Հանրայինում ստացել են հրահանգ՝ դատավորներին ճզմելու, քննարկումներ են անում. Տիգրան Պասկեւիչյան |news.am|
13:55 - 23 հուլիսի, 2019

Հանրայինում ստացել են հրահանգ՝ դատավորներին ճզմելու, քննարկումներ են անում. Տիգրան Պասկեւիչյան |news.am|

news.am: Այսօր հրավիրված «Ծառայո՞ւմ է հանրությանը Հանրայինը» թեմայով քննարկմանը ներկա էր միայն Տիգրան Պասկեւիչյանը: Մինչդեռ բացի կինոռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանից ակնկալվում էր, որ քննարկմանը պետք է մասնակցեին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը։

Նշենք, որ Շիրինյանը հայտնել է, որ փոփոխությունների ներկա փուլում նպատակարհարմար չի գտնում քննարկել Հանրայինի խնդիրները։ Արայիկ Մանուկյանը կոռեկտ չի համարել առանց Արա Շիրինյանի մասնակցել քննարկմանը, իսկ մյուս 2 հյուրերը այլ պատճառներով չեն կարողացել մասնակցել ասուլիսին։

Խոսելով Հանրային հեռոստաընկերության խնդիրներին ու դրանց պատճառներին՝ Պասկեւիչյանը պատմեց. «Մինչեւ 2000 թվականը Հանրային հեռուստատեսությունը պետական հեռուստատեսություն էր՝ ժառանգված խորհրդային ժամանակաշրջանից: Այն իր բոլոր ենթաճյուղերով, տրամաբանությամբ՝ սովետական կառույց էր, եւ մեր նպատակն էր՝ փոխել ինչ-որ ձեւով, ժամանակը կարճ էր, հնարավորություն չստեղծվեց փոխելու:

Այն ժամանակ եւս կար որոշակի ճնշում հեռուստատեսության վրա, իշխանության մեջ կային թեւեր, եւ այդ թեւերը, եւ մյուս կողմից էլ՝ արդեն նոր ձեւավորվող ընդդիմությունը, ամեն կերպ ճնշում էին հեռուստատեսությանը, եւ դա մի գայթակղություն է, որը կարելի է վերացնել համակարգային լուրջ փոփոխություններով: Այսօր եւս Հանրային հեռուստատեսությունը, որը ստեղծվել է 2000 թվականը, ստեղծվել է ու զարգացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ճարտարապետությամբ, շարունակում է մնալ նույն կառույցը եւ շարունակում է առիթ տալ իշխանության տարբեր թեւերի, տարբեր մարդկանց նման գայթակղությունների»:

Անդրադառնալով իր նամակին, որտեղ խոսել էր անհրաժեշտ արմատական փոփոխությունների մասին, Պասկեւիչյանը նշեց, որ ինքն անձնական խնդիրներ չունի Հանրայինի ղեկավարության հետ. «Անձնական որեւէ խնդիր իմ գրածի մեջ չկա, անձնական խնդիր չի կարող լինել Արա Շիրինյանի հետ, քանի որ նա իմ 30 տարվա ընկերն է, որից 24 տարին մենք անդադար իրար հետ ենք աշխատելու, իսկ Մարգարիտա Գրիգորյանի հետ չի կարող խնդիր լինի, քանի որ մայիսի 1-ից երբ անցել եմ աշխատանքի, նրան 2 անգամ եմ տեսել եւ անձամբ չեմ ճանաչում։

Խնդիրն այն է, որ ես Արա Շիրինյանից ստանալով առաջարկ դառնալ իր խորհրդականը, մտա եւ սկսեցի ուսումնասիրել համակարգը, եւ հանգեցի այն եզրակացության, որ պետք են փոփոխություններ սկսել ամենավերեւից, փոխել ղեկավար կազմը, իսկ մնացածը ձեւավորել մրցույթների միջոցով, ինչպես որ ընտրվել էր Ռադիոյի տնօրենը։ Դա անհրաժեշտություն էր»։

Հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ Հանրային հեռուստաընկերություն տեղափոխվի հեղափոխությունը, քաղաքական կամք չկա՞, Պասկեւիչյանն ասաց. «Հայաստանում կա կարեւորագույն արատ, մարդիկ չեն ուզում մի բան տեղից շարժեն, որ լրացուցիչ աշխատանք չառաջանա, մյուս կողմից էլ համակարգային դիմադրությունը, բնական է, որ մարդիկ տարիներ շարունակ անհաշվետու ձեւով օգտագործել են ռեսուրները, չեն ցանկանում, որ չեն ուզում, որ իրենց տեղը զիջեն, որ շատ բան չբացվի»։

Նա շեշտում է՝ պետք է ազատվել բոլոր այն կադրերից, որոնք տարիներ շարունակ զրկել են հանրությանը այս կարեւոր գործիքից եւ շեշտեց. «Հանրայինը զրո տոկոսով է ծառայում հանրությանը»։

«Հանրայինը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռամբ, ստեղծվել է երկճյուղ մարմին, մի ճյուղը լրատվական-քաղաքական բլոկն է, որն ուներ հստակ առաքելություն՝ ծառայել իշխանություններին, իսկ մյուս ճյուղը, որը հեռուստաընկերության մնացած մասն է՝ կոչում ուներ զբաղեցնել եւ շեղել հանրությանը կարեւոր խնդիրներից»,–նշեց Պասկեւիչյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել