Երևանի Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար ընտրություններ տեղի չեն ունեցել։ Այս մասին պնդում է դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մանուշ Գաբրիելյան, որը դպրոցի տնօրենի թեկնածուներից էր։ Տնօրենի մյուս հավակնորդը նախկին տնօրեն Արմինե Ներսիսյանն էր։Չկայացած ընտրություններից հետո՝ հուլիսի 12-ին, Հանրակրության վարչության պետ Աննա Ստեփանյանը թիվ 164 դպրոց է ուղարկել փաստաթուղթ, որում ասվում է, որ նախապատվությունը տրված է Արմինե Ներսիսյանին:
Մանուշ Գաբրիելյանի կարծիքով՝ նման նշանակումը անօրինական է։ Ըստ նրա՝ նախկին տնօրենին քաղաքապետը վերանշանակեց՝ առանց պատշաճ ընտրություններ կազմակերպելու։ Մանուշ Գաբրիելյանը նաև պատմում է, որ նախկին տնօրենը՝ Արմինե Ներսիսյանը, բազմաթիվ անօրինություններ է կատարել։ Դպրոցի 22 ուսուցիչներով հուլիսի 10-ին նամակ են գրել՝ ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որտեղ մանրամասնել են տնօրենի կառավարման տարիների ապօրինությունների մասին։
«Նախատեսված կարգով ընտրություններ պետք է լինեին հունիսի 26-ին։ Սակայն դպրոցի կառավարման խորհրդի երեք անդամ՝ երկուսը քաղաքապետարանից, մեկը նախարարությունից, չներկայացան։ Հաջորդ ընտրությունը նախատեսված էր հուլիսի 3-ին։ Այդ ժամանակ ևս կառավարման խորհրդի այդ անդամները քվեարկությունից մեկ ժամ առաջ տեղեկացրեցին, որ չեն կարող ներկայանալ ընտրությանը։ Ես սա համարում եմ միտումնավոր բոյկոտ իմ դեմ»,- ասում է Մանուշ Գաբրիելյանը։
Առկա իրավական կարգավորումների պարագայում դպրոցի տնօրենի ընտրությունների կարգը հետևյալն է․ դպրոցի կառավարման խորհուրդն է կատարում ընտրությունը։ Այն բաղկացած է ութ անդամից՝ երկուսը դպրոցի ներկայացուցիչ, երկուսը ծնողական խորհրդի ներկայացուցիչ, երկուսը քաղաքապետարանի և մեկը Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացուցիչներ։ Դպրոցի կառավարման խորհուրդը չի կարող անսահմանափակ հավաքվել։ Եթե ընտրություն տեղի չի լինում, օրինակ՝ քվորում չի ապահովվում կամ այլ պատճառով տապալվում են ընտրությունները, ապա դրանից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող դպրոցների պարագայում ընտրություն է կատարում քաղաքապետը, իսկ մարզերի պարագայում՝ մարզպետը։
Չկայացած ընտրություններից հետո՝ հուլիսի 11-ին քաղաքապետարանում կազմակերպվում են լսումներ ավագանու անդամների նախաձեռնությամբ, որտեղ տնօրենի երկու հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման իրենց ծրագրերը։ Դրանից հետո փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ներկայացնում է արդյունքները, ըստ որոնց՝ խորհրդատվական ձայներից վեցը հատկացվել են նախկին տնօրենին՝ Արմինե Ներսիսյանին, երեքը՝ Մանուշ Գաբրիելյանին։
«Այդպիսի բան կարգով նախատեսված չէ, որ, եթե երկու ընտրություն չի լինում, քաղաքապետը պետք է կազմակերպի լսում: Ես չէի ուզում գնալ, որովհետև դա կարգից շեղում է։ Կարգից ցանկացած շեղում արդեն խաղ է: Ինձ համոզեցին, որ գնամ՝ ասելով, թե սա արվում է իբր արդարության համար: Նրանք մեկնաբանեցին այսպես, որ չի եղել ընտրություն և իրենք ինչպե՞ս նախապատվություն տան երկուսիցս մեկին։ Նրանց խոսքով՝ պետք է լսեն մեր պատասխանները, դրա հիման վրա կատարեն ընտրություն։ Այդ լսումի ձայնագրությունները, սակայն, չկան։ Իսկ իմ ելույթի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը կեսից լքում է սրահը»,-պատմում է Մանուշ Գաբրիելյանը:
Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սաթենիկ Մկրտչյանը նշում է, որ քաղաքապետարանում երկու տնօրեններին լսելու առաջարկությունն ավագանին է արել և դրա համար կազմակերպել են արտահերթ ժողով և տնօրենի երկու թեկնածուներին հրավիրել՝ ներկայացնելու իրենց ծրագրերը, տեսլականը՝ այդ կերպ փորձ անելով լրացուցիչ ինֆորմացիա տրամադրել քաղաքապետին ընտրություն կատարելու համար։
«Քանի որ մենք որևէ լիազորություն չունեինք քվերակություն անելու կամ որոշում կայացնելու, ավագանու վերահսկողական լիազորության շրջանակներում մենք լսեցինք թեկնածուներին, հարցեր ուղղեցինք։ Ամեն մեկս մեր պատկերացումները ասացինք, օրինակ մեկն այս առավելությունն ունի, մյուսը՝ այս, մեկի մոտ սա է թերի, մյուսի մոտ՝ սա և այլն։ Այսինքն կարծիքներ ենք արտահայտել։ Թե արդյունքում ինչպես տեղի ունեցավ հաշվարկը, թե ինչպես է փոխքաղաքապետը վեց-երեք ձայն հաշվարկել, չեմ կարող ասել»,- պատմում է նա։
Սաթենիկ Մկրտչյաննը ասում է, որ իրենց հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այդ դպրոցում տեղի ունեցող զարգացումները։
«Մենք փորձում էինք պահպանել չեզոքություն։ Կային բողոքներ, որ նախկին տնօրենը կարող է գործադրել վարչական ռեսուրս։ Կամ թե, որ Կրթության վարչությունը նախապատվություն է տալիս նախկին տնօրենին և այլն։ Այդ գործընթացներից տեղյակ էինք»,- ասում է նա։
Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հետաքրքրվել է նաև, թե ինչու դպրոցի կառավարման խորհրդի երկու ընտրություններին չեն ներկայացել քաղաքապետարանի ներկայացուցիչները, ինչի հետևանքով տապալվեն են ընտրությունները։
«Տարբեր մեկնաբանություններ են եղել, որ մեկի ամուսինն է հիվանդ եղել, մյուսը այլ խնդիր է ունեցել։ Այսինքն՝ խորհորդը կանոնակարգման խնդիր ունի․ քաղաքապետարանը իր ներկայացուցչին նշանակում է, բայց դա չի ենթադրում, որ այդ անձը քաղաքապետարանի ենթական է։ Չկան հստակ պարտականություններ, որոնք չկատարելու դեպքում ինչ-որ պատժիչ մեխանիզմներ լինեն։ Ակնհայտ է, որ վերջին րոպեին զանգել ասել, որ չենք կարող գնալ, հարցեր է առաջացնում»,- հավելում է Սաթենիկ Մկրտչյանը։
Ավագանու անդամը հավելում է, որ դպրոցի կառավարման խորհուրդը կանոնակարգված չէ, շատ դեպքերում այն ձևական բնույթ է կրում և խորհրդի անդամները շատ ժամանակ չեն պատկերացնում, թե ինչ պետք է անեն։
Ըստ նրա՝ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը վերանայման կարիք ունի։ Նրա կարծիքով, գոյություն ունեցող կարգը թերի է և շատ բացեր ունի։ Կա օրենսդրական կարգավորման հարց տնօրենի ընտրության կարգի մեջ։
«Մենք երկար մտածում էինք, թե արդյո՞ք կա իրավական ճանապարհ, որպեսզի հարցը չթողնենք քաղաքապետի ընտրությանը, բայց չկար։ Ով էլ լինի քաղաքապետ, դժվար է ընտրություն կատարել 155 դպրոցի համար, տիրապետել թեկնածուների և դպրոցների մասին ամբողջական ինֆորմացիային։ Շատ հստակ է, որ շատ արագ է փոխանցվում ընտրության լիազորությունը քաղաքապետին կամ մարզպետին»,- ասում է նա։
Առաջիկայում Երևան քաղաքի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հանդես կգա առաջարկով՝ կանոնակարգելու դպրոցի տնօրենի ընտրությունները։ Սաթենիկ Մկրտչյանը նշում է, որ ընտրությունները պետք է այնպես կազմակերպել, որ տնօրնեի ընտրությունը այնուամենայնիվ մնա կառավարման խորհրդի վրա և շատ հազվադեպ փոխանցվի քաղաքապետին կամ մարզպետին։
Աստղիկ Գաուդյան
comment.count (0)