Օրվա տարբեր ժամերին՝ դրիֆթներ են կազմակերպում, ծածուկ ծառայությունը կարող է բռնել այդ մարդկանց․ պատգամավոր |armtimes.com|
09:18 - 14 մայիսի, 2020

Օրվա տարբեր ժամերին՝ դրիֆթներ են կազմակերպում, ծածուկ ծառայությունը կարող է բռնել այդ մարդկանց․ պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Ճանապարհային ոստիկանության կողմից ծածուկ ծառայություն իրականացնելու մասին ոստիկանության հայտարարությունը երեկվանից քննարկումների ու դժգոհությունների պատճառ է դարձել։ Շատերի կարծիքով՝ ոստիկանության այս «թաքնված» օպերացիան պետական բյուջե գումար ավելացնելու միջոց է:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ծածուկ ծառայությունն իրականացվելու է՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

 
 

Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների եւ տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։

Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարած վարորդին եւ, համաձայն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։

Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու եւ արձանագրելու համար։

Նշենք, որ ծածուկ ծառայությունը դեռեւս 2006 թվականի նոյեմբերի 23-ի ՀՀ կառավարության 1769-Ն որոշմամբ սահմանված ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգի ձեւերից մեկն է, որն ըստ էության չէր կիրառվում։  

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ ճանապարհապարեկային ծառայությունները տասնամյակներ շարունակ ծածուկ ծառայություն իրականացնելու լիազորություն են ունեցել։

 «Այսօր ի՞նչ իրավիճակ ունենք, վարորդները ոստիկանության մեքենա կամ տեսախցիկ տեսնելով ձգտում են խախտում չանել, բայց, եթե տեսադաշտում ոստիկանություն չկա՝ բազմաթիվ խախտումներ են կատարում՝ անգամ խուլիգանական գործողությունների նմանվող խախտումներ։ Գիշերները, օրվա տարբեր ժամերին՝ դրիֆթներ են կազմակերպում, տրանսպորտային միջոցներով՝ բարձր արագությամբ հանրային համակեցության կանոններն են խախտում, ինչը մեր բնակիչների արդարացի դժգոհությունն է առաջացնում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ մի պահ Երեւանի՝ Հարավարեւմտյան թաղամասում, Էրեբունի զանգվածում, Նորքի զանգվածում գիշերային ժամերին իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել։

«Խնդիրը այն էր, որ երբ ոստկանությունը մոտենում էր՝ արդեն մարդ չկար, բոլորը հանդարտվում էին։ Իսկ ծածուկ ծառայության դեպքում կարող են կոպիտ ասած բռնել այդ մարդկանց»,- ասաց նա։  

Պատգամավորը շեշտեց՝ ՃՈ տեսուչը պետք է պարտադիր լինի համազգեստով, իր վրա կրի բոլոր նշանները, վկայականը. «Պետք է ներկայանա այնպես, ինչպես ՃՈ մեքենայով կանգնեցնելու ժամանակ։ Պետք է մարդկանց մոտ ստեղծել այն մշակույթը, որ ցանկացած տեղ կարող է հայտնվել ոստիկանը եւ ամեն արարքի համար դու կարող ես պատասխան տալ։ Իսկ այսօր ի՞նչ ունենք, տեսնում են ոստիկան չկա՝ անում են այն ամենը, ինչ կարողանում են»։

Նա նշեց՝ ծածուկ ծառայություն իրականացնող ՃՈ ծառայողն ունի նույն լիազորությունները եւ հնարավորությունները ինչ ՃՈ մեքենաներով ծառայություն իրականացնողները. «Ոստիկանը նույնիսկ կարող է տուգանք չկիրառել, կարող է նախազգուշացնել անհրաժեշտության դեպքում։ Կարծում եմ թեթեւ խախտումների համար առաջին օրերին կզգուշացնեն»։

Խաչատրյանն ընդգծեց՝ խնդիրը տուգանելը չէ, իսկ ծածուկ ծառայությունը բավականին ծախսատար եւ մեծ ռեսուրս պահանջող ծառայություն է եւ այն տեսակետները, թե սրանով ուզում են բյուջե լցնել՝ անհիմն են. «Եթե անհրաժեշտ լինի ակտեր գրելու՝ սովորական տեսուչը կգրի եւ նախազգուշացումների փոխարեն արձանագրություններ կկազմեն։ Ծածուկ ծառայության ժամանակ 1-2 գրված արձանագրությունը ազդում է ընդհանուր ֆոնի վրա՝ բոլորը սկսում են զգուշանալ հանգամանքից, անկախ նրանից՝ ոստիկան կա, թե չկա։ Արդյունքում ունենում ենք նորմալ երթեւեկություն եւ տհաճ դրսեւորումների նվազում»։

Պատգամավորի խոսքով՝ կարգապահ վարորդին չպետք է հետաքրքրի, թե ոստիկանությունն իր ծառայությունն ինչ մեթոդներով է իրականացնելու։ Նա ասաց, որ զարգացած երկրներում՝ հատկապես եվրոպական երկրներում ծածուկ ծառայությունը գուցե եւ գերակշռում է բացահայտ ծառայությանը։  

Խաչատրյանը նշեց՝ սա նորություն չէ, հեծանիվ չեն հորինել եւ դեռեւս 2006, 2007, 2010 թվականներին մի քանի անգամ կիրառել են, արդյունքներ են ունեցել. «Կարծում եմ ներկայումս դրա կիրառման անհրաժեշտությունը կա, որովհետեւ հանրային դժգոհությունը բավականին մեծ է, ճանապարհապարեկային ծառայության ուժերն ու միջոցները բավարար չեն, որպեսզի ամեն փողոցում, ամեն խաչմերուկում տեղակայվեն, որպեսզի հսկեն բոլոր վայրերը եւ անհրաժեշտ է, որ նաեւ ծածուկ ծառայություն իրականացնեն՝ դրանով կանխարգելելով բավականին մեծ քանակով իրավախախտումներ»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել