Արարատի մարզում մեծ թափով ընթանում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները
18:27 - 30 հունիսի, 2020

Արարատի մարզում մեծ թափով ընթանում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները

Արարատի մարզում մեծ թափով ընթանում են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները՝ ասֆալտապատումից մինչև խմելու ջրի գրագծի կառուցում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արարատի մարզպետարանի կողմից իրականացվող մշտադիտարկմանն այսօր մասնակցել եմ նաև ես: Շրջայց եմ կատարել մարզի Այգավան, Նարեկ և Շահումյան համայնքներում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին»,-գրել է մարզպետը:

Այգավան համայնքում իրականացվում են դեպի մանկապարտեզ տանող Գառնիկ Ղուկասյան փողոցի 630 մետր և 276 մետր հատվածների ասֆալտապատման աշխատանքներ: 2019թ. սուբվենցիոն ծրագրով իրականացվել է 300 մ ասֆալտապատում, ներկայումս 34.4կմ-ից ասֆալտապատ է 25%-ը:

Ծրագրով ներկայացված փողոցները տանում են դեպի մանկապարտեզ, որից օգտվում է 130 երեխա, իսկ ճանապարհի երկրորդ հատվածը տանում է Արցախյան պատերազմի հերոսների հուշահամալիր: Ծրագրի արժեքը կազմում է 56 285 900 դրամ:

Նարեկ համայնքում կառուցվում է 356,5 մ երկարությամբ արտաքին կոյուղագիծ և 756,1 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծ: Ջրամատակարարման տևողությունը կհասնի օրական 12 ժամի: Ներկայումս ապահովվում է 2 ժամ խմելու ջրի մատակարարում:

2019թ. սուբվենցիոն ծրագրով կառուցվել է խմելու ջրագծի մի հատվածը և պոմպակայանը, սույն ծրագրով այն կամբողջանա: Համայնքն ունի 2 օրվա կարգավորող ջրամբար՝ 250 և 500 տոննա տարողությամբ, որոնք աշխատում են անխափան: Ծրագրի արժեքը կազմում է 17 247 440 դրամ:

Շահումյան համայնքում նախատեսվում է Շահումյան համայնքի կենսական նշանակություն ունեցող և առավելագույնս բանուկ փողոցների լուսավորության ցանցի կառուցում՝ մոտ 700 մ երկարությամբ 50WT հզորությամբ 218 LED լուսատուների տեղադրմամբ: Ծրագրի արժեքը կազմում է 29 365 150 դրամ:

Աշխատանքներին հետևելու ընթացքում մարզպետը զրուցել է նաև համայնքների բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները՝ կատարվող աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել բնակիչներին հետաքրքրող հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել