Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի լուծումները տեսնել լուսաձայնային նռնակների մեջ. ԲՀԿ քաղխորհուրդ
16:19 - 13 հունիսի, 2024

Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի լուծումները տեսնել լուսաձայնային նռնակների մեջ. ԲՀԿ քաղխորհուրդ

Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, հանրության լայն խմբերի բարձրացրած սուր խնդիրների լուծումները տեսնել լուսաձայնային նռնակների մեջ։ Սա կբերի նոր փակուղու՝ լցված թշնամանքով ու չարությամբ։

Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ քաղխորհուրդը:

«Անթույլատրելի է ԱԺ-ում կարևորագույն հարցերի քննարկումը վերածել վիրավորանքների ու ծեծկռտուքի թատերաբեմի։

Փշալարերը և հատուկ միջոցները ոչ միայն ժամանակավոր, այլև՝ խիստ անհեռանկար ճանապարհն են՝ երկրի առաջ ծառացած բարդագույն խնդիրների լուծման և միասնական ելքեր գտնելու համար։

Մեր հաստատակամ դիրքորոշումն է, որ միայն հանրային հաշտեցման և գրագետ, վերկուսակցական ջանքերի ու կարողությունների մեկտեղմամբ է հնարավոր երկիրը դուրս հանել պատմական այս ծանրագույն վիճակից։ Շուտափույթ առողջացում ենք մաղթում երեկ վնասվածքներ ստացած քաղաքացիական անձանց և ոստիկաններին»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 101 քաղաքացիական անձ է դիմել բուժօգնության, այսօր առավոտյան 85-ը դուրս է գրվել։ ՆԳՆ-ն էլ հաղորդել էր վիրավորված 16 ոստիկանի մասին։ Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել