Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․05․20 (թարմացվող)
23:54 - 05 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․05․20 (թարմացվող)

21։57- Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]


21։38- Կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահնագներում, և հատկապես Հարավային Կալիֆորնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել: Նրանվ մի մասն անհապաղ օգնության կարիք ունի՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։ 
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օժանդակություն ցուցաբերել ՀՀ նշված քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ (818) 696-6078 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով, հետևյալ հասցեով՝ [email protected]։ [Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն]


20։11- Աշխարհում նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր: Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում:
Այդուհանդերձ նման դեպքերը Հայաստանում այս պահին 3-ն են: Պացիենտները որևէ գանգատ կամ ախտանիշ չունեն: Վերջիններիս մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ հետո: [ՀՀ ԱՆ]


19։14- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը գտնվում է կորոնավիրուսից բուժման գործընթացում: Նախագահը նրան մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում:


18։46- Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումներով տրամադրված օժանդակության ընդհանուր հասանելի ծավալը կազմել է ավելի քան 62 մլրդ դրամ: Աջակցություն է ստացել շուրջ 24000 տնտեսվարող, 360000 ֆիզիկական անձ, իսկ կոմունալ վճարումների համար տրամադրված օժանդակության շահառուների քանակը գերազանցում է 1 միլիոնը: [Մհեր Գրիգորյան]


17։50- «Նորք» ԻԿՀ-ին անհրաժեշտ են մայրապետեր։ Ցանկացողները զանգահարեն` +37477311840։ [«Նորք» ԻԿՀ]


17:37-  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցը՝ մաքրուհին, որի մոտ շաբաթներ առաջ հաստատվել էր կորոնավիրուսային վարակը, ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը: |armtines.com|

 

16։08- ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 23 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել: Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են: [Արցախ/Տեղեկատվական շտաբ]

 

16։03- Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ: Նրանք մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների աստիճանական հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող միջոցառումների և ծրագրերի շուրջ: Անդրադառնալով մայիսի 6-ին կայանալիք հատուկ թռիչքի մանրամասներին՝ Զոհրաբ Մնացականյանը և Մուխտար Թլեուբերդին գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների՝ հայրենիք տեղափոխման հարցում ցուցաբերած փոխօգնության և փոխադարձ աջակցության համար: [ԱԳՆ]

 

14։50- Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի եւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը։ Աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։ Բուժ հաստատությունները վաղվանից կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

12։00- Կորոնավիրուսի դեմ պայքարում ես իրապես շատ բարձր եմ գնահատում մեր արտաքին գերատեսչության բոլոր ներկայացուցիչների աշխատանքը, մեր դեսպանների, դեսպանությունների, որոնք աշխատում են շատ ծանր պայմաններում՝ հաշվի առնելով, որ ուղղակի անսովոր իրավիճակ է, և յուրաքանչյուրն իր տեղում ապահովել է կոնկրետ գործառույթ, լինի դա քաղաքացիների տեղափոխման հարց, բեռների տեղափոխման կազմակերպման հարց։ [ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան]

 

11։50- Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։ Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։ Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։ Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։ Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է։ [Արսեն Թորոսյան]

 

11։48- ԿԳՄՍՆ-ի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը, որի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ անել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին և դրանք անցկացնել մատյան։ Հավելվածը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/35kQy1H։ Այս պահին հավելվածը հասանելի է միայն Android օգտագործողներին․ շուտով կգործարկվի նաև IOS համակարգի համար նախատեսված համապատասխան հավելվածը։ [ԿԳՄՍՆ]

 

11։25- Շվեյցարահայերի թվում կան և՛ վարակվածներ, և՛ շատ ցավալի մահվան դեպքեր։ Այնուամենայնիվ, դրանք համատարած բնույթ չեն կրում։ Մենք մշտական կապի մեջ ենք համայնքային կազմակերպությունների հետ՝ համադրելով մեր տեղեկատվությունը և գործողությունները։ Հատուկ մշտական կապ ենք պահում նաև միջազգային կազմակերպություններում աշխատող հայերի հետ։ [Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը՝ «Օրեր» եվրոպական ամսագրին] [ԱԳՆ] 

 

11:16- Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։ Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

10:56- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:  Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 6 է։ [ԱՆ]

 

10:54- Թարմացվել է 05.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2619 (+112)
Առողջացածներ - 1111 (+40)
Փաստացի բուժվողներ -1462
Ընդհանուր թեստեր - 25846
Մահվան ելքեր - 40 (+1)
Մահվան ելքեր այլ պատճառով –6 (+2) [ԱՆ]

 

09։25- Երեկ վերագործարկվեցին տնտեսության մի շարք ոլորտներ, սակայն շարունակում են փակ մնալ մանկապարտեզները: Պարետատան մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ արդեն թույլատրված է դայակների գործունեությունը։ Նրա խոսքով՝ մանկապարտեզների առումով այս պահին որոշված է, որ առաջիկա 2-3 շաբաթներին դեռ չեն աշխատի, սակայն կախված իրավիճակի զարգացումներից հընթացս կարող է այլ որոշում ընդունվել: |armtimes.com|

 

09։17- Հաշվի առնելով, որ Շուշիի շրջանային բուժմիավորումը հանդիսանում է  Արցախում Նոր կորոնավիրուսային վարակով անձանց համար նախատեսված մեկուսարան, շենքային պայմանների բարելավման նպատակով  ներկայումս  պետական միջոցներով վերանորոգվում է բուժմիավորման  պոլիկլինիկական բաժանմունքը: [ԱՀ առողջապահության նախարարություն]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․05․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, Աշխարհ, 05․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել