«ՀԷՑ»-ի տեսուչների կողմից էլեկտրաէներգիայի հավելագրումները եղել են 1-10, երբեմն էլ՝ ավելի քան 200 կՎտ/ժ. ՀԾԿՀ |armtimes.com|
13:17 - 10 հուլիսի, 2020

«ՀԷՑ»-ի տեսուչների կողմից էլեկտրաէներգիայի հավելագրումները եղել են 1-10, երբեմն էլ՝ ավելի քան 200 կՎտ/ժ. ՀԾԿՀ |armtimes.com|

armtimes.com: Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով: Դրա համար հիմք հանդիսացած պատճառները մի քանիսն են, բայց առաջին տեղում էլեկտրաէներգիայի ծախսի հավելագրումներն են: Նկատենք, որ սպառողների շրջանում դրա վերաբերյալ կասկածներն արդեն քրոնիկական բնույթ ունեն: Կառավարության մարտի 5-ի նիստում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել խնդրին՝ նշելով, թե հաճախ է ազդակներ ստանում, որ այդ ոլորտում ինչ-որ բան այն չէ:

Կառավարության անդամներից ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողի նախագահ Գարեգին Բաղրամյանից նա հետաքրքրվել էր, թե ո՞վ է երաշխավորում կոմունալ վճարների հաշիվների ճշգրտությունը, եւ արդյոք հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի ծախսը հավելագրել թեկուզեւ մեկ-երկու դրամ, որը բաժանորդն ամենայն հավանականությամբ չի էլ նկատի, բայց ինչ-որ մարդիկ դրա շնորհիվ կարող են միլիարդներ աշխատել (ՀԷՑ-ը, ի դեպ, մեկ միլիոն բաժանորդ ունի): Այժմ, փաստորեն, հավելագրումների մասին կասկածները միս ու արյուն են ստանում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքային խումբը ստեղծվել է ապրիլի 30-ի որոշմամբ, ուսումնասիրություններն իրականացվել են մայիսի սկզբին, մասնավորապես՝ «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում:

Մայիսի 4-8-ը իրականացվել է թվով 720 սպառողների առեւտրային հաշվառքի սարքի զննում եւ փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված հաշվիչների ցուցմունքների հետ: Արդյունքում պարզվել է, որ ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 33 հաշվիչներով արձանագրված ցուցմունքերն ավելի մեծ են, քան նույն հաշվիչներից կարդացված ցուցմունքերը:

Նույնատիպ պատկեր է ստացվել «Դիլիջան» էլեկտրական ցանցում, 30 հաշվիչի դեպքում:

ՀԾԿ հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը մանրամասնեց, որ արձանագրված հավելագրումների գերակշիռ մասը տատանվում է 1-10 կՎտ/ժ-ի սահմաններում, կան նաեւ մի քանի դեպքեր, երբ հայտնաբերվել են ավելի մեծ հավելագրումներ՝ ավելի քան 200 կՎտ/ժ:

Այն հարցին, թե ինչպե՞ս է կատարվել նշված 720 բաժանորդի ընտրանքը, եւ արդյոք կարելի՞ է դա դիտարկել՝ որպես սոցիոլոգիական ուսումնասիրություն՝ խախտումների տոկոսային հարաբերությունը պրոյեկտելով ողջ հանրապետության վրա՝ Ազիզյանը պատասխանել է, որ մոնիթորինգը չի իրականացվել պատահական ընտրության սկզբունքով, ուստի այն չի կարող պրոյեկտվել ողջ հանրապետության վրա: «Հաշվի առնելով քաղաքացիների դիմում-բողոքները՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով, որի արդյունքում «Արարատ», «Աշտարակ» եւ «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացվել է մոնիթորինգ»,- նշեց նա:

Անդրադառնալով ստուգումների պարբերականության մասին հարցին՝ նա հաղորդեց, որ դրանք կատարվում են՝ ըստ անհրաժեշտության՝ ելնելով բաժանորդների դիմումների բնույթից, իսկ հիմա հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված (COVID-19) իրավիճակը՝ մեծածավալ մոնիթորինգներ չեն իրականացվում:

Բացահայտվել է յոթ հաշվիչ, որ ընդհանրապես ներառված չի եղել ցուցմունքների ֆիքսման բլանկներում, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ, եւ հետեւաբար առանձին հաշվառման քարտ չի ունեցել. ովքե՞ր են եղել այդ բաժանորդները՝ հայտնի դեմքե՞ր, ՀԷՑ-ի աշխատակիցների մտերիմնե՞րը, նրանց ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարել են ուրիշնե՞րը, թե՞ ցույց է տրվել կորուստ՝ կոռուպցիայի կասկածով տրված հարցերին ի պատասխան՝ մամուլի քարտուղարը հաղորդեց. «Ձեր հարցադրմամբ նշված երեւույթներն առկա չեն: Վարույթի ընթացքում «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից տրվել են համապատասխան պարզաբանումներ այդ հաշվիչների վերաբերյալ: Այդ հաշվիչները հիմնականում եղել են որպես պահուստային հաշվիչներ, իսկ մեկը չի եղել լարման տակ»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել