«Գազպրոմ Արմենիա»-ում նախատեսվում է 1000 աշխատողի կրճատում |armenpress.am|
15:22 - 19 հունիսի, 2020

«Գազպրոմ Արմենիա»-ում նախատեսվում է 1000 աշխատողի կրճատում |armenpress.am|

armenpress.am: «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի խոսքով՝  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած տարիֆների արդյունքում ընկերությունը հուլիսի 19-ից սկսած այլևս չի կարող վճարել 1000 աշխատողի, այսինքն` կարվեն այդ չափով կրճատումներ: Թադևոսյանն այս մասին ասաց ՀԾԿՀ-ում լրագրողների հետ զրույցում: 

«Երբ տարիֆում նախատեսված է այդքան, ես չեմ կարող պահել, 1000 մարդ ինձ մոտ չի վճարվելու հանձնաժողովի նշած տարիֆով՝ սկսած 2020-ի հուլիսի 19-ից: Ես պետք է հենց հուլիսի 19-ին ունենամ 1000 հոգու կրճատում, որպեսզի ֆինանսական բալանսը չխախտեմ»,-ասաց Թադևոսյանը: 

Ընկերությունը դեռ հստակ չգիտի, թե որ հազար հոգուն կրճատի: Տնօրենը հանձնաժողովին հորդորել է ներկայացնել կրճատվող աշխատողների հաստիքացուցակ, որպեսզի ընկերությունը լիցենզիայիով նախատեսված իր հետագա աշխատանքները կազմակերպելու հնարավորություն ստանա և կանխատեսվող խնդիրները ՀԾԿՀ-ի հետ լրացուցիչ քննարկի ու գտնի լուծումներ: 

Առաջին մեծաքանակ կրճատումը, ոը ընկերության տնօրենը տեսնում է, հսկիչների շրջանում է: Նրա խոսքով՝ այդ որոշումն արդեն կայացվել է մեկ տարի առաջ ՀԾԿՀ-ի կողմից: «2 անգամ պակասեցվել է հսկիչի գործը, այսինքն այն գործը, որ պետք է անեին 3 օրում, հիմա թույլատրված է անել 6 օրում: Այսինքն` օրենքով նման աշխատանքի պահանջարկ չկա: Դրա համար ենթադրում ենք, որ 50 տոկոսով հսկիչները կրճատվելու են»,-ասաց տնօրենը:

Թադևոսյանի խոսքով ՝ հիմա իրենք փորձում ենք կազմակերպել, մեթոդոլագիան գտնել և գնալ առաջ: 

«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ ինքը մոտ 15 օր առաջ նամակ է ուղարկել «Գազպրոմ»-ի ղեկավարությունը՝ իր աշխատավարձը պակասեցնելու համար: «Որպեսզի ես նույնպես զգամ այն բեռը, որ զգալու են բոլորը: Ես պաշտոնապես նամակ եմ ուղարկել և սպասում եմ պատասխանին»,-ասաց նա: 

«Գազպրոմ Արմենիա»-ում աշխատավարձերի այլ կրճատումներ ևս սպասվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել