21:05- Հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և ՂՀ իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ևս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:
20:40- Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Նրանցից 135-ը "Գլորիա" կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, այս թիվն ստացվել է "Գլորիա" ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում: Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք մահվան 1 դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: [մարզպետ Անդրեյ Ղուկասյան]
20:25- 24 ժամով դադարեցվել է Կառավարության N1 և N3 շենքերում գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը:
20:20- ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
19:15- Այն, որ մենք դեռ որոշում չենք կայացրել պարետային ժամ մտցնելու կամ սահմանափակումների ռեժիմին վերադառնալու, չի նշանակում, որ վաղը այդ որոշումը չենք կայացնելու։ [Նիկոլ Փաշինյան]
19:13- Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը, որովհետև ՀՀ քաղաքացու վարքագծի փոփոխության շնորհիվ է, որ ես հասել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին։ [Նիկոլ Փաշինյան]
19:10- Եթե կոպիտ ձևակերպեմ, ապա պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, որքան մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, ունենալ մահճակալային տեղ, վերակենդանացման բաժանմունքի տեղ։ Իհարկե, այս հզորությունները մենք զարգացնում ենք և ոչ մի միջոց չենք խնայի հետագա զարգացման համար, բայց մյուս կողմից, մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը, հակահամաճարակային շարժումն է իմ պատկերացրած այն տրամաբանությունը, որով պետք է հաղթահարենք այս անորոշ վիճակը։ [Նիկոլ Փաշինյան]
17:22 - Ոստիկանության համակարգում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 100-ի։ Վերջիններիս վիճակը կայուն է [ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյան]
17:13 - «Պարզագույն սիլլոգիզմ»:
a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։
[Լևոն Տեր-Պետրոսյան] |ilur.am|
16:17 - Պատրաստվում ենք կորոնավիրուսով հիվանդների, մասնավորապես տարեցների խնամքը հիվանդանոցից դուրս, մեկուսացված վայրում կազմակերպելու համար: [Զարուհի Բաթոյան]
16:14 - Հունիսի 10-ին Արմենիա ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի -. Երևան չվերթը։ [Արմենիա ավիաընկերության փոխնախագահ Գևորգ Խաչատրյան]
15։54 - Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ):
Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար:
Տեղեկացնեմ, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին:
[ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյան]
14։08 - Մինչ օրս Երևանի մանկապարտեզների 12 աշխատակցի մոտ է կորոնավիրուս հաստատվել, որոնցից 8-ի մոտ՝ աշխատանքի հաճախելու ժամանակ։ Աաշխատակիցների մոտ վարակը հայտնաբերելուց հետո, մանկապարտեզների որոշ խմբեր փակվել են։ [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան] |hetq.am|
13։06 - Սիրելի հայրենակիցներ, ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից: [Նիկոլ Փաշինյան]
12։44 - Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: «Գլորիա» կարի արտադրամասում գրանցվել է վարակման 54 նոր դեպք․ վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115։ [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան] |armtimes.com|
12։26 - Վրաստանի սիրելի գործընկերներ, որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ երախտագիտություն եմ հայտնում ձեզ ու վրաց ժողովրդին Հայաստանի համար այս դժվարին պահին մեզ սատարելու և աջակցության ձեռք մեկնելու համար: Վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին։ [Լենա Նազարյան]
11։31 - Նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Առայսօր հիվանդությունը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն առողջացել են, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: [Արցախի ԱՆ] [Արցախ/ Տեղեկատվական շտաբ]
11։29 - Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 22398 արձանագրություն, իսկ հունիսի 4-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 786 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]
11։00 - Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 11817 (+596)
Առողջացածներ - 3513 (+45)
Փաստացի բուժվողներ - 8052
Ընդհանուր թեստեր - 65161
Մահվան ելքեր - 183 (+7)
Մահվան ելքեր այլ պատճառով – 69 (+1)
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է: [ԱՆ]
10։01 -
Հանրային բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր է:
Բացառություն են կազմում`
✅ մինչև 6 տարեկան երեխաները
✅ մարզվողները
✅ հեծանիվ վարողները
ℹ️ Դիմակ չկրելու կամ դիմակի կրման կանոնները խախտելու համար նախատեսված է տուգանք՝ 10.000 դրամի չափով:
[Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
9։17 - Հունիսի 1-ին 2-ին 3-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 160, 48 ժամով՝ 1 տնտեսվարողի գործունեություն։
comment.count (0)