Նախարարությունից ընտանիքներին կոչ են անում սպասել բազաների թարմացմանը․  Մանե Թանդիլյան
17:38 - 05 մայիսի, 2020

Նախարարությունից ընտանիքներին կոչ են անում սպասել բազաների թարմացմանը․ Մանե Թանդիլյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը այսօր անդրադարձավ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի թերացումներին։

Թանդիլյանը նշեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրերի վերաբերյալ ահազանգեր է ստացել հարյուրավոր քաղաքացիների կողմից։ 

«Կառավարության կողմից սահմանվել է, որ հունվարի 1-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված աշխատող լինելու հանգամանքը նախապայման է։ Այնինչ ունենք դեպքեր, երբ մարդիկ գրանցվել են օրինակ հունվարի 10-ին կամ ԱՁ են գրանցել հունվարի 11-ին, շատ պարզ պատճառով, որովհետև հունվարի մեկը ոչ աշխատանքային օր է։ Ինչու ենք մենք սահմանել ժամկետներ և դուրս թողել տնտեսվարողների, ովքեր ուղղակի շահառու են հանդիսանում իրենց բնույթով և ակնկալիք են ունեցել, որ մինչև կորոնավիրուսի հայտվելը կարող են տնտեսական գործունեություն ծավալել։ Հետևաբար, այս թվերը պետք է վերանայել»․- ասաց Թանդիլյանը։

Վերջին իր խոսքում անդրադարձավ նաև հանրային սննդի ոլորտի տեղական տուրքերին, նշելով, որ դրանք շարունակում են վճարվել, չնայած այն հանգամանքին, որ տնտեսվարողները գործունեություն չեն ծավալել։ Տուրքերը ֆիքսված գումարներ են,և այս խնդիրը նույնպես պետք է վերանայել։ 

«8-րդ ծրագրի շահառուների  շրջանակը թև ավելացել է, սակայն շատ ոլորտներ շարունակում են դուրս մնալ այս ծրագրից, սա նույնպես վերանայման կարիք ունի։ 9-րդ ծրագրով մինչև այսօր առկա են քաղաքացիների դիմումների մերժման հետևյալ հիմքերը․ դիմումը  մերժվում է, քանի որ բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չի գտնվել, այնինչ ակնհայտ է , որ մարդը հաշվառված է։ Մուտքագրումն արված է ստույգ, ինչպես նախարարության աշխատակիցներն են նշում՝ «բոլոր պրաբելները պահպանելով», սակայն քաղաքացու տվյալները չեն գտնվում։ Դիմումը  մերժվում է, քանի որ նշվում է, որ քաղաքացին գրանցված աշխատող է, այնինչ նա պնդում է, որ գրանցված աշխատող չի եղել։ Դիմումը մերժվում է, քանի որ ընտանիքը  հաշվառված է սոցիալական անապահովության համակարգում, այս համակարգը ունի լրջագույն խնդիրներ, ընտանիքը երբեք նպաստ չի ստացել»,- ստացած ահազանգերի վերաբերյալ ասաց պատգամավորը։

Թանդիլյանը հավելեց, որ ընտանիքները սպասում են և չգիտեն ինչ անել։ Նախարարությունից հորդորում են սպասել բազաների թարմացմանը, բայց չգիդեն, թե դա երբ կլինի։

«Մի կողմից քաղաքացիները ստանում են հաղորդագրություններ գնում են բանկ և պարզվում է, որ գումարները չկան։ Մյուս կողմից հաղորդագրություն չեն ստանում, բայց պատահաբար բանկ են այցելում և տեսնում, որ  իրենց գումարներն այնտեղ են, այնինչ որոշ ժամանակ այդ գումարներին տիրություն չանելու դեպքում գումարը հետ է գնում պետական բյուջե»,-եզրափակեց Թանդիլյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել