Նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրատվության պարագայում  Երևանի քաղաքապետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել․ Աժ-ն քննարկում է պատգամավորների նախագիծը
15:06 - 05 մայիսի, 2020

Նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրատվության պարագայում Երևանի քաղաքապետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել․ Աժ-ն քննարկում է պատգամավորների նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԱԺ  պատգամավորներ՝ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապյանի և Սոնա Ղազարյանի կողմից ներկայացված՝ «Տեղական ինքնակառավարման  մասին օրենքում լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցողը ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանն էր։

«Ուզում եմ տեղեկացնել, որ առաջինից երկրորդ տնթերցման ընթացքում օրենքի նախագծում կատարվել են երկու հիմնական փոփոխություններ։ Առաջինը՝ համայնքների համար օրենքով սահմանված՝ նվիրատվությունների  նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը պահպանվել է բոլոր համայնքների համար, բացառությամբ Երևանը։ Երևանի պարագայում մենք առանձնացրել ենք դրույքաչափը և սահմանել, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրատվության պարագայում, համայնքի ղեկավարը, այսինքն Երևանի քաղաքապետը, պարտավոր է այդ մասին տեղեկացնել erevan.am համացանցային կայքում»,- այս մասին նախագծի ներկայացման ընթացքում ասաց Ղազարյանը։ 

Նախագծի քննարկման ժամանակ վեր էր հանվել նվիրատուի անձնական տվյալների պահպանության հարցը։  Ներկայացված  օրենքի նախագծում ավելացվել է ևս մեկ պարբերություն, որտեղ սահմանվել է ,որ նվիրատուի մասին տեղեկատվությունը ենթակա է հրապարակման այն պարագայում, երբ նվիրատուի կողմից կա գրավոր համաձայնություն։ 

«Հանձնաժողովի նիստի ընթացքում վեր հանվեց նաև այն հարցը, թե արդյոք ճիշտ է տարբերակել Երևանը և մնացած համայքները։ Միջազգային փորձի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ այս մոտեցումը ընդունելի է եվրոպական երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում»,- նշեց պատգամավորը։ 

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես տվել է իր դրական եզրակացությունը։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացնելով կառավարության կարծիքը նշեց, որ այն դրական է և նախագծի հաստատման պարագայում ՏԻՄ համակարգում բարելավումներ կկատարվեն։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել