armtimes.com: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Գյումրի-Երևան հատվածում շինարարական դադար է ներկա պահին: Ճանապարհի վիճակը գնալով դառնում է անմխիթար, աշխատանքներ, սակայն, ներկա պահին չեն նախատեսվում: Չինացի մասնագետները երկրից մեկնել են: Թե երբ են վերադառնալու, հստակ չէ: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պատգամավոր Սարիկ Մինասյանի բարձրացրած այս հարցին: Նախարարն ասաց, հենց երեկ է նամակ գրել «Սինո հիդրո» չինական ընկերության գործընկերներին, որի պատասխանն ակնկալում է ստանալ առաջիկա շաբաթում:
«Այս պահին չինացի գործընկերների հետ բանակցությունների մեջ ենք: Նամակի պատասխանը շատ կարևոր է: Պետք է հասկանանք մեր չինացի գործընկերների գալու հավանականությունը: Այս հարցում նաև առաջնային են ժամկետների հստակեցումները, քանի որ արդեն գնալով խնդիրները շատանում են: Մենք համատեղ օրակարգ ունեինք, քննարկվում էր հավելյալ ծավալների մեծացման հարցը»,-ասաց Պապիկյանը:
Ըստ նախարարի, Կառավարությունը շատ բարձր է գնահատում ժամանակը: Եթե պարզվի, որ չինացի գործընկերները գալու հնարավորություն չեն ունենալու, կքննարկվեն այլ լուծումներ: Թե ինչի մասին է խոսքը, նախարարը չմանրամասնեց: Ասաց դեռ չի ուզում այդ մասին խոսել:
comment.count (0)