Իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, կասկած չունենաք՝ Ձեր քեռու տղան էլ կենթարկվի, եթե օրենք խախտի. վարչապետը՝ Անի Սամսոնյանին 
 |tert.am|
19:44 - 27 մայիսի, 2020

Իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, կասկած չունենաք՝ Ձեր քեռու տղան էլ կենթարկվի, եթե օրենք խախտի. վարչապետը՝ Անի Սամսոնյանին |tert.am|

tert.am: Երկրով մեկ ընթանում են շինարարական աշխատանքներ, սակայն դրանցից մի քանիսն ընդհատվել է, որովհետև չի իրականացվում տեխնիկական վերահսկողություն, իսկ չի իրականացվում, որովհետև եղել են ընկերություններ, որոնք ներկայացրել են բանկային կեղծ երաշխիքի փաստաթղթեր: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Շինարարական կեղծ երաշխիքի փաստաթուղթ է ներկայացրել նաև «Ռաշն վոյաժ» ընկերությունը, որի տնօրենն ազգակցական կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ, իսկ մենք գիտենք, որ Իջևանի համայնքապետի պաշտոնակատարը Ձեր մտերիմն է, կնքահայրը: Ուզում եմ հասկանալ, արդյո՞ք կա հարուցված քրեական գործ այս փաստի առնչությամբ, թե ոչ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Անի Սամսոնյանը:

Վարչապետն արձագանքեց, որ այդ դեպքը բացահայտել է վարչապետի ենթակա մարմին Պետական վերահսկողության ծառայությունը, գործերն ուղարկվել են ԱԱԾ և որևէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության: «Ինչ վերաբերում է կապերին՝ Հայաստանը փոքր երկիր է, և եթե շատ քրքրենք հնարավոր է՝ Ձեր ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն: Հայաստանի Հանրապետությունում քիչ կան մարդիկ, որոնք կապի կապի կապի կապով իրար հետ կապված չեն»,- հայտարարեց վարչապետ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակակից գիտությունը հետաքրքիր հայտնագործություն է արել, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած ուրիշ մարդու հետ չորրորդ մարդու միջոցով ծանոթ է:

«Եթե Դուք ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, Դուք սխալ պատկերացում ունեք գործող իշխանության մասին: Իմ պատասխանը նույնն է, մեկ անգամ էլ եմ ասել՝ յուրաքանչյուրն իր մտապատկերի շրջանակում պետք է պատկերացում կազմի կառավարության հնարավոր գործողությունների մասին: Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության և կասկած չունենաք, որ Ձեռ քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխնատվության և Ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից և ոչ միայն Ձեր, այլ մնացած բոլորի քեռու տղաներին, քավորներին, սանիկներին բարեկամներին»,- ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել