Չսահմանված վայրերում առեւտուրը վերացնելու համար նոր նախագիծ է շրջանառվում․ առաջարկվում է առգրավվել ապրանքը |armtimes.com|
12:30 - 27 հուլիսի, 2020

Չսահմանված վայրերում առեւտուրը վերացնելու համար նոր նախագիծ է շրջանառվում․ առաջարկվում է առգրավվել ապրանքը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ առաջարկելով չսահմանված վայրերում առեւտուր իրականացնելու դեպքում վաճառվող ապրանքն առգրավվել, այնուհետեւ դրանք իրացնել համայնքի կողմից։ Համապատասխան նախագիծն արդեն իսկ քննարկման է ներկայացվել։ Այն վերաբերում է, թե՛ Երեւան քաղաքին, թե՛ մնացած բոլոր համայնքներին։

Եթե ապրանքների սեփականատիրոջ կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ վճարվում է տվյալ իրավախախտման համար նախատեսված տուգանքի գումարի առավելագույն չափով գումար, ինչպես նաեւ այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության ծախսերի չափով գումար, ապա ապրանքները մինչեւ վարույթի ավարտը վերադարձվում են նշված անձին, իսկ վճարված գումարների տնօրինման հարցը լուծվում է տվյալ գործով կայացված վարչական ակտով՝ դրա ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո:

Եռօրյա ժամկետում գումարը չվճարելու դեպքում արագ փչացող ապրանքներն իրացվում են տվյալ համայնքի ղեկավարի կողմից: Իրացման արդյունքում գոյացած գումարը փոխանցվում է համայնքի հաշվին ու տնօրինվում միայն տվյալ գործով կայացված վարչական ակտն ուժի մեջ մտնելուց եւ անբողոքարկելի դառնալուց հետո՝ ակտի եզրափակիչ մասում նշելով բռնագանձման եւ վերադարձման ենթակա գումարների չափերի մասին: Վերցված ապրանքների իրացման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կողմից:    

Անձը, որից վերցվել են սահմանված առարկաները, կարող է դրանք ստանալ տուգանքի առավելագույն գումարի եւ այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության համար անհրաժեշտ գումարները վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ վճարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ արագ փչացող ապրանքների դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում

ՏԿԵ նախարարությունը նշել է, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա առեւտրի եւ առհասարակ առեւտրի իրականացման հետ կապված առկա չեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան նշված գործունեությունն իրականացնել որոշակի կանոնակարգումներին եւ ընթացակարգերին համապատասխան։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել համայնքների տարածքներում առեւտրի իրականացման գործունեությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել լիազորություններ նշված գործունության նկատմամբ հսկողության իրականացման ապօրինի առեւտրի իրականացումը կանխարգելելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել