armenpress.am: Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հարուստ պատմություն ունեն, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։
Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի բացման ելույթում նշեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Վերջինս կարծիք հայտնեց, որ համաժողովը կարևոր հարթակ է Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության խորացման համար։
«Այն տեղի է ունենում մեզ համար ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի համատեքստում։ Խորհրդանշական է, որ համաժողովի բացմանը մասնակցում է մեր պատվավոր հյուրը՝ ՌԴ Դաշնային ժողովի նախագահ, հարգարժան Վալենտինա Մատվիենկոն»,- նշեց Սիմոնյանը։
«Հենց միջտարածաշրջանային կապերն են, որ այս հարաբերություններին հաղորդում են կենդանի շունչ, գործնական բովանդակություն և կայունություն։ Այդ հարաբերություններն անդրադառնում են մարդու ամենօրյա կյանքի կարևոր ոլորտներին՝ տնտեսությունից, կրթությունից և մշակույթից մինչև զբոսաշրջություն ու առողջապահություն»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ անցկացվող համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ այստեղ են ձևավորվում այն նախաձեռնությունները, որոնք հետագայում իրականություն են դառնում՝ վերածվելով արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության և նորարարությունների ոլորտում հստակ ծրագրերի։
«Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել հումանիտար ոլորտում համագործակցության կարևորությունը։ Կրթության, մշակույթի, երիտասարդության ու գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում ձևավորում են երկկողմ հարաբերությունների համար ամուր և կայուն հիմք։ Ապակենտրոնացված համագործակցությունը լայն հնարավորություն է ստեղծում՝ խթանելու անմիջական կապերը ու համատեղ նախաձեռնությունները։ Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և վերափոխումների, առավել քան երբևէ կարևոր է պետությունների և տարածաշրջանների կայուն, փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանն ու զարգացմանն ուղղված քայլերը»,- իր ելույթում ընդգծեց ԱԺ նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համաժողովը նոր հնարավորություններ կստեղծի հայ-ռուսական համագործակցության համար՝ խթան հանդիսանալով գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման և միջտարածաշրջանային կապերի խորացման համար։
comment.count (0)