ՀԾԿՀ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծվել է 2004 թ. դեկտեմբերի 25-ին։ Կարգավորում է էներգետիկայի բնագավառը, ջրային համակարգը և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը։

Վաղը քննարկելու ենք ջրի սակագնի փոփոխության հարցը. սակագինը 2,4 դրամով դրամով կնվազի, բայց սպառողը դա չի զգա. Բաղրամյան
 |news.am|

Վաղը քննարկելու ենք ջրի սակագնի փոփոխության հարցը. սակագինը 2,4 դրամով դրամով կնվազի, բայց սպառողը դա չի զգա. Բաղրամյան |news.am|

news.am: Վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու, սակայն սպառողը չի զգա փոփոխությունները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ «Գործող 208,4 դրամ սակագինը նվազեցվում է մինչեւ 206 դրամ: Կա արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, ընդամենը սուբսիդիայի մեծությունը կփոխվի: Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,–ասաց նա։      
13:16 - 28 նոյեմբերի, 2023
ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին

ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի գործարքին։ ՀԾԿՀ-ն նման որոշում է կայացրել նոյեմբերի 15-ին կայացած նիստի ընթացքում։ Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք կբերի Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը։ ՀԾԿՀ-ի որոշման մեջ նշվում է՝ ԲՏԱ-ն հայտնել է, որ գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ չունի՝ գրությանը կից ներկայացնելով Հայտի առնչությամբ դիտողություն չունենալու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԾԿՀ-ն մերժել էր «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքին համաձայնության տրամադրումը։ ԲՏԱ նախարարությունը՝ որպես իրավասու մարմին, առարկել էր գործարքի կնքումը՝ հաշվի առնելով, որ այն վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։  
17:19 - 15 նոյեմբերի, 2023
«Յուքոմ»-ի բաժնետոմսերը գրավադրվել են
 |civilnet.am|

«Յուքոմ»-ի բաժնետոմսերը գրավադրվել են |civilnet.am|

civilnet.am:  Հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ»-ի բաժնետոմսերի մոտ 78 տոկոսը կգրավադրվի «Արդշինբանկ»-ում։ «Յուքոմ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բաժնետոմսերի գրավադրմանը համաձայնություն տալու համար, հանձնաժողովն էլ համաձայնություն է տվել գործարքին։ Այս տարվա օգոստոսի 31-ին, սակայն, ՀԾԿՀ-ն նույն գործարքի կատարումը մերժել էր, քանի որ դրան դեմ էր արտահայտվել Ազգային անվտանգության ծառայությունը։ Շուրջ 2 ամիս անց, այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ն գործարքին համաձայնություն է տվել։ Դրանով կգրավադրվեն «Յուքոմ»-ի բաժնետոմսերի մոտ 78 տոկոսը։ Դրանից ավելի քան 29 տոկոսը պատկանում է «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, որի սեփականատերը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքն է։ Գրավադրվել են նաև Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Արտյոմ Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին պատկանող 24 տոկոսի բաժնետոմսերը։ Սա որպես ապահովության միջոց է՝ «Արդշինբանկ»-ից վարկ ներգրավելու համար։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու ԱԱԾ-ն գործարքի հարցում առարկություններ չեն ներկայացրել։ «Սիվիլնեթ»-ի հարցին, թե ինչու՞ է օգոստոսին մերժված գործարքը հավանության արժանանում հոկտեմբերին, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց՝ նախորդ անգամ բացասական եզրակացությունը եղել էր ԱԱԾ կողմից, իսկ հիմա «որոշման պայմանները փոխվել են, փոխվել է նաև ներգրաված գումարի չափը»։ Չնշելով ներգրավվելիք վարկի չափը՝ Բաղրամյանը տեղեկացրեց, որ վարկային միջոցներն ուղղվելու են ընկերության վերաֆինանսավորմանը. «Ամենագլխավոր նպատակը եղել է թեթևացնել ընկերության հիմնական ֆինանսական բեռը՝ վերցրած վարկերի մարում և այլն։ Կային նաև այլ նպատակներ»,- փոխանցեց Բաղրամյանը։ «Յուքոմ»-ը Հայաստանում ֆիքսված ինտերնետի մատուցման առաջատարն է, ունի սեփական օպտիկամանրաթելային ցանց։ Ընկերությունն ունի շուրջ 1 400 աշխատակիցներ։ «Յուքոմ»-ի ֆիքսված և շարժական կապի ծառայություններից օգտվում է ավելի քան 700 000 բաժանորդ։ Այս տարվա մարտին «Յուքոմ»-ի գլխավոր տնօրեն դարձավ «ՄՏՍ-Հայաստան»-ի երկարամյա նախկին տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  
16:28 - 24 հոկտեմբերի, 2023
Դատախազությունը պահանջում է ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից բռնագանձել 8 անշարժ գույք և շուրջ 1 մլրդ դրամ

Դատախազությունը պահանջում է ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից բռնագանձել 8 անշարժ գույք և շուրջ 1 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռ.Ն.-ից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 8 անշարժ գույք Երևան քաղաքում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ ավելի քան 1 մլրդ 430 մլն դրամ. 734 մլն դրամին համարժեք ավանդներ և պարտատոմսեր. ավելի քան 1 մլրդ 705 մլն դրամ:
16:20 - 15 սեպտեմբերի, 2023
Եթե ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք. ՀԾԿՀ |armeniasputnik.am|

Եթե ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք. ՀԾԿՀ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եթե հանրապետությունում ջրանջատումները կապված լինեն սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա օպերատորը կստանա ավտոմատ տուգանք։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով վերջին շրջանում հաճախակի դարձած ջրանջատումների մասին հարցին։ «Այս դեպքում մենք երկարաժամկետ վարույթ չենք իրականացնում, ավտոմատ տուգանքները փոխանցվում են սպառողի հաշիվներին»,- ասաց նա։ Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ կա նաև տուգանքների այլ ձև, երբ հանձնաժողովը վարույթ է իրականացնում ու տուգանքներն այդ դեպքում փոխանցվում է պետական բյուջե։ Նա նշեց, որ այս պահին բազմաթիվ բողոք–դիմումներ կան իրենց մոտ քննվող, որոնք ուղղված են «Վեոլիա ջուր» ընկերությանը, բայց հավելեց, որ դա սեզոնային է ու ամեն ամառ էլ լինում է։ Բաղրամյանը նշեց նաև, որ ջրի որակի հետ կապված վարույթ իրականացնելու հնարավորություն ՀԾԿՀ-ն չունի։ Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ջրանջատումները հատկապես ցերեկվա ժամերին։ Սա հանրության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանն այս օրերին հասնում է +40–ի։
13:10 - 17 օգոստոսի, 2023
Հիմնականում խնդիրը սեզոնային է. Գարեգին Բաղրամյանը՝ շոգ օրերին ջրանջատումների մասին
 |1lurer.am|

Հիմնականում խնդիրը սեզոնային է. Գարեգին Բաղրամյանը՝ շոգ օրերին ջրանջատումների մասին |1lurer.am|

1lurer.am: Ջրամատակարարման խնդիրները հիմնականում սեզոնային են: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքին ու շոգ օրերի ընթացքում հաճախակի ջրանջատումների դեպքերին: «Վերահսկողության մեխանիզմներ ունենք: Պարբերաբար բողոքներ ստանում ենք, և սեզոնային առումով միշտ ամառային ամիսներին բողոքներն անգամներով շատանում են իրոք: Այո՛, հսկողությունը կա, ցանկացած բողոք իր արձագանքը մեր կողմից ստանում է: Մենք էլ ենք արձանագրում, որ կան խնդիրներ: Որոշակի խնդիրներ, իհարկե, առաջանում են, որովհետև համակարգում ներդրումային միջավայրը սուղ է, և որոշակի ներդրումների կարիք կա: Բայց հիմնականում խնդիրը սեզոնային է»,- ասաց նա:
13:53 - 11 օգոստոսի, 2023
ՀԾԿՀ-ն մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը

ՀԾԿՀ-ն մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը։ ԲՏԱ նախարարությունը` որպես իրավասու մարմին, առարկել է գործարքի կնքումը՝ հաշվի առնելով, որ այն վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։ ««ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել Ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրոպ Լիմիթիդ» ընկերությունը (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ձեռք բերել վերջինիս պատկանող' Ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) բաժնետոմսերի 100 տոկոսը: Հաշվի առնելով, որ «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր հերթին պատկանում է ռոսաստանյան հեռահաղորդակցության օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը (Ռուսաստանի Դաշնության օրենքների համաձայն գրանցված ընկերություն), նշված գործարքի կնքման արդյունքում Ընկերությունն այլևս չի հանդիսանա «ՄՏՍ խմբի» մասնակից։․․․ ԲՏԱ նախարարությունը հարցը քննարկել է ՀՀ շահագրգիռ մարմինների հետ, իրեն վերապահված իրավասությունների սահմաններում, հիմք ընդունելով Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, առարկել է գործարքի կայացմանը։ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե իրավասու մարմնի գնահատմամբ՝ վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը․․․»,- նշված է ՀԾԿՀ որոշման մեջ։  Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստան»-ը դիմել էր ՀԾԿՀ՝ վաճառքի գործարքի թույլտվության համար։  Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել էր իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվել էր հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։   
15:21 - 10 ապրիլի, 2023
«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, դիմել են ՀԾԿՀ՝ գործարքի թույլտվության համար
 |civilnet.am|

«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է, դիմել են ՀԾԿՀ՝ գործարքի թույլտվության համար |civilnet.am|

civilnet.am: Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ գործընթացները վերջնականացման փուլում են։ Ընկերությունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար։ Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել է իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվեց հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։ Հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Հունանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ «ՄՏՍ-Հայաստան»-ի դիմումին հանձնաժողովն ընթացք է տվել, ու այժմ քննարկումների փուլն է. «Գործարքը դեռ տեղի չի ունեցել, համաձայնեցման փուլն է, ու դա առևտրային գաղտնիք է ընկերության համար»,- ասաց նա։ Ըստ ընթացակարգի՝ ՀԾԿՀ-ն դիրքորոշումներ է հայցել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից։ Հունանյանը նաև չհայտնեց՝ ընկերությունը, որը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերը, Հայաստանում է գրանցված թե ոչ։ «Վիվա-ՄՏՍ»-ի բաժանորդների թիվը Հայաստանում գերազանցում է 2 միլիոնը և այն ունի ամենամեծ բաժանորդային բազան Հայաստանում։ Բջջային հեռախոսակապի շուկայում «Վիվա-ՄՏՍ»-ը առաջինն է, «Յուքոմ»-ի ու «Թիմ տելեկոմ»-ի հեռախոսակապի բաժանորդների ընդհանուր թիվը էականորեն զիջում է «Վիվա-ՄՏՍ»-ի բաժանորդների թվին։ Այժմ ընկերության հիմնական բաժնետերը ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովն է։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
11:57 - 13 մարտի, 2023
Էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ դրամի արժևորումը. պարզաբանում է ՀԾԿՀ պաշտոնյան

 |armenpress.am|

Էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ դրամի արժևորումը. պարզաբանում է ՀԾԿՀ պաշտոնյան |armenpress.am|

armenpress.am: Փոխարժեքը բազմաթիվ գործոններից միայն մեկն է, որը կարող է ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի, գազի սակագների ձևավորման վրա. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց, 2 շաբաթվա ընթացքում արդեն հստակություն կլինի: Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա նախևառաջ կարևոր է ներկրման գինը. միայն սա հստակեցնելուց հետո հանձնաժողովը կարող է նախաձեռնել սակագնի վերանայում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը խոսել է էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա դրամի արժևորման հնարավոր ազդեցությունից: Անդրադառնալով էլեկտրաէներգիային՝ Ուլիխանյանն ասաց. «Ամեն տարի ընդհանուր համակարգում վերանայում իրականացվում է, սակայն սպառողի համար սակագինը կարող է փոխվել, կարող է չփոխվել: Բայց արտադրողների, ծառայություն մատուցողների մոտ ամեն տարի վերանայում իրականացվում է: Փոխարժեքն էլ այն բազմաթիվ գործոններից մեկն է, որ ազդեցություն է ունենում: Նախորդ տարիներին ևս փոխարժեքը հաշվի առնվել է, սակայն նախորդ տարիներին նման մեծ շեղում չի եղել, մեծ ազդեցություն չի ունեցել: Իսկ այս տարի շեղումը մեծ է, հետևաբար մեծ ազդեցություն կունենա»,- ասաց Ուլիխանյանը: Հանձնաժողովն այս պահին իրականացնում է վերանայում: Աշխատանքները սկսվել են սեպտեմբերի կեսից: «Երկու շաբաթվա ընթացքում նոր միայն վերջնական հստակություն կլինի: Այս պահին դեռ կատարվում են ուսումնասիրություններ, վերլուծություններ: Մինչև տարվա վերջ պետք է ներկայացվի նիստի քննարկմանը»,- նշեց Ուլիխանյանը: Թե ինչ չափով կարող է ազդել, նա չի կարող ասել, սակայն այն, որ ազդեցությունը դրական է լինելու, միանշանակ է: Իսկ թե արդյոք փոխարժեքը վերջնական սպառողի սակագնի ձևավորման վրա կունենա ազդեցություն, թե ոչ, կախված է նաև մյուս գործոնների ազդեցությունից: «Ունենալու ենք թե դրական կերպով ազդող գործոններ՝ այդ թվում փոխարժեքը, թե բացասական ազդող գործոններ: Օրինակ, սակագնի ավելացման տեսանկյունից բացասական գործոններից մեկն այն է, որ 2021 թվականին համակարգում ներդրումներ են իրականացվել, և դրանք պետք է սակագնով փոխհատուցենք: Սա ևս ներառելու ենք սակագնի հաշվարկներում: Այն իր չափով կբերի սակագնի ավելացման, փոխարժեքն էլ կբերի նվազեցման»,- ասաց Ուլիխանյանը: Սակագնի ձևավորման վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոններից է նաև արտադրության հաշվեկշիռը: Այսօր էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ դեռևս քննարկումներ են ընթանում առաջիկա տարվա արտադրության հաշվեկշռի շուրջ: Այդ հաշվեկշիռը դեռ չկա: Այսպիսով կարող են լինել թե դրական, թե բացասական գործոններ: «Այդ բոլոր դրական, բացասական գործոնների հանրագումարում միայն կերևա՝ ընդհանուր արդյունքը դրակա՞ն է, թե՞ բացասական: Եթե ընդհանուր արդյունքը լինի դրական, միանշանակ սպառողի սակագնի նվազեցում կլինի, բայց սա դեռ ուսումնասիրության փուլում է»,-ասաց Ուլիխանյանը: Իսկ ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա խոշոր սպառողների համար ամսական 10 հազար խմ սպառման համար ԱՄՆ դոլարով արտահայտված բանաձև է հաշվարկվում, և ամեն ամսվա փոխարժեքով, բանաձևով հաշվարկվում է տվյալ ամսվա դրամական արտահայտությամբ սակագինը: Ուլիխանյանն ընդգծեց՝ այսինքն՝ խոշոր սպառողներն այսօր արդեն դրամով արտահայտված ավելի քիչ են վճարում փոխարժեքի նվազման արդյունքում: «Իսկ ինչ վերաբերում է բնակչության համար սակագնին, ապա մեծ նշանակություն ունի նաև, թե ինչ ներկրման գին կունենանք 2023 թվականի համար: Եթե ներկրման գինը 2023 թվականի համար մնա նույնը, ապա վերանայում, իհարկե, կիրականացնենք: Եթե «Գազպրոմ Արմենիա»-ն չդիմի էլ, ապա հանձնաժողովն իրավունք ունի գնահատելու, թե ինչ ազդեցություն կա և իր նախաձեռնությամբ կվերանայի սակագները: Բայց մեզ համար նաև պետք է պարզ լինի, թե ներկրման ինչ գին ենք ունենալու»,- ասաց Ուլիխանյանը՝ հավելելով, որ այդ բանակցություններն էլ իրականացնում է կառավարությունը: Երբ վերջնական քննարկումների արդյունքում հայտնի կլինի ներկրման գինը, ըստ դրա արդեն գազի սակագնի վերանայման հարց կարող է լինել: Գազի սակագնի վերանայման գործընթացում հանձնաժողովը դիտարկելու է բոլոր գործոնների ազդեցությունը: Իսկ ինչ վերաբերում է ջրի սակագնին, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ: Սակայն ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում,  2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա։ Ջրի սակագնի որոշման հարցում փոխարժեքը որևէ ազդեցություն չունի:
10:25 - 30 նոյեմբերի, 2022
ՀԾԿՀ-ն բարձրացրեց խմելու ջրի սակագինը, սակայն սպառողների համար այն 2023-ին չի թանկանա

ՀԾԿՀ-ն բարձրացրեց խմելու ջրի սակագինը, սակայն սպառողների համար այն 2023-ին չի թանկանա

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ:  Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա: Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողով էր ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել էր 1 847 160,3 խորանարդ մետր, որն իր դրական ազդեցությունն է ունեցել սահմանվող սակագնի վրա:
13:14 - 29 նոյեմբերի, 2022
ՀԾԿՀ-ն նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ

ՀԾԿՀ-ն նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել Հանձնաժողովին՝ ժամը 10։00- 17։00-ն, զանգահարելով հանձնաժողովի (010) 584 529 հեռախոսահամարով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ցանկության դեպքում կարող եք անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին»:
11:16 - 01 սեպտեմբերի, 2022
Էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվում է աստիճանաբար․ մատակարար 2 ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում

Էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացվում է աստիճանաբար․ մատակարար 2 ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում

2022 թ․-ի փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարել  էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ ազատականացված մոդելի․ եթե նախկինում էլեկտրաէներգետիկ համակարգը գործում էր մեկ գնորդի սկզբունքով, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) հոսանք արտադրող կայաններից գնում էր հոսանքը ու վաճառում, ապա ազատականացված շուկայի դեպքում  կա այլընտրանք․ էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն են ստանում նաև մատակարար կազմակերպությունները։    «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանն ասում է՝ շուկան ազատականացնելով հրաժարվում են նաև միջինացված սակագնից․ «Նախորդ տասնամյակների ընթացքում էլեկտրաէներգիայի առք ու վաճառքը հետևյալ կերպ էր իրականացվում․ կենտրոնացված կառավարում էր և գոյություն ուներ մեկ գնորդ, մեկ վաճառող սկզբունքը։ Այս ամենին գումարած կար միջինացված սակագին հասկացությունը։ Միջինացված սակագին տերմինը, առանց մասնագիտական տերմինների, այն է, որ տարբեր սպառողներ և տարբեր արտադրողներ ընդհանուր սակագնի վրա տարբեր ազդեցություններ են ունենում, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), հատուկ մեթոդաբանությամբ տարին մեկ անգամ միջինացնելով, ստանում էր միջինացված սակագին։ Բոլոր արտադրողների և բոլոր սպառողների համար գործում էր այդ սակագինը, իսկ շուկան ազատականացնելով մենք հրաժարվում ենք միջինացված սակագին հասկացությունից»։ Նրա խոսքով՝ ռեֆորմը արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն կտա  ավելի էժան էլեկտրաէներգիա ձեռք բերելու և հետևաբար ավելի էժան գնով արտադրանք տալու․ «2023 թ․-ի փետրվարի 1-ից խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք միացված են հաղորդողի կամ բաշխողի ցանցին ու տարեկան 1 միլիոն կիլովատտ ժամից ավելի էլեկտրաէներգիա են սպառում, պետք է մտնեն շուկա, այլապես ստիպված կլինեն գնել շուկայում գոյություն ունեցող ամենաթանկ էլեկտրաէներգիան։ Այդպիսիք մոտ 20-ն են»։   Ըստ Մեսրոպյանի՝ ազատականացման մյուս ամենակարևոր բաղադրիչն այն է, որ Հայաստանը գնում է մեկ գնորդ, մեկ վաճառող մոդելի վերացման, հետևաբար՝  մենաշնորհի վերացման։ Էլեկտրաէներգիայի ազատականացման երեքշաբաթյա դասընթացներ են կազմակերպվել այն խոշոր սպառողների համար, որոնք 2023 թ․-ին մտնելու են շուկա։ Դասընթացներին մասնակցում են ներկայացուցիչներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, «Նաիրիտ»-ից և այլ ընկերություններից։  Նրա խոսքով՝ ՀԾԿՀ-ն լիցենզիա է տրամադրել մի քանի մատակարար ընկերությունների, իսկ դրանցից  «Էներեքս» և «Էներջի Սփլայ» ընկերությունները շուկայում առավել ակտիվ են։ Մեսրոպյանի խոսքով՝ նախնական արդյունքները գոհացնող են։ Շուկայի ազատականացման շնորհիվ սպառողները Էլեկտրաէներգիան կարող են օնլայն գնել՝ հատուկ առցանց հարթակի միջոցով։  Նա ընդգծում է, որ շուկան աստիճանաբար են ազատականացնում՝ ավելորդ ռիսկերից խուսափելու համար։   Լուսանկարում՝ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի «Հաղթանակ» ենթակայանը   Նանե Ավետիսյան  
18:53 - 01 հունիսի, 2022
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը

Այսօր ներկայացվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը։ 2022 թ․-ի փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարել  էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ ազատականացված մոդելի․ եթե նախկինում էլեկտրաէներգետիկ համակարգը գործում էր մեկ գնորդի սկզբունքով, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) հոսանք արտադրող կայաններից գնում էր հոսանքը ու վաճառում, ապա ազատականացված շուկայի դեպքում  կա այլընտրանք․ էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն են ստանում նաև մատակարար կազմակերպությունները։    Էլեկտրաէներգիայի ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ղեկավարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս գործընթացը փուլ առ փուլ են իրականացնում՝ անկայուն իրավիճակներից զերծ մնալու համար․ «Որպեսզի շուկայում տեղի ունեցող պրոցեսները ընթանան այնպես, որ մենք արտառոց միջադեպեր չունենանք կամ անկայուն իրավիճակ չլինի, մենք փուլ առ փուլ ենք դա անում, շուկան միանգամից չի գործարկվում։ Կարծես այն, ինչ նախանշել ենք իրականացնել, բավական լավ ընթանում է, բավական ակտիվություն կա։ Կարևորը՝ ոլորտում առկա ընկերությունները, անձիք  հետաքրքրություն են ցուցաբերում, մարդիկ կրթվում են, ինքնակրթվում են, ոլորտի կանոններին սկսում են տիրապետել։ Աշխուժություն կա, ինչը ենթադրել է տալիս, որ այնորպես գործիք կկայանա և կնպաստի մեր էներգետիկ անվտանգությանը և ոլորտի զարգացմանը»։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (ՄԶԳ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ էներգետիկ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։  ՄԶԳ  էներգետիկայի ծրագրի ղեկվարի տեղակալ  Աբգար Բուդաղյանն ասաց՝  ՀՀ կառավարության հետ 3 հիմնական ուղղություններով են աշխատում։ Առաջինը էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականցումն է, երկրորդը՝ էներգամատակարարման դիվերսիֆիկացումը, իսկ  երրրորդը՝ Վրաստանի հետ միջպետական առևտրի զարգացումը․ «Էլեկետրաէներգետիկական շուկայի բարեփոխումները, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում, 2004 թ․-ից ի վեր առաջին խոշոր բարեփոխումներն են այս ոլորտում, որոնք հնարավորություն են ընձեռել մեր գործընկերներին փոխել էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքը և վերացնել էլեկտրաէներգիայի վաճառքի մենաշնորհը։ Մենք արդեն ունենք շուկայում գործող այլընտրանքային մատակարարներ, որոնք առաջիկայում իրենց ծառայություններն են առաջարկելու մեր սպառողներին»։ Բուդաղյանի խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիայի առևտրի մեծ պոտենցիալ ունեն, ինչը զարգացման կարիք ունի․ «Էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները տեղի են ունենում նաև Վրաստանում,  և մենք փորձում ենք աջակցել Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայացուցիչներին, որպեսզի հետագայում երկու շուկաները ինտեգրվեն, և երկու շուկաներում արտադրողները և սպառողները կարողանան նաև միմյանց հետ ուղիղ առևտուր իրականացնել, եթե այդտեղ տեսնում են փոխշահավետության սկզբունք»։ Էներգետիկ ոլորտում կարգավորող գործառույթ իրականացնող մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է (ՀԾԿՀ)։ Հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը նույնպես նշեց՝ քայլերը դանդաղ են փորձում անել՝ շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար․ «Փետրվարի 1-ից  գործարկվել է առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս շուկայում, ըստ գործող կանոնների, որոշակի ազատականացում ունենալ։ Ասում եմ՝ որոշակի, քանի որ քայլերը շատ դանդաղ ենք փորձում անել, որպեսզի շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցնենք։ Բոլոր կարգավորումները դեռ նոր են, կարող են լինել որոշակի խնդիրներ, ընթացքում էլ անընդհատ շտկվում են։ Կոնկրետ առաջին տարվա համար սահմանված անցումային դրույթներ կան, ըստ որոնց՝ շատ սահմանափակ քանակով արտադրող կայանների է թույլ տրված շուկա մտնել, իսկ սպառողների համար դեռևս ոչ թե պարտադիր պահանջ է գործում, այլ գործում է հնարավորություն, այսինքն՝ սպառողը կարող է ընտրել՝ եթե բոլոր գործող կանոնները և պայմանները տնտեսապես նպատակահարմար կգտնի, դուրս կգա շուկա»։ Նշենք, որ գործընթացի մեկնարկից ի վեր Հանձնաժողովը էլեկտրաէներգիայի վաճառքի լիցենզիա է տրամադրել 6 ընկերությունների և 4 թրեյդերների (էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների):   Գլխավոր լուսանկարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից   Նանե Ավետիսյան
17:50 - 05 ապրիլի, 2022