Օնիկ Գասպարյանն այցելել է ՊԲ
17:42 - 17 հունիսի, 2020

Օնիկ Գասպարյանն այցելել է ՊԲ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 16-ից 17-ը  աշխատանքային այցով Արցախի հանրապետություն և ՊԲ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ, Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, ընդգծվել է մարտական ու ապահովման ոլորտներում համագործակցության շրջանակներն ու մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանական ներուժի ընդլայնման անհրաժեշտությունը:

Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ներկա է գտնվել նաև բանակի բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ անցկացված լսումներին, հետևել հյուսիս-արևելյան ուղղությամբ իրականացվող տեղազննման և առաջնագծի ինժեներական լրակահավորման աշխատանքներին:

Նշված միջոցառումների և առհասարակ աշխատանքային այցի ամբողջ ընթացքում, ըստ ուղղությունների, համապատասխան զինվորական պաշտոնյաների կողմից ներկայացվել են զեկույցներ, տարածաշրջանում առկա ուժերի հարաբերակցության, օպերատիվ-մարտավարական իրավիճակի հավանական զարգացումների, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման և հարակից այլ հարցերի վերաբերյալ:

Աշխատանքային այցի ընթացքում նաև ճշգրտվել են ռազմական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերն ու հստակեցվել  այն բոլոր անելիքները, որոնք նախատեսված են կյանքի կոչել առաջիկայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել