Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․05․20 (թարմացվող)
20:20 - 04 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․05․20 (թարմացվող)

19։30- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Եվրամիության աջակցությամբ, մայիսի 2-ից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և հարակից համայնքներում ապրող միայնակ և անժառանգ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքներին տրամադրում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաներ: Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով 1485 փաթեթ է նախատեսված։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարդասիրական աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։ [Շիրակի մարզպետարան]

 

19։17- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել արդեն իսկ հաստատված հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին, այնուհետև քննարկվել են սոցիալական միջոցառումների ընդլայնմանը վերաբերող հարցեր, ներկայացվել նոր շահառուների հնարավոր շրջանակն ու աջակցության չափորոշիչները:

 

18։28- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 04.05.20թ. ժամը 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,058,259,738,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4030։ [Ֆինանսների նախարարություն]

 

17։34- Պետությունը նախատեսում է մարտի 16-ից հետո աշխատանքը կորցրած, այնուհետև այլ գործատուի մոտ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր քաղաքացու համար գործատուին 4 ամիս ժամկետով տրամադրել աշխատավարձի 60 տոկոսի չափով փոխհատուցում: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը ՝ ներկայացնելով զբաղվածության նոր ծրագրերը, որոնք ուղարկվել են կառավարություն՝ շահագրգիռ կողմերի կարծիքը ստանալու: |armenpress.am|

 

17։23- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված միջազգային իրավիճակի եւ տարբեր երկրների իշխանությունների արձագանքի վերաբերյալ նամակագրային կապի մեջ է գտնվում մի շարք երկրների խորհրդարանների իր գործընկերների հետ։ Բոլոր գործընկերներն իրենց նամակներում բարձր են գնահատել Հայաստանի հետ ունեցած երկկողմ հարաբերությունները, մատնանշել են համավարակի պայմաններում համագործակցության, տեղեկատվության ու փորձի փոխանակման եւ մշտական կապի պահպանման կարեւորությունը։

 

17։00- Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման անվտանգության կանոններին: |armtimes.com|

 

16։30- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Հիվանդության անախտանիշ ընթացքով պացիենտները կտեղափոխվեն այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր կտեղափոխվի 24 հիվանդ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 338 քաղաքացի։ [Շիրակի մարզպետարան]

 

16։28- Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Հիվանդներ՝ 15 հոգի, նրանցից
13 հոգի՝ Քաջարանում,
1 հոգի՝ Գորիսում,
1 հոգի՝ Մեղրիում։
Բուժվել է 24 հոգի, Մեկուսացված է 25 հոգի, ինքնամեկուսացված՝ 163 հոգի։ [Սյունիքի մարզպետարան]

 

15։50- Բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ): Հետաքրքրված անձանց խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 091 19 08 75, 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102, կամ տվյալները ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

15։47- Արսեն Թորոսյանը, այսօր ԱԺ-ում խոսելով վերջին օրերին նոր կորոնավիրուսի բավականին բարձր ցուցանիշների մասին, հայտնեց, որ վարակի տարբեր աղբյուրներ կան, եւ մենք բոլորս պետք է մաքսիմալ զգուշ լինենք: Առաջիկայում որքան կլինեն վարակվածները՝ նախարարը նշեց՝ միանշանակ պայմանավորված է մեզնից յուրաքանչյուրի վարքագծով: Նա հավանական թիվ նշեց, որ մայիսի վերջին գրանցված դեպքերի թիվը կարող է հասնել 10 հազարի: |armtimes.com|

 

15։34- Երեւանում վայրէջք է կատարել Բեյրութից ժամանած լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերության օդանավը, որը Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացիների: Հիշեցնենք, որ այս չվերթի մասին դեռ ապրիլի 27-ին հայտարարել էր Լիբանանում ՀՀ դեսպանությունը: Այս պահին ինքնաթիռը պատրաստվում է հետադարձ չվերթի, որով Լիբանան կվերադառնան այդ երկրի քաղաքացիները: |hetq.am|

 

15։20- Ամերիկայի և Ֆրանսիայի մի շարք բժշկական կլինիկաների ազգությամբ հայ բժիշկները Zoom հարթակի միջոցով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոնի» բժշկական անձնակազմի համար անց են կացրել նոր կորոնավիրուսի (COVID-19) հիվանդների բուժմանն առնչվող խորհրդատվություն: Ոլորտի պատասխանատուների փոխանցմամբ՝ հեռավար խորհրդատվությունը արդյունավետ էր, քանի որ հանգամանորեն քննարկվել են նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված հարցեր: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

14։10- Ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարունից հետո կա՛մ վարակը կմարի աստիճանաբար և շատ քիչ շրջանառություն կունենա, կամ մենք կունենանք սպեցիֆիկ դեղ կամ պատվաստանյութ դրա դեմ: [Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ] |aysor.am|

 

13։46-  Բուժաշխատողների շրջանում, երբ դեպքեր ենք ունենում, ոչ թե պաշտպանիչ միջոցների իսպառ բացակայության պատճառով ենք ունենում, այլ առաջինը դրանց կարևորություն չտալու, չուզելու, չստանալու կամ չգնելու պատճառով։ Օրինակ, հիվանդանոցում չկա դիմակ, որովհետև ոչ թե շուկայում չկա, այլ հիվանդանոցը կամ ԲԿ-ն չի կարևորել այնքան, որքան պիտի կարևորեր։ [Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ] |aysor.am|

 

13։26- Հայաստանում երեկվանից սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն այնպիսի քանակներով, որ ՀՀ-ում դրանց դեֆիցիտ երբեք չի առաջանա, եթե այդ արտադրությունը շարունական տեղի ունենա։ Քանակի խնդիր չենք ունենա, միակ խնդիրը կլինի դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք և ի սկզբանե թանկ են եղել և այս իրավիճակում թանկացել են հիմնականում հումքի թանկացման և լոգիստիկ խնդիրների պատճառով։ [Արսեն Թորոսյանը՝  ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ] |aysor.am|

 

13։07-  Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից: Կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով: Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները: [Սոցիալական ապահովության ծառայություն]

 

12։59-  ԱՀ Պարետի 2020թ. մայիսի 4-ի որոշմամբ սահմանվում են արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում դիակների տեղափոխման և հուղարկավորման կանոնները: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]

 

12։54- Կորոնավիրուսի ախտորոշման հետազոտությունները մայիսի 3-ին եղել են 765, իսկ մինչ օրս ընդհանուր առմամբ 25 հազար թեստավորում է արվել: ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի արտահերթ նիստում ասաց Արսեն Թորոսյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չբացառեց, որ կորոնավիրուսով մեկ անգամ վարակված և բուժված քաղաքացին կրկին վարակվի: Նախարարի խոսքով` արդեն իսկ 3 քաղաքացու մոտ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վիրուս է հայտնաբերվել: |hetq.am|

 

12։40- Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ։ Խոսքն այն մասին է, թե քանի թեստ է արվում մեկ հայտնաբերված դեպքի համար։ Կան երկրներ, օրինակ, Արաբական էմիրատները, որ մեզանից տասն անգամ ավելի շատ են անում, բայց մենք վատ դիրքում չենք այդ առումով, և մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են։ [Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ] |aysor.am|

 

12։37- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ: [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]

 

12։07- Որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել եւս մի քանի օրով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

11։50- Կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական կապերի խզումը և խաթարումը այս կամ այն կերպ ազդել է համաշխարհային աշխատուժի 3.3. մլրդ անձանց վրա։ Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ Նա ընդգծեց, որ 2020 թ․ հունվարի 1-ի դրությամբ՝ այդ ոլորտներում ՀՀ-ում աշխատել է մոտ 209 հազար քաղաքացի, որ կազմում է ընդհանուր աշխատուժի մոտ 35 տոկոսը։ |aysor.am|

 

11։16- Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի սեփական արտադրությունը սկսելու համար սպասում է հումքի երկրորդ խմբաքանակին: Նախատեսվում է, որ այն Հայաստանում կլինի մայիսի կեսին, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը պատրաստ է արտադրությունը սկսել հենց հաջորդ օրը: Այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը: |armepress.am|

 

10։57- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10։55- Թարմացվել է 04.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2507 (+121)
Առողջացածներ - 1071 (+36)
Փաստացի բուժվողներ -1393
Ընդհանուր թեստեր - 24942
Մահվան ելքեր - 39 (+4)
Մահվան ելքեր այլ պատճառով –4 [ԱՆ]

 

10։01-  Հրապարակվել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, որում ներկայացված են տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում պետական կառավարման համակարգում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները: |armtimes.com|

 

09։11- Հյուպատոս Դավիթ Միրզախանյանն Ամստերդամի օդանավակայանում դիմավորեց և ճանապարհեց ԱՄՆ-ի Նյու Յորք և Լոս Անջելես քաղաքներից տարանցիկ չվերթով Հայաստան վերադարձող 19 ՀՀ քաղաքացու։ [Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն]

 

08։59- «Տավուշ տեքստիլը» սկսեց բարձորակ  պաշտպանիչ դիմակների զանգվածային արտադրությունը։ Առաջիկա օրերին կարտադրվի օրը 150 հազար հատ, շաբաթվա վերջին՝ օրը 300 հազար հատ։ [Նիկոլ Փաշինյան]

 

08։50- Եկատերինբուրգում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակի և Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովայի համատեղ ջանքերով օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր տեղակայման կենտրոնից երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ: Քաղաքացիները կգտնվեն իրենց հարազատների մոտ մինչև հնարավոր չվերթների իրականացումը: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 04․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Հայաստան, 03․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել