Նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է |pastinfo.am|
13:42 - 10 հուլիսի, 2020

Նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին կալանավորելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին ասաց Վանիկ Ասատրյանի պաշտպան Էմին Բեգլարյանը։

Նա հայտնեց, որ վերաքննիչ բողոքով վիճարկվել է թե՛ հիմնավոր կասկածի առկայությունը, թե՛ կալանավորման հիմքերը։

Բեգլարյանի գնահատմամբ՝ ներկայացված վերաքննիչ բողոքը հիմնավոր է, ուստի՝ մեծ են հույսերը, որ կբավարարվի։ Նրա խոսքով՝ Վանիկ Ասատրյանը գործով միակ մեղադրյալն է, ով կալանավորված է։

Ինչ վերաբերում է նույն գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Աբրահամ Մանուկյանին՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակելու մասին որոշումներին՝ Բեգլարյանը նշեց, որ ծանոթ չէ հիմքերին, սակայն ընդգծեց, որ նկատի ունենալով, որ նույն գործի շրջանակներում են բոլորը մեղադրվում և բոլորի վերաբերյալ կալանավորման հարց է քննարկվել, պետք է նշանակություն ունենա նաև այդ հանգամանքը, քանի որ նրանց մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից կատարված արարք, թեև մեղադրանքի որոշման մեջ խմբի անդամների վերաբերյալ տվյալներ չկան, ավելին՝ տեղեկություններ, ձևակերպումներ առկա չեն, թե կոնկրետ խմբի, որ անդամն ինչ դերակատարություն է ունեցել։ Բեգլարյանի գնահատմամբ՝ մեղադրանքն անորոշ է և այդ հարցը քննարկվել է նաև միջնորդության քննության ժամանակ։

«Պետք է հստակ նշվի, թե խմբի անդամներն ովքեր են, նրանցից ով ինչ դերակատարություն է ունեցել։ Դա շատ կարևոր է, որն այս պահին առկա չէ։ Այսինքն՝ մեղադրանքն այնքան անհստակ է, որ չգիտենք, թե ինչի դեմ պաշտպանվենք։ Վճռաբեկ դատարանը նախկինում նախադեպային որոշումներում մեղադրանքի անհստակությունը դիտել է նաև դրա հետևանքով պաշտպանական իրավունքի խախտում, քանի որ չգիտենք, թե ինչի դեմ պաշտպանվենք, կարդում ենք և չենք հասկանում»,- ասաց Բեգլարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել