Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին |news.am|
17:07 - 10 հունիսի, 2020

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին |news.am|

news.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին հայտնեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործի վերաբերյալ մամուլում եղել էին հրապարակումներ։

Հարցին՝ այդ գործի հրապարակումը եթե անօրինական է եղել, ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի, Էմին Խաչատրյանն ասաց. «Որ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի, դա հաստատ է, քանի ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանվում է, որ դռնփակ դատական նիստերով կայացված որոշումները, վճիռները հրապարակման ենթակա չեն, դրանք իմպերատիվ պահանջներ են եւ պարունակում են ՀՀ ՔՕ 144-րդ հոդվածի (Մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներ։ Բացի դրանից, այդ փաստաթղթերն ամեն մեկին չէ որ հասանելի են լինում, ըստ էության, գտնում ենք, որ ինչ-որ պաշտոնատար անձի  բացթողման կամ անփութության կամ իր լիազորությունները չարաշահելու արդյունքում են, որ դրանք հայտնի են դարձել երրորդ անձանց. խնդրել ենք նաեւ, որ հարուցվի քրգործ 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում)»։

Հարցին՝ ըստ իրենց՝ ո՞վ կարող է լինել պաշտոնեական դիրքի չարաշահող անձը, փաստաբանն ասաց. «Այն ինչը նշում եմ, դրանք առայժմ ենթադրություններ են։ Եթե հետազոտեք այդ փաստաթղթերը, ապա կտեսնեք, որ վերեւի աջ անկյունում գրիչով կամ մատիտով համարակալված է։ Դրանից կարող ենք հետեւություն անել, որ այդ փաստաթղթերը դուրս է բերված արխիվային գործից։ Այդ գործը ժամանակին արխիվացվել է ու այդ գործից է դուրս եկել։ Եթե սովորական անձանց, իրավաբաններին դատարանը որոշում կամ դատավճիռ է ուղարկում, ապա այդ դատավճիռները համարակալում չունեն, այն էլ մատիտով կամ գրիչով։ Դրանք, ըստ պրակտիկայի, միայն քրգործերն են համարակալվում»։

Էմին Խաչատրյանը շեշտեց, որ եթե հրապարակվում էր այդ գործը, ապա թող հրապարակվեր նաեւ 2001 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որով Գագիկ Ծառուկյանն արդարացվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել