ՀՀ-ում կառավարությունը փոխում է ՀՀ քաղաքացին, ոչ թե մի խումբ մարդիկ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|
19:49 - 06 հունիսի, 2020

ՀՀ-ում կառավարությունը փոխում է ՀՀ քաղաքացին, ոչ թե մի խումբ մարդիկ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ կառավարությանն ուղղված հայտարարությունը հիմնված է նախկին հիշողության վրա, երբ նախկինում այդպիսի հայտարարություններով, միգուցե, ինչ-որ սակարկումների սկիզբ էր դնում:

Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը»-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ նիստում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ծառուկյանի հայտարարությունը: Անդրադառնալով կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին Ծառուկյանի հայտարարությանը՝ Սիմոնյանը նշեց.

«ՀՀ-ում իշխանությունը, կառավարությունը փոխում է մի սուբյեկտ՝ ՀՀ քաղաքացին, ոչ թե գործարար, ոչ թե աշխատատու, ոչ թե ինչ-որ խումբ մարդիկ: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը կարծում եմ, որ հիմնված է նախկին հիշողության վրա, երբ ինքը համագործակցում էր Հանրապետական կուսակցության հետ երկար տարիներ: Եվ նման հայտարարություններով միգուցե ինչ-որ սակարկումների, խոսակցությունների և ինչ-որ բաների սկիզբ էր դնում: Այս պարագայում սա այդ դեպքը չէ»:

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ չափ ուրախալի էր:

«Այն, ինչ որ տեղի է ունենում, կարելի է կոչել կոորդինատների ճշտում քաղաքական դաշտում: Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել, ովքեր կօգտվեն, կօգտվեն, ովքեր օգտվեցին, օգտվեցին, ովքեր՝ ոչ, ոչ: Մենք միշտ իմացել ենք, որ մեր միակ և ամենահուսալի դաշնակիցը ՀՀ քաղաքացիներն են, երբևիցե իրենց չենք դավաճանել և չենք դավաճանելու»,-ասաց նա ու նշեց՝ իսկ մնացածը ճաշակի և քաղաքական հիշողության, բնազդների հարց է:

Նա շեշտեց՝ այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այնքան էլ ճիշտ չէ և չի մոռացվելու: Սիմոնյանի խոսքով՝ շատ մոտ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի: Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Սիմոնյանը կարծում է, որ այն ուժերը, օրինակ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, Գագիկ Ծառուկյանը, հանրապետականները, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որոնք պահանջում են կառավարության, վարչապետի հրաժարականը, բոլորը պայմանավորվածության են հանգել մեկ ընդհանուր ճակատով հանդես գալու: Սիմոնյանը նշեց.

«Ես վստահ եմ, որ երեկ հնչած այն արտահայտությունը, թե պատրաստ են քննարկումների բոլորի հետ, իրականում չի համապատասխանում իրականությունը: Շատ տարբեր ինֆորմացիաներից ելնելով, ես վստահ եմ, գիտեմ, որ այդ հանդիպումներն արդեն տեղի են ունեցել, այդ խոսակցություններն արդեն տեղի են ունեցել: Մեզ համար, ՀՀ քաղաքացիների համար շատ ավելի ճիշտ ու լավ կլինի, որ բյուրեղացման պրոցես գնա և բոլորն իմանան, թե ով ով է: Քանի որ շատ հաճախ քաղաքական պրոցեսներն ԱԺ-ում, օրինակ, թաքնվում են ինչ-որ իրավական ձևակերպումների մեջ, որոնց մեջ մարդիկ ոչ հաճախ են խորանում»:

ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի եղել, չկա և չի կարող լինել: Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել`մասնավորապես նշելով, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել