ ժամանակ փորձում էր անդամագրվել ՔՊ-ին, իսկ ես աշխատում էի «Արարատ նյուզում», բավականին կոպիտ ձեւով պահանջեց, որ ես մի նյութ հեռացնեմ։
Թեեւ ինքը իմ աշխատատուի՝ Սարիբեկ Սուքիասյանի փեսան էր, բայց կապ չուներ կայքի հետ, ես ասացի, որ դա իր գործը չէր, ինքը պահանջեց, որ ես ներքեւ իջնեմ։ Նա եկել էր ինձ ծեծելու, բայց այդ փորձն իր մոտ չստացվեց, հետագայում ինքը ներողություն խնդրեց ինձնից իմ գործընկերների ներկայությամբ։
Այսօրվա միջադեպն ինձ հիշեցրեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այն ժամանակ։ Ներեցեք, բայց երկրորդ անգամ չարձագանքել ես ինձ չէի կարող թույլ տալ, որովհետեւ դա նշանակում է, որ ՀՀ-ում կարելի է բարեւ տվող մարդուն սեռական բնույթի հայհոյանք տալ։ Դա անընդունելի է։ Ես չէի կարող ձեւացնել, թե իմ հասցեին հնչած վիրավորանքը չեմ լսել»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ օրեր առաջ համարյա նույն վայրում «Ադեկվադ»-ները սադրել են նաեւ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանին՝ քայլելիս ուսով հարվածելով նրան։
ԱԺ փոխխոսնակը հավելեց, որ ինքը պատրաստ է այսօրվա միջադեպի հետ կապված պատասխանատվության ենթարկվել, քանի որ բոլորն են հավասար օրենքի առջեւ։ «Ես պատրաստ եմ իրավապահների ցանկացած որոշման»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ շնորհակալություն հայտնելով փողոցում կիրեն օգնող մարդկանց եւ բոլոր աջակիցներին։
comment.count (0)