Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մայիսի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
«Ողջույնի խոսքից հետո Խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը՝ մասնավորապես ուղղված կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանը և արտակարգ դրության պայմաններում դատական իշխանության բնականոն, անխափան և շարունակական աշխատանքի ապահովմանը՝ գերակա համարելով հանրային առողջությունը:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ներկայացրեց Իրանում առկա վիճակը համավարակի պայմաններում՝ նշելով, որ երկրում մի քանի տասնյակ հազարի հասնող վարակված անձանց 80%-ն արդեն իսկ ապաքինվել է:
Կողմերը հույս հայտնեցին, որ համավարակը շուտով կլքի ամբողջ աշխարհը, և մարդկությունը հնարավորություն կունենա վերադառնալ իր բնականոն կյանքին:
Հանդիպմանը քննարկեցին դատական իշխանությանը վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Առանձնակի կարևորվեց հարևան երկու երկրների դատական մարմինների արդյունավետ համագործակցությունն ու փոխգործակցության խորացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
comment.count (0)