Փաշինյանը վստահեցրեց՝ ծրագրերի շահառու չհանդիսացող, սակայն գումար ստացած անձինք կվերադարձնեն այն

 |armenpress.am|
19:16 - 06 մայիսի, 2020

Փաշինյանը վստահեցրեց՝ ծրագրերի շահառու չհանդիսացող, սակայն գումար ստացած անձինք կվերադարձնեն այն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց այն հանգամանքը, որ մի շարք գաղտնի ծառայություններում աշխատողներ, որոնք արձանագրված չեն ընդհանուր բազայում, օգտվել են առիթից և աջակցության որևէ ծրագրով գումար ստացել․ նրանք օր առաջ կվերադարձնեն այդ գումարները: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ 9-րդ ծրագրի շրջանակում դիմել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրականում աշխատում են ԱԻՆ-ում, ՊՆ-ում, ոստիկանությունում և  ստացել են գումարները: Նա հետաքրքրվեց, թե խնդիրն ինչպես պետք է լուծվի:

«Այդ գումարները պետք է վերադարձվեն, քանի որ դրանք նախատեսված էին բոլորովին ուրիշ կատեգորիայի մարդկանց համար: Ծառայության որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են և դրանք չեն արձանագրված ընդհանուր բազաներում, ցավոք սողանցք են դարձել: Շատ ցավալի է, որ սոցիալական անապահով խավի համար նախատեսված միջոցները գնացել են ոչ այդ խավին: Եվ այդ գումարները պետք է վերադարձվեն, ավելին՝ պետք է ծառայողական քննություններ նշանակվեն, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանն ու որակեց շատ վատ երևույթ այն, որ Հայաստանում այս ճնգաժամային պայմաններում առաջնորդվում են այդ տրամաբանությամբ:

Փաշինյանը վստահեցրեց՝ այդ գումարները մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվեն: «Գաղտնի ծառայություն իրականացնող մարդկանց պետք է ասենք՝ վերադարձրեք գումարը, քանի որ դա ձեր գումարները չեն»,-նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել