Հայկական համարանիշերը, ռուս վարորդներն ու մաքսային խառնաշփոթը  |hetq.am|
16:00 - 04 սեպտեմբերի, 2020

Հայկական համարանիշերը, ռուս վարորդներն ու մաքսային խառնաշփոթը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանում հայկական պետհամարանիշերով վարորդներն արդեն մի քանի ամիս է՝ փաստի առաջ են կանգնել: Նրանցից պահանջում են կրկնակի մաքսազերծել մեքենաները՝ վճարելով ներմուծման ժամանակ հայկական ազգային դրույքաչափերի և ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի տարբերությունը: Սա ենթադրում է մի քանի հազար դոլարների լրացուցիչ վճարներ: Վարորդների բարձրացրած բողոքներից հետո Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունները ներկայում քննարկում են այս խնդիրը:

Ռուսաստանի քաղաքացի Իվան Նիկոլաևը  2019 թվականին Հայաստանից ավտոմեքենա է գնել և այն տեղափոխել Ռուսաստան՝ անձնական օգտագործման համար:  Մեքենան ձեռք բերելուց հետո այն հաշվառման է կանգնեցրել Հայաստանի ոստիկանությունում, և չփոխելով հայկական պետհամարանիշերը՝ վերադարձել է Ռուսաստան: 

Թե՜ մինչև մեքենան գնելը, թե՜ գնելուց հետո Իվանը  մի քանի անգամ դիմել է Ռուսաստանին իրավապահներին՝ պարզելու արդյոք իրավունք ու՞նի մեքենան վարել հայկական պետհամարանիշերով: Եվ ամեն անգամ, ինչպես պատմում է նա, նույն պատասխանն է ստացել՝ ԵԱՏՄ մեկ երկրից մեկ այլ երկիր մեքենա տեղափոխելիս լրացուցիրչ մաքսային ձևակերպումների կամ համարանիշերը փոխելու պահանջ չկա: 

Սակայն, գրեթե մեկ տարի անց՝ այս տարվա հունիսից, Իվանին ու ևս 300 հազար ռուսաստանցու, որոնք ևս ավտոմեքենա են գնել Հայաստանից, ռուս իրավապահները տեղեկացրել են, որ հարկավոր է կրկնակի մաքսազերծել  մեքենաները:  Պահանջվում է վերագրանցել ու հաշվառել ԵԱՏՄ անդամ երկրներից տարված մեքենաները։ Սա ենթադրում է, որ Հայաստանից Ռուսաստան մեքենա ներկրած քաղաքացիները պետք մաքսատուրքեր վճարեն:

«Մեզնից շատերն ինքներս ենք Հայաստանից գնված մեքենաներով գնացել Ռուսաստան: Մեքենաները գնել ենք մեր ընտանիքների համար: Մարդիկ սեփականության իրավունքը ձևակերպել են հիմնականում Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում: Բայց ոմանք էլ  հանդես են եկել որպես վստահված անձինք»,- «Հետքի» հետ զրույցում պատմում է Իվանը Նիկոլաևը: 

Հայաստանում գտնվող մեքենաների նկատմամբ ռուս վարորդների հետաքրքրությունը մեծացել է դեռևս 2016 թվականից, սակայն 2019 թվականին այն հասավ իր գագաթնակետին, երբ լրանում էր  Հայաստանի՝ ավտոմեքենաների մաքսազերծման արտոնյալ դրույքաչափերի ժամկետը:  Մինչև 2020 թվականը  Հայաստանը ավտոմեքենաների ներմուծման ազգային մաքսատուրքերից էր օգտվում, որոնք շատ ավելի ցածր էին, քան ԵԱՏՄ-ի միասնական մաքսատուրքերն են:

Արդեն 2020-ից Հայաստանում ևս մաքսատուրքերը հավասարվել են ԵԱՏՄ ընդհանուր դրույքաչափերին: Իսկ մինչև այդ Հայաստան մեքենա ներմուծելը անհամեմատ ավելի շահավետ էր, որն էլ նախորդ տարի ներմուծման բումի պատճառն էր: Այդ շահավետ  մաքսատուրքերից փորձել են օգտվել նաև ռուսաստանցի  վարորդները. նրանք եկել  ու Հայաստանից ավտոմեքենաներ են տարել: Մի մասը մեքենաները իրենց անունով գրանցելու համար  ժամանակավոր գրանցում է ստացել Հայաստանում: ԵԱՏՄ-ի ներսում ավտոմեքենաների տեղափոխումն ազատ է եղել և որևէ մաքսատուրք  չի պահանջվել  Հայաստանից Ռուսաստան այս ավտոմեքենաները  «կանաչ միջանցքով» տեղափոխելիս:   Սակայն, այս տարվա երկրորդ կեսից հետո Ռուսաստանի իրավապահները հայտարարում են, որ ռուսաստանցիները Հայաստանի արտոնյալ մաքսատուրքերից օգտվելու իրավունք չունեին:

Պաշտոնական տվյալներ չկան այն մասին, թե 2019 թվականին և դրանից առաջ քանի հայկական համարանիշերով մեքենաներ են Հայաստանից Ռուսաստան տեղափոխվել, քանի որ դա չի համարվում արտաքին առևտուր և Մաքսային ծառայության բազաներում չի ամրագրվում: 

Սակայն, Ռուսաստանում հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների սեփականատերերի կազմած միության (Многонациональное сообщество российских владельцев автомобилей на армянском учёте) հաշվարկներով՝  վերջին երեք-չորս տարիներին այդ եղանակով Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել  300 հազար ավտոմեքենա: Ոմանք հենց իրենք են մաքսազերծել Հայաստանում ավտոմեքենաներն ու դրանցով Ռուսաստան տեղափոխվել, ոմանք՝ արդեն մաքսազերծված մեքենաներ են գնել հայաստանցիներից:  Ի դեպ, այս ավտոմեքենաների կազմում հիմնականում Ճապոնիայից ու ԱՄՆ-ից բերված մեքենաներ են եղել:

Հայկական պետհամանիշները, խախտումներն ու ռուս իրավապահները

Ռուսաստանում հայկական համարանիշերով ավտոմեքենաները և նրանց վարորդները հայտնվել են Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ուշադրության կենտրոնում, երբ ավելացել են նրանց մասնակցությամբ  իրավախախտումները: Խախտումների մեծ մասն արձանագրվում են տեսախցիկներով, սակայն կազմված տուգանքի ակտերը հասցեատերերն չեն ունենում, քանի որ նշված հայական համարանիշերը գրանցված չեն ռուսական բազաներում:

Ռուսական «Իզվեստիա» թերթի ստացած տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում միայն Մոսկվայում օտարեկրյա համարներով (հայկական, ուկրաինական, մոլդովական և այլն) ավտոմեքենաների մասնակացությամբ խախտումների գրեթե 2 մլն դեպք է գրանցվել, սակայն դրանցից միայն 30 հազարի դեպքով է հնարավոր եղել արձանագրություն կազմել:

Այս խնդիրը լուծելու համար ռուս իրավապահները որոշել  են հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին պարտադրել վճարել հայկական մաքսատուրքերի և ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերի դրույքաչափերի տարբերությունները: Դա թույլ կտա ավտոմեքենաների համարանիշերը փոխել և «որսալ»  օրինախախտ վարորդներին: Ռուս իրավապահները պնդում են, որ հայկական համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանում կարող  են  ժամանակավորապես վարել միայն Հայաստանում մշտապես բնակվողները, իսկ մնացածի համար այդ մեքենաները համարվում են արտասահմանյան ապրանք: Հետևաբար, նրանք պետք է այդ ավտոմեքնենարը կրկնակի մաքսազերծեն:

Սակայն, հայկական համարանիշերով մեքենաների վարորդներն էլ  պնդում են, որ մինչև Հայաստանից ավտոմեքենա տեղափոխելը, բազմաթիվ հարցումներ են արել ռուսական մաքսային ծառայություններին ու ճանապարհային ոստիկանությանը, որտեղից միաձայն պատասխանել են, որ նրանք կարող են Հայաստանից մեքենայով հասնել Ռուսաստան ու այդ մեքենաները հայկական պետհամարանիշներով անարգել վարել: 

Եվ այս տարվա հուլիսից հանկարծակի պարզվել է, որ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները պետք է մաքսազերծել նաև Ռուսաստանում, այսինքն՝ վճարել հայկական դրույքաչափերի ու ԵԱՏՄ դրույքաչափերի տարբերությունը: Այդ տարբերությունը, ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում պնդում են միության անդամեները, երբեմն ավելի մեծ գումար է կազմում, քան ավտոմեքենայի վաճառքի գինն է: 

 

 

Հայկական համարանիշերով մեքենաների ռուս վարորդներին զգուշացրել են, որ եթե այդ տարբերությունը չվճարեն, ապա իրավապահները նրանցից կվերցնեն մեքենաները օրենքի շրջանակներում և աճուրդում վաճառքի կներկայացնեն: 

«Սակայն, այսօր գործնականում մեզանից ոչ ոք չի կարող այդքան գումար վճարել, ինչը նշանակում է, որ ստիպված ենք լինելու հրաժարվել մեր մեքենաներից»,- նշում է մեր զրուցակից Իվան Նիկոլաևը: 

Խառը օրենքներ, հակասական դրույթներ

Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների տեղափոխման ու մաքսազերծման գործընթացը կարգավորվում է մի քանի  փաստաթղթերով, որոնց որոշ դրույթներ հակասում են իրար: Հենց այդ հակասություններից էլ ծնվել է այս ամբողջ խառնաշփոթը:

Խոսքը վերաբերում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրին ու Մաքսային օրենսգրքին: Առաջինը սահմանում է, որ արտոնյալ մաքսատուրքերով Հայաստան ներմուծված մեքենաները ԵԱՏՄ այլ երկրներ կարող են տեղափոխվել ու օգտագործվել Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիների կողմից: Ռուս իրավապահները հենց այս դրույթն են մատնացույց անում, երբ հայկական համարանիշերով վարորդներին պահանջում են վճարել հայաստանյան և ԵԱՏՄ միասնական մաքսատուրքրերի տարբերությունները: 

Մինչդեռ Մաքսային օրենսգրքով՝ թույլատրվում է ԵԱՏՄ-ում մաքսազերծվող ավտոմեքենաները առանց հայտարարագրելու, տեղափոխել միության անդամ այլ երկրներ: 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել