Ըստ վարչապետի՝ մասսայական թեստավորման համար ֆինանսական խնդիր չկա, կա հզորությունների զարգացման հարց
17:07 - 12 հունիսի, 2020

Ըստ վարչապետի՝ մասսայական թեստավորման համար ֆինանսական խնդիր չկա, կա հզորությունների զարգացման հարց

Հայաստանում բնակչության մասսայական թեստավորում իրականացնելու համար ֆինանսական խնդիր չկա, սակայն կա հնարավորությունների, հզորությունների զարգացման հարց: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝  արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի դիտարկմանը, թե որոշ երկրներում մասսայական թեստավորումներ են արվել, որոնք օգնում են կտրուկ նվազեցնել թիվը:

Պատգամավորի խոսքով՝ մայիսի 7-ին Ուկրաինայում է մասսայական թեստավորման որոշում  ընդունվել, Մոսկվայում մայիսի 15-ից ևս ընթանում են մասայական թեստավորումներ: Իսկ ամենացայտուն օրինակը բերեց Հարավային Կորեան, որտեղ պատգամավորի խոսքով՝ փետրվարից անցկացվում են մասսայական թեստավորումներ:

 

«Համաձայն եմ, բայց դա նաև հնարավորությունների հարց է, որովհետև այդ թեստավորումը բավականին բարդ պրոցես է, նաև հզորությունների հարց կա: Երեկ Առողջապահության նախարարությունը մեր խորհրդակցության ժամանակ ասում էր, որ փողը ձեռքներս թեստավորման համար անհրաժեշտ հզորություններն ավելացնելու սարքավորումներ չենք կարողանում ձեռք բերել: Փողի խնդիր չկա: Ամբողջ աշխարհում այդ ապրանքների շատ մեծ դեֆիցիտ է, և հերթի կանգնած պետք է սպասենք, որ դա ձեռք բերենք»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 11-ին արվել է 2297 թեստավորում, ոչ թե այդքան մարդու, այլ այդքան թեստ: «Սա համարյա մեր եզրային գիծն է: Համաձայն եմ դրա հետ, դա որոշումով չէ: Եթե իմանամ, որ հիմա գնամ որոշում ստորագրեմ, հաջորդ օրվանից դա տեղի կունենա, հենց հիմա ստորագրեմ, բայց ուղղակի պետք է հզորությունները զարգացնենք: Ֆինանսական խնդիր չունենք»,-նշեց նա:

Փաշինյանը նաև ներկայացրեց թվային ցուցանիշներ. « Հարավային Կորեան 1 մլն մարդու հաշվով արել է 21 հազար թեստ, Ուկրաինան՝ 10 հազար թեստ, մենք՝ 25 հազար թեստ: Այսինքն՝ 1 մլն մարդու հաշվարկով մենք ավելի շատ թեստ ենք արել: Ամեն օր արձանագրվում է, որ ինչքան շատ անենք, այնքան լավ: Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ հզորությունները զարգացնենք, որպեսզի կարողանանք այդ խնդիրը հնարավորինս շատ լուծել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել