hetq.am: Դեռևս հունիսի սկզբին խորհրդարանն արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում էր ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրել մեկուսացած և ինքնամեկուսացած վարձու աշխատողներին:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, սակայն չէր ստացել Կառավարության դրական եզրակացությունը: Ըստ գործադիրի ներկայացուցչի` հաշվարկները հստակ չէին: Ինչից հետո նախագծի հեղինակն այն տեղափոխել էր գրավոր առաջարկների փուլ:
Նարեկ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագիծն առաջարկների ներկայացման փուլում է, քննարկումներ են իրականացնում Կառավարության հետ, ինչպես նաև հաշվարկների հստակեցում, անձանց քանակի և ֆինանսական ծախսերի կանխատեսում:
Մեր դիտարկմանը, որ ստացվում է այն մեկուսացած և ինքնամեկուսացած վարձու աշխատողները, որոնք կարող էին օգտվել այս օրենքի փոփոխությունից, եթե այն արդեն իսկ գործեր, այժմ որևէ փոխհատուցում չեն ստանում, Զեյնալյանն ասաց.
«Ժամանակավոր անաշխատունակության փոխհատուցումը վեց ամսվա ընթացքում է իրականացվում, եթե անձն այսօր ժամանակավորապես անաշխատունակ է ճանաչվել, հաջորդիվ վեց ամսվա ընթացքում կարող է այդ փոխհատուցումը ստանալ: Նաև նախագծով հետադարձություն էր նախատեսվում մարտի մեկից ծագած իրավահարաբերությունների վրա, նախնական տարբերակում այդպես էր: Կառավարության հետ քննարկման արդյունքում թե ինչ փոփոխություններ կանենք` կախված հնարավոր ծախսեր մեծությունից, դա արդեն քննարկման արդյունքում կերևա»:
Պատգամավորի հեղինակած փոփոխությունները վերաբերում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներին:
Զեյնալյանի խոսքով` ամենայն հավանականությամբ նախագիծը երկրորդ ընթերմամբ կներկայացվի մինչ աշնանային նստաշրջան:
Նախագծի` առաջին ընթերցմամբ քննարկմանը` հունիսի 3-ին, Նարեկ Զեյնալյանը հայտնել էլ, որ մինչ այժմ մեկուսացածների թիվը 5000 է, ինքնամեկուսացածներինը` 18 հազար, սակայն հստակ չէ, թե այդ ցանկում քանիսն են վարձու աշխատող:
Հիշեցնենք նաև, որ ըստ օրենքի` ժամանակավոր անաշխատունակության դեպքում քաղաքացին առաջին օրը չի վարձատրվում, հաջորդ հինգ օրերը վճարում է գործատուն, մյուս օրերը` պետությունը: Հետևաբար, փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում որոշակի ֆինանսական պարտավորություններ կդրվեն նաև գործատուների վրա:
comment.count (0)