Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր՝ ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։
Ծնվել է 1978թ. ապրիլի 3-ին։ 1999 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ 2003 - 2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում, որպես ֆինանսական վերլուծաբան։ 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում։
2004 - 2006 թվականներին աշխատել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։ 2009 - 2017թթ. աշխատել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես ֆինանսական տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ։ 2015 թվականի դեկտեմբերի 15-ից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին ընտրվել է կուսակցության խորհրդի քարտուղար։ 2017 թվականին «Ելք» դաշինքի ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է այդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավորը։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը: 2018 թվականի փետրվարի 19-ին ԼՀԿ կառավարման խորհրդի նիստում ընտրվել է ԼՀԿ փոխնախագահ։
2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2018 թվականի հունիսի 12-ին, դեմ լինելով կառավարության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, հրաժարական է ներկայացրել նախարարի պաշտոնից։ Հունիսի 21-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը և վերջինս շարունակել է պաշտոնավարել։ 2018 թվականի նոյեմբերի 14-ին հրաժարական է տվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: ԼՀԿ համապետական ցուցակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում:
2020թ. դեկտեմբերի 2-ին նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար: