Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել ամփոփիչ ուղերձով։
«Հարգելի հայրենակիցներ, սեփական դիմումի համաձայն ազատվել եմ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, ցանկանում եմ հանդես գալ վերջին երկու տարիների ընթացքում կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։
Աշխատանքները իրականացվել են նախարարության և ենթակա կառույցների ջանքերով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին, հպարտ եմ Ձեզնով։
Այո, մեր աշխատանքները այս համատարած սենսացիոն և լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան և հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով քան աղմուկ հանելով։
Շրջակա միջավայրի նախարարության ողջ անձնակազմը, չնայած հնչող քննադատություններին ու հաճախ անարդար վերաբերմունքին, արել է առավելագույնը՝ տասնամյակներով ժառանգած խնդիրները լուծելու համար։
Չի կարող կառուցվել և հզորանալ որևէ պետություն, եթե չհարգվի պետական ծառայողի աշխատանքը՝ առաջին կարգի մասնագետից մինչև վարչապետ և նախագահ։
Մեր բոլոր գործողություններում մեզ առաջնորդել է միայն և միայն պետական շահը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի ապահովումը։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության իմ գործընկերներին՝ համագործակցության ու միասնական ջանքերի համար։
Ի վերջո, շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է՝ անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից։
Իրականացված աշխատանքը պայմանականորեն բաժանել եմ խմբերի․
Սևանա լիճ,
- Ամբողջովին գույքագրվել է Սևանա լճի առափնյա հատվածներում մինչև 1901.5 մետր նիշում առկա ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ցանկը, հաշվարկվել են ապամոնտաժման ենթակա ծավալները, շենք-շինությունների տեսակները, ֆինանսական գնահատականը, սեփականատերերի ցանկը և այլն,
- Առաջին անգամ հայտարարվել է Սևանա լիճ թափվող 10 գետերի մաքրման աշխատանքների նախագծման մրցույթ,
- Առաջին անգամ հայտարարվել է մինչև 1901.5 մետր նիշում առկա պետական և համայնքային շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների նախագծման մրցույթ,, իսկ մասնավոր շենք-շինությունների սեփականատերերին ծանուցումներ են տրվել շինությունների ապամոնտաժման համար, աշխատանքները չկատարելու դեպքում այն կիրականացվի պետության կողմից՝ այնուհետև գումարները կգանձվեն սեփականատերերից։
- Առաջին անգամ Սևանի ափամերձ հատվածներում հայտնաբերվել է մոտ 500 հեկտար ապօրինի զավթված, չփաստաթղթավորված կամ պատշաճ գրանցում չստացած տարածքներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է պատկան մարմիններին։
- Առաջին անգամ իրականացվել է Սևան ազգային պարկի տարածքի վարձակալական պայմանագերի գույքագրում, լուծարվել են մի շարք պայմանագրերք, ավելի քան 100 պայմանագրեր վիճարկվում են դատական կարգով,
- Առաջին անգամ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված 5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս քննարկվում է գետերի հուների մաքրման, կեղտաջրերի մաքրման կայանի և Սոթքի փակված պոչամբարի ռեկուլտիվացիայի իրականացման աշխատանքները։
- Առաջին անգամ ժամանակակից մեթոդներով իրականացվել է մինչև 1901,5 մ ծովի մակերևույթից բարձր առափնյա տարածքների մանրամասն ուսումնասիրություն և գնահատում՝ այդ թվում ընտրված տեղամասերի համար հանույթ անօդաչու թռչող սարքով (արդյունքը՝ 10սմ/պ լուծաչափով օրթոֆոտոպատկեր)։ Վեգետացիոն ցուցիչների հաշվարկի և վերլուծության արդյունքում վեր են հանվել առաջնային մաքրման ենթակա տարածք՝ ջրածածկ և ճահճապատ, որոնցից 140 հա արդեն մաքրվել է։
- Առաջին անգամ Սևան ազգային պարկի տարածքում իրականացվել է անտառածածկ տարածքների գույքագրում, որոնց հիման վրա գերխիտ տարածքների նոսրացման աշխատանքներ կիրականացվեն։
- Առաջին անգամ կառավարության կողմից հաստատվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը, նախատեսվում է արդյունագործական որսի փորձարարական ծրագրի մեկնարկ միայն հաստատված 17 վայրերից, միայն ցերեկային ժամերին՝ հստակ ցանցերի մեծությամբ, որսվող ձկան չափով և այլ սահմանափակումներով։
- Վերացվել է Սևանի թերակղզում գործող հուշանվերների չկանոնակարգված տարածքները, կառուցվել է նոր և ժամանակակից վաճառքի տաղավարներ։
- Առաջին անգամ մեկնարկել է կողակի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը, որը ֆինանսավորվում է մասնավոր կազմակերպության կողմից։
- Կանաչ կլիմայական հիմնադրամի պատրաստվածության դրամաշնորհի շրջանակներում իրականացվում են Սևանա լճի կեղտաջրերի մաքրման իրագործելության ուսումնասիրությունները։
- Գերմանիայի կառավարության կողմից 500 000 եվրո դրամաշնորհի շրջանակներում Սևանա լճի ջրի որակի վերաբերյալ հետազոտությունների կիրականացվեն, որին մասնակցելու են Եվրոպական լավագույն լճաբանները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգիային կառույցների հետ համատեղ,
- Առաջին անգամ մշակվում են և առաջիկայում հաստատման կներկայացվեն Սևանա լճի ջրի որակի նորմերը,
- Ավելացվել են Սևանա լճում իրականացվող մոնիթորինգի աշխատանքների ֆինանսավորման ծավալները։
- Մշակվել և Հայաստանում գործող հիմնական դոնոր կառույցների և միջազգային ֆինանսական ինստիտուտներին՝ WB, ADB, USAID, UNDP, UN, GIZ, KfW և դեսպանատներին ներկայացվել է Սևանի էկոհամակարգի վերականգնման համապարփակ գործողությունների ծրագիր և ճանապարհային քարտեզ։
- Շրջակա միավայրի նախարարության միջնորդությամբ ՀՀ ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը դրամաշնորհ է ստացել սեփական խորաչափի ծրագրային ապահովման ֆինանսավորման համար, որի շնորհիվ հնարավոր կլինի ճշգրտորեն հաշվառել Հայաստանի ջրային տարածքներում առկա ձկան և խեցգետնի պաշարները,
- ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը ֆինանսավորում է ստացել Սևանա լճի ծաղկման դեմ պայքարի մեթոդների մշակման համար,
- Դադարեցվել է ցանցավանդակային մասնավոր ձկնաբուծական տնտեսության գործունեությունը Սևանա լճում
- 2019 թվականին Սևանից վերցված ջրի քանակը նվազագույնն էր վերջին 5 տարիների ընթացքում և ամենօրյա վերահսկողական աշխատանքների շնորհիվ նույնիսկ ավելի ցածր էր, քան ներկայացված ջրապահանջարկն էր, և օրենսդրությամբ նախատեսված չափաքանակից (170 մլն մ3) պակաս էր բաց թողնվել 26,140 մլն մ3։
- Սևան ազգային պարկը, ինչպես նաև մի շարք այլ բնության հատուկ պահպանվող տարածքներ վերազինվել են հակահրդեհային հատուկ մեքենաներով, գույքով և հանդերձանքով,
- Կառուցվածքային փոփոխության արդյունքում օպտիմալացվում է մասնաճյուղերի քանակը,
- Առաջին անգամ ջրային օրենսդրությամբ կանոնակարգվել է երաշտ և սակավաջրություն հասկացությունները, հայտարարման կարգը և պայմանները, որը անհրաժեշտ է հիշյալ իրավիճակներում ճկուն կառավարում իրականացնելու համար։
- Ջրային օրենսգրքի փոփոխությամբ ամբողջովին արգելվել է Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում ՀԷԿ-երի կառուցումը,
- Ջրային օրենսգրքի փոփոխությամբ սահմանվել են ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի պահպանության պահանջները, որոնք ուղղված են աղտոտվածության նվազեցմանը,
- Առաջին անգամ ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Եղեգիս գետից դեպի Սևանա լիճ ջրի տեղափոխման, կուտակման և օգտագործման համար։
Հիդրոէլեկտրոկայաններ
- Որևէ գետի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն չի տրվել,
- Օրենսդրական փոփոխությամբ առաջին անգամ ՀԷԿ-երը չափաքանակից ավել ջրառի համար պետք է վճարեն ջրային ռեսուրսներին հասցված վնասի գումար, որը 1 մ3/վրկ դեպքում տարեկան կազմում է 63 մլն դրամ տուգանք, նախկինում միայն վարչական տուգանք էր 50-100 000 դրամ։
- Օրենքով սահմանվեց այն գետերի և գետահատվածների ցանկը, որտեղ արգելվում Է հիդրոէլեկտրոկայան կառուցելը, ներառյալ արդեն 40% դերիվացիոն խողովակներով ծանրաբեռնված, կարմիրգրքյան ձկնատեսակների ձվադրավայրեր, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, գետերի հոսքի ձևավորման տարածքներում և գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,
- Մշակվել և քաղաքաշինության կոմիտե է փոխանցվել ձկնուղիների կառուցման համար պահանջվող տեխնիկական կանոնակարգի չափորոշիչները
- 197 ՀԷԿ-երից 133-ում տեղադրվել և կնքվել են ջրաչափեր, որոնցից 62-ում ներդրվել է առցանց ավտոմատ տվյալների համակարգ, այսինքն նախարարությունը և տեսչությունը կարող են իրական ժամանակում հատուկ ծրագրի միջոցով հետևել ջրառի ծավալներին, մշակվել է նաև այլընտրանքային հաշվարկի նոր կարգ,
- Նախարարության կողմից ՋՕ-երի և ՀԷԿ-երի միջև կնքված պայմանագրերի վերլուծությամբ հայտնաբերվել է բազմաթիվ հեկտարներով ուռճացված ցանքատարություններ, ամբողջ վերլուծական փաթեթը փոխանցվել է ՀՀ դատախազություն, և ՀՀ ՏԿԵ նախարարություն
- Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության օրենքի փոփոխությունների նախագծով բոլոր ՓՀԷԿ-երը անկախ չափից դառնում են փորձաքննության ենթակա սուբյեկտներ,
- Դադարեցվել է Գեղարոտ գետի վրա գործող և ջրի որակի բացասական ազդեցություն ունեցող ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները։
Արարատյան արտեզյան ավազան
- Արարատյան արտեզյան ավազանում որևէ նոր ձկնաբուծական ջրօգտագործման թույլտվություն չի տրվել,
- Արարատյան արտեզյան ավազանում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման եւ 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3017.8լ/վրկ ջրաքանակ (Տարեկան մոտ 100 միլիոն մ3), որը Երևանի փաստացի օգտագործվող ջրաքանակից ավելին է: Կատարված աշխատանքների արդյունքում դիտարկվում է Արարատյան արտեզյան ավազանի ջրերի հորիզոնների բարձրացում։
- Եթե նախորդող երեք տարիների ընթացքում տեսչություն ուղարկված ջրօգտագործման խախտումների արձանագրությունները 15-ն էին, ապա 2018 թվականից հետո միայն առաջին տարում ավելի քան 300-ը,
- Մշակվել և ուժի մեջ է մտել 1 լիտր/վ ջրով արտադրվող նվազագույն ձկան քանակի պահանջը, ինչը նշանակում է, որ մոնիթորինգի ժամկետը լրանալուց հետո այն տնտեսվարողները, որոնք 1 լիտր/վ ջրով չեն արտադրի նվազագույնը 700 կգ իշխան կամ 800 կգ թառափ՝ նրանց ջրօգտագործման թույլտվություննեը համապատասխան չափով կնվազեցվեն։
- Ջրային օրենսգրքի փոփոխությամբ ընդունվել է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հսկման կարգավորումներ, ինչը նշանակում է, որ այսուհետ հնարավոր չի լինի հորեր հորատել առանց հսկող և վերահսկող մարմինների իմացության,
- Ջրային օրենսգրքի փոփոխությամբ լուծարվել է ջրի ազգային խորհուրդը և ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը կենտրանացել է լիազոր մարմնի շրջանակներում։
- Ներկումս մշակված ջրային օրենսգրքի փոփոխությամբ արարատյան արտեզյան ավազանում հետագայում ջրի բավարար ծավալներ առաջանալու դեպքում՝ ձկնաբուծական նպատակներով տրամադրելու դեպքում այն հետո պետք է ուղղվի ոռոգման համակարգեր,
Պլաստիկի արգելք, էլեկտրոմոբիլներ, օզոնաքայքայիչներ, մթնոլորտային օդ
- Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում կատարված լրացումներով 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու իրացումը։
- ԵԱՏՄ կարգավորման հիման վրա մշակված նախագծով 2020 հունվարի 1-ից ներկրված բոլոր ավտոմեքենաները պետք է կահավորված լինեն չեզոքացման համակարգերով (катализатор), տուգանք սահմանվեց 300 000 դրամի չափով,
- ԱԱՀ-ից ազատվեց բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը, Օրենքի ընդունումից հետո 2019 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ արդեն իսկ ներմուծվել է 144 էլեկտրոմոբիլ և 523 Էլեկտրական շարժիչով մոտոցիկլներ և մոպեդներ, այն դեպքում երբ նախորդ՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծվել է ընդամենը 5 էլեկտրոմոբիլ, 0 մոպեդ և մոտոցիկլ: Հայաստանում բացվեցին մի քանի ավտոսրահներ, որոնք առաջարկում են միայն էլեկտրոմոբիլներ։ 2020 թվականի ապրիլից ԵԱՏՄ կանոնակարգմամբ զրոյացվեցին նաև էլեկտրոմոբիլների ներմուծման մաքսատուրքերը։
- Կառավարության որոշմամբ վերանայվել են մթնոլորտ վնասակար նյութերի վնասակար նյութերի ցրման հաշվարկի ընթացակարգը, արգելվել է 1990 թվականից կիրառվող «Ռադուգա» ծրագրի օգտագործումը։ Նախարարի հրամանով սահմանվել է արդյունավետ հաշվարկ ապահովող համակարգչային ծրագրերի ցանկը, ներմուծվել է սանիտարարապաշտպանիչ գոտու կանոնակարգումները, առավելագույն քամիների հաշվառումը և այլն։
- Նախաձեռնվել է հանրապետությունում պլաստիկ, ապակյա, թղթե և ալյումինե տարաների կանխավճարի հետ վերադարձման համակարգի (deposit-refund) ներդրման հնարավորությունների գնահատման գործընթացը, որը հնարավորություն կտա ավելի քան 90%-ով նվազեցնել պլաստիկ շշերով աղտոտվածությունը Հայաստանում։
- Ընդունվել է օրենսդրական փաթեթ, որով արգելվել է օզոնային շերտը քայքայող նյութերի արտադրությունը ՀՀ-ում, ինչպես նաև «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից տվյալ նյութերի ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումն այդ երկրներ։
- Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման/արտահանման լիցենզիաների տրամադրման էլեկտրոնային համակարգի փորձնական թեսթավորման փուլն ավարտվել է: Էլեկտրոնային համակարգի տվյալ մոդուլը փոխանցվել է ՊԵԿ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգին միացնելու նպատակով, մինչ այդ ՊԵԿ հետ համագործակցությամբ դյուրացվել էր տարեկան ավելի քան 1500 տնտեսվարողների աշխատանքը՝ օպտիմիզացնելով լիցենզիաների տրամադրման և մերժման ընթացակարգերը։
Կառուցվածքային, իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ
- Նախկին բնապահպանության նախարարությունը վերանվանվեց և ենթարկվեց կառուցվածքային լուրջ փոփոխությունների և գործառույթների ընդլայնման,
- Տարբեր տարիներին նախարարությունից անջատված գործառույթները, ՊՈԱԿ-ները վերադարձվեցին համակարգ,
- Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը միակը տարածաշրջանում հավատարմագրում անցավ կանաչ կլիմայական հիմնադրամում և ուղիղ դրամաշնորհների ստացման իրավունք ստացավ,
- Զվարթնոց աերոօդերևութաբանական կենտրոն պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերազինվեց ժամանակակից սարքավորումներով, ներդրվեցին եղանակի կանխատեսման նոր և գերժամանակակից համակարգեր՝ ինչպիսին օգտագործվում է օրինակ Սինգապուրի օդանավակայանում, 100% աճեց շահութաբերությունը, բարձրացվեցին աշխատակիցների աշխատավարձերը, կատարվեցին մեծ կապիտալ ներդրումների համակարգի հզորացման համար,
- «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ների միավորմամ ստեղծվեց նոր՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը սկսեց տեխնիկական վերազինման գործընթացը և մեր երկրի համար կունենա ռազմավարական նշանակություն,
- Բացվեց վերազինված, 539 մ2 ընդհանուր մակերեսով միջազգային ստանդարտներին համապատասխան նոր լաբորատորիա, որը կզբաղվի Հայաստանի օդի, ջրի, հողի մոնիթորինգով՝ տրամադրելով անհամեմատ ավելի բարձր ճշգրտության տվյալներ, Առաջիկայում լաբորատորիան կստանա նաև միջազգային հավաստագիր,
- Մոնիթորինգի համակարգի հզորացման նպատակով կատարվել է դիտակետերի ցանցի վերանայում: Նոր դիտակետերի տեղաբաշխումը թույլ կտա վերահսկել ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված կամ լքված տարածքների հետ կապված աղտոտումը, տարանջատել մետաղներով վարակվածության բնական, ֆոնային մակարդակը և մարդածին ազդեցությունը, մշակել համարժեք կանխարգելիչ միջոցառումների փաթեթեներ,
- Գերմանական KfW հետ համագործակցությամբ առաջիկայում Մոնիթորինգի կենտրոնի և բնապահպանական ու ընդերքի տեսչական մարմնի համար ձեռք կբերվի երկու շարժական գերժամանակից և գերհագեցած օդի, ջրի, հողի և այլ բաղադրիչների առկայությամբ շարժական լաբորատորիաներ, որոնք կկարողանան անմիջապես աղտոտման վայրում վերցնել նմուշները և արագ արդյունքներ տրամադրել,
- Կառավարության որոշմամբ նախարարության ենթական ՊՈԱԿ-ներում կանոնադրությունների փոփոխությունների լիազորությունները փոխանցվեցին նախարարությանը, մշակվեց միասնական և տիպային կառուցվածի ձև, որը առաջիկայում կներդրվի բոլոր ենթակա կառույցներում,
- Հաստատվել է նախարարության նոր կառուցվածքը, համաձայն որի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, կենսառեսուրսների կառավարման գործակալությունն ու թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունը միաձուլվել են՝ ստեղծելով ոլորտում ծառայություններ մատուցող միասնական՝ լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչություն, իսկ հաջորդ փուլում, ՇՄԱԳ օրենքի փոփոխությունից հետո, նախատեսվում է միավորել նաև փորձաքննության ՊՈԱԿ-ը, և տրամադրել միասնական թույլտվություններ, այսինքն տնտեսվարողը օրինակ ՇՄԱԳ թույլտվությունը ստանալու հետ մեկտեղ կստանա նաև ջրօգտագործման, մթնոլորտային օդի աղտոտման, թափոնների տեղադրման և այլ թույլտվություններ ու լիցենզիաները մեկ գործընթացի շրջանակում,
- Ամբողջովին վերանայվեց նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները, վերացվեցին բոլոր բաժինները, ներդրվեց գծային ուղղահայաց կառավարման վարչություններ, բացվեցին նոր վարչություններ, օրինակ կլիմայի, մթնոլորտային օդի և այլն, 30%-ով օպտիմալացվեց աշխատակիցների թվաքանակը՝ և այդ լրացուցիչ ձևավորվող ֆինանսական ռեսուրսները նույնպես պետք է բաշխվեն աշխատակիցների աշխատավարձերի վրա,
- Այս պահին վարչապետի աշխատակազմում գտնվող անտառային օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությամբ վերացվում է անտառային կոմիտեն, կրկին ներդրվում է ուղղահայաց կառավարման համակարգը համակարգող փոխնախարարի գլխավորությամբ,
- Հայանտառ ՊՈԱԿ-ում միավորվեցին մի քանի անտառտնտեսություններ, օպտիմալացվեցին արհեստականորեն ստեղծված հաստիքները, միավորման գործընթացը ընթացքի մեջ է,
- Մշակվել և ընդունման տարբեր փուլերում են գտնվում մթնոլորտային օդի մասին օրենքը, թափոնների մասին օրենքը, ջրային օրենսգիրքը, հողային օրենսգիրքը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության օրենքը, հարկային օրենսգիրքը և այլն։ Ամբողջությամբ կվերանայվեն և կբարձրանան բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների դրույքաչափերը,
Անտառային ոլորտ, անտառվերականգնում և պահպանություն
- 2019 թվականից աննախադեպ ծավալների անտառվերականգնման աշխատանքներ մեկնարկեցին, առաջին անգամ պետբյուջեից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվեց 424 մլն դրամ՝ անտառվերականգնման աշխատանքների համար։ 2019-ին և 2020-ին նախատեսված է իրականացնել, ընդհանուր՝ 300 հեկտար անտառվերականգնման աշխատանք միայն «Հայանատառ» ՊՈԱԿ-ի միջոցով։
- Անտառվերականգնման աշխատանքներին ներգրավվեցին ավելի քան 1000 ժամկետային աշխատողներ, այս տարի թիվը կլինի շատ ավելի մեծ,
- Անտառխախտումներն ու անտառում իրականացվող ապօրինությունների համար սահմանվեցին խիստ պատիժներ և պատասխանատվություններ, քրեական և վարչական օրենսդրության մեջ կատարվեցին փոփոխություններ, փակվեցին օրենսդրական ակտերում առկա սողանցքները,
- ՀՀ ոստիկանության, բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինների հետ համագործակցության շրջանակներում էականորն խստացվեցին ճանապարհներին փայտի տեղափոխման ստուգումները, տեղադրվեցին պահակակետեր և կատարվեցին մի շարք այլ գործողություններ,
- Ապօրինի անտառհատումների դեմ պայքարի լայնածավալ աշխատանքների շնորհիվ ԷԱԿԱՆՈՐԵՆ, անգամներով նվազեցին ապօրինի անտառհատումների ծավալները, վառելափայտի գները ամբողջ Հայաստանում կրկնակի բարձրացան, շինափայտի և փայտածուխի մեծ խմբաքանակներ սկսեցին ներկրվել արտերկրից, Հայաստանի բազմաթիվ գյուղական համայքներ, որոնք տասնամյակներով ջեռուցում էին իրականացնում փայտով՝ անցում կատարեցին վառելիքի այլ տեսակների,
- Կառավարության որոշմամբ «ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N231-Ն որոշմամբ արգելվեց վառելափայտի, անտառանյութի և փայտանյութի արտահանումը երրորդ երկրներ,
- Միջազգային գործընկերների հետ շարունակվեցին անտառվերականգնման, կոճղաշիվային աճի աջակցման, հարթակների ստեղծման աշխատանքները,
- Հայանտառ ՊՈԱԿ-ի 611 աշխատակիցներն առաջին անգամ ստացան արտահագուստ, համապատասխան սարքավորումներ, ավտոմեքենաներ, հակահրդեհային պաշտպանության միջոցներ, գրասենյակ և այլն։
- Բարձրացվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը, կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ։
- Երկու տարիների ընթացքում ազգաբնակչությանն ընդհանուր առմամբ անվճար բաժանվեց մոտ 180 000 խմ պահեստային թափուկ վառելափայտ։
- Մեկնարկեց շրջակա միջավայրի հսկողության էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքը՝ հիմք դնելով անտառապահների տեխնիկական վերազինման նորարարական լուծումներին, այս տարվա ընթացքում ամբողջովին կթվայնացվի ապօրինի հատումների, անտառատոմսերի տրամադրման, անտառվերականգնման տեղեկատվությունները և կմուտքագրվի հատուկ դրա համար նախատեսված համակարգ։ Անտառապահների շարժը և տեղադիրքը հնարավոր կլինի վերահսկել առցանց համակարգի միջոցով։
- Մեկնարկեց Նորքի անտառի վերականգնման գործընթացը, արդեն ավարտվում են նախագծային աշխատանքները, այս տարվա ընթացքում կմեկնարկի կաթիլային ոռոգման համակարգով անտառվերականգնման աշխատանքները։
- Նախաձեռնվեց «10 մլն ծառատունկի» ծրագիրը, որի վերջնաժամկետը կորոնավիրուսով պայմանավորված հետաձգվեց մեկ տարով, սակայն հակաճգնաժամային 15-րդ ծրագրի շրջանակներում հաստատվեց ուռենիների կտրոնների միջոցով ափամերձ տարածքների տնկման ծրագիրը։
Բնության հատուկ պահպանվող տարածքներ և կենսաբազմազանություն
- Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագրի շրջանակներում շարունակվում են սոցիալ տնտեսական և բնապահպանական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր, այդ թվում արևային ջրատաքացուցիչների, արևային ֆոտովոլտաիկ կայաններ, վարչական շենքի կառուցում, աղբատար մեքենայի ձեռքբերում, գյուղատնտեսական շուկայի կառուցում և այլն,
- Դրամաշնորհներ տրամադրվեցին Դիլիջան համայնքի Հաղարծին և Թեղուտ համայնքներում սեփական բիզնես ծրագրեր սկսելու և անտառի վրա ճնշումը նվազեցնելու նպատակով,
- Ստորագրվեց և մեկնարկեց մոտ 2.5 մլն դոլար արժողությամբ մեկ այլ դրամաշնորհային ծրագիր Դիլիջան ազգային պարկի և Խոսրովի անտառ արգելոցի հարակից բնակավայրերում սոցիալ տնտեսական զարգացման նպատակով,
- Բարձրացվեցին աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև պետական բյուջեից ֆինանսավորման ծավալները,
- 2021 թվականի բյուջետային հայտով ներկայացվել է կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների հաշվառում միջոցառումը, որը երբևէ չի իրականացվել Հայաստանում,
- Թեսթավորման փուլում են գտնվում մեկանգամյա արտահանման լիցենզիայի տրամադրման էլեկտրոնային համակարգի մոդուլները,
- Մշակվեց կարմիր գրքի հեռախոսային հավելվածը,
- Էկոտուրիզմի զարգացման նպատակով բնության հատուկ պահպանվող տարածքներում մշակվեցին 5 երթուղիներ, իրականացվեց պահպանվող տարածքների բրենդավորման, առցանց ծառայությունների մատուցման համակարգերի ներդրման աշխատանքները,
- Գույքագրվեց Խոսրովի անտառ արգելոցի պահպանության համար կարևորագույն նշանակություն ունեցող և միացման ենթական մոտ 8000 հեկտար պետական սեփականություն հանդիսացող տարածքները, համաձայնեցումների գործընթացի իրականացումից հետո այդ տարածքները կմիացվեն Խոսրովի անտառ արգելոցին,
- Դրամաշնորհային միջոցներով մեծաքանակ գույք, տեխնիկա, ավտոմեքենաներ, հանդերձանք, հակահրդեհային մեքենաներ հանձնվեցին բնության հատուկ պահպանվող տարածքներին,
- Գույքագրվել և լուծվել են Արփի լիճ ազգային պարկում առկա հողային վարձակալության խնդիրները,
- Քարտեզագրվել են Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները, իրականացվում են սահմանազատման աշխատանքներ, ավարտին են մոտենում Արևիք ազգային պարկի սահմանների ճշգրտման աշխատանքները,
- Մեծաքանակ ներդրումներ և աշխատանք է տարվել Դիլիջան ազգային պարկում անտառհատումների նվազեցման ուղղությամբ։
Հանքաարդյունաբերության բնապահպանական ազդեցության նվազեցում, հողեր և թափոններ
- Նախարարության կողմից մշակվել է Բագրատաշենի մաքսային անցակետում խտանյութերում մետաղների պարունակությունների ստուգման նպատակով համապատասխան զինվածություն ունեցող լաբորատորիայի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, ինչը ներկայացվել է պետական եկամուտների կոմիտեի քննարկմանը:
- Առաջին անգամ ստեղծվել է հանքաարդյունաբերության հետևանքով գոյացած 49 լքված/տիրազուրկ պոչամբարների և թափոնակույտերի բազան, հրամանով հաստատվել են առաջին 10 հրատապ ռեկուլտիվացիայի ենթակա տարածքները, (Նազիկի, Դաստակերտի, Ողջիի, Փխրուտի, Դարազամիի և Սոթքի փակված պոչամբարների և ընդերքօգտագործման թափոնների Տանձուտ, Մադան, Ախթալա և Բողաքար լքված տեղամասերի) անհրաժեշտ բոլոր հաշվարկները ներկայացվել են 2021 թվականի պետական բյուջեի հայտով և միջնաժամկատ ծախսային ծրագրերի հայտով ներառելու համար,
- Էլարդ կազմակերպության հետազոտության հիման վրա իրականացվել է մասնագիտական գնահատում և ներկայացվեց Ամուլսարի ծրագրի խնդրահարույց կետերը,
- Իրականացվեցին հողերի էտալոնային նմուշների վերցնում՝ հանքավայրերիի ազդեցության տարածքներից դուրս, չաղտոտված, գյուղատնտեսական շրջանառության մեջ չներառված հողերից:
- Փոխվեց հողային ռեսուրսների համար հաշվարկվող վնասը, որի հետևանքով մոտ 50 անգամ աճել են վճարաչափերը,
- Միջնորդագրեր են ներկայացվել 3 մետաղական հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման համար, որոնք արդեն դադարեցված են, այս պահին ևս 72 հանքավայրերի շահագործման իրավունքի դադարեցման միջնորդագրեր ուղարկված են լիազոր մարմին։
- Պոչամբարում կուտակվող թափոնները առաջին անգամ դասակարգվեցին վտանգավոր՝ 4-րդ դասի, հանքարդյունաբերողները 2021 թվականից առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում թափոնների տեղադրման համար բնապահպանական վճար կվճարեն:
- Հողային օրենսգրքով ներմուծվեց հողային ծածկույթ հասկացությունը, տարանջատվեցին ծածկույթի տեսակները և 2020 թվականին առաջին անգամ Հայաստանում կձևավորվի Հայաստանի հողային ծածկույթի վերաբերյալ դաշտային աշխատանքների արդյունքում ձևավորված տվյալներ,
- Մշակվում է Ջրային օրենսգրքի և մի շարք ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների փաթեթ, ինչի շրջանակներում նախատեսվում է վերանայել վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի վերաբերյալ դրույթը: Տնտեսվարողներին ներկայացվելու է պահանջ առհասարակ վնասակար նյութերի արտահոսքը բացառելու մասով, որպեսզի հանքավայրի կամ հարստացուցիչ ֆաբրիկայի տարածքից մակերևութային ջրային հոսքեր թափվող տեխնիկական արտահոսքերը համապատասխանեն ջրավազանային կառավարման պլանով տվյալ գետի համար սահմանված էկոլոգիական նորմերին:
- Փոփոխության փուլում է գտնվում նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը: նոր մշակված նախագծի շրջանակներում կատարվել է վարչարարության պարզեցում, հատկապես այն դեպքերի համար, երբ նախատեսվող գործունեությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա ճնշումների նվազեցմանը, բացասական ազդեցությունների բացառմանը: Նախատեսվել է փորձաքննության ընթացքում միջազգային որակավորում ունեցող փորձառու մասնագետների ներգրավումը, ինչը թույլ կտա առավել համակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը:
Միջազգային համագործակցության շրջանակները
- Մշակվեց կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմ, որի միջոցով համադրվում են երկրների արտաքին պարտքը և փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, Հայաստանի համար ծրագրի առավելագույն գումարը կարող է հասնել ավելի քան 500 միլիոն դոլարի, իսկ հնարավոր գործընկեր երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, ԱՄՆ և Ճապոնիան։ Գործիքը որպես Հայաստանի կողմից մշակված նորարարական գործիք ՀՀ վարչապետի կողմից ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում։ Ֆրանսիայից ակնկալվող համագործակցության շրջանակը պաշտոնապես ուղարկվել է Ֆրանսիայի կառավարություն, մյուս երկրների մասով հանդիպումներ են տեղի ունեցել դեսպանների հետ և ներկայացվել առաջարկությունները և ծրագիրը,
- Երկու տարիների ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը դարձավ Հայաստանի կողմից վավերացված միջազգային բնապահպանական կոնվենցիաներից 9-ի բարձրագույն որոշում կայացնող մարմինների անդամ ու առաջին անգամ Հայաստանը դարձավ Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի անդամ,
- Հայաստանը դարձավ գլոբալ բնապահպանական պակտ նախաձեռնության և աշխատանքային խմբի անդամ,
- Միջազգային շարունակական համագործակցության շրջանակներում նախաձեռնվել է մի շարք երկրների և ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ համատեղ փոխըմբռնման հուշագրերի ստորագրման գործընթաց, արդեն իսկ ստորագրվել են հուշագրեր Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի, Ավստրիայի հետ: Ստորագրման փուլում են գտնվում ոլորտում համագործակցությունը ապահովող ևս 7 երկրի հետ փոխըմբռնման հուշագրերը։
- Երկու տարում գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների, օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում իրականացվել է լայնածավալ գործընթաց, որի արդյունքում հաստատվել է տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհային ծրագրեր, որոնք իրենց ծավալներով բազմակի անգամ գերազանցում են շրջակա միջավայրի նախարարությանը պետական բյուջեով հատկացված ֆինանսավորման ծավալները,
- կայուն անտառկառավարման, կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի կատարելագործման ուղղությամբ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնված բարեփոխումները հիմք են հանդիսացել ՀՀ պետական բյուջեին KfW կողմից 40 միլիոն եվրո աջակցություն տրամադրելու համար, ևս 40 միլիոն եվրո նախատեսվում է 2020 թվականին նախարարության կողմից շրջակա միջավայրի քաղաքականության բնագավառում իրականացվող բարեփոխումների շրջանակում,
- Իրականացվում են աշխատանքներ 2019-2023թթ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հիդրոլոգիական ծրագրի միջկառավարական խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցի շուրջ։ Պայամանվորվածություն է ձեռք բերվել 2 խորհրդատվական առաքելության այցի վերաբերյալ, որի շրջանակներում պետք է գնահատվի Հայաստանում Գեոպարկերի հիմնման հնարավորությունները Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Սևանա լիճը որպես կենսոլորտային արգելավայրի կարգավիճակ ստանալու հնարավորությունները։
Հարնային իրազեկում
- հասարակության տարբեր խմբերի մոտ բնապահպանական մտածողության ձևավորման և իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով նախաձեռնվել է «Էկոհարթակ» բնապահպանական տեղեկատվական հեռուստանախագիծը։
- հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման շրջանակում մեկնարկել է «Ձեր բնապահպանը» բնապահպանական իրավունքների լուսաբանմանն ուղղված թողարկումների շարքը,
- էկոլոգիական կրթության ծրագրերի շրջանակներում իրականացրել է մի շարք աշխատանքներ, որոնց համատեքստում մշակվել է հանրային ծառայողների համար էկոլոգիական թեմաներով վերապատրաստման ծրագիր և անց են կացվել բնապահպանական դասընթացներ համայնքային և քաղաքացիական ծառայողների համար։
- Երևան քաղաքում տեղադրվել են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մոտ երկու տասնյակ սոցիալական տեղեկատվական ցուցապաստառներ:
- Մշակվել է «Բնապահպանական լրագրություն» ձեռնարկը, որն ընդգրկվել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Լրագրություն» ֆակուլտետի ուսումնական ծրագրերում։
- Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ «Կենսաբազմազանության կանաչ ավտոբուսը Արագածոտնի և Շիրակի մարզերում» ծրագրի շրջանակներում անց են կացվել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման դասընթացներ, դպրոցների գրադարաններին են տրամադրվել շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող թեմատիիկ ձեռնարկներ։
Բոլորիս մաղթում եմ առողջություն և բարեկեցություն»։
comment.count (0)