Տեղ համայնքի երեխաները սեպտեմբերի 14-ից վերակառուցված մանկապարտեզ կհաճախեն
15:57 - 08 սեպտեմբերի, 2020

Տեղ համայնքի երեխաները սեպտեմբերի 14-ից վերակառուցված մանկապարտեզ կհաճախեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակում իրականացրել  է Տեղ համայնքի մանկապարտեզի վերակառուցման ենթածրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքի մանկապարտեզը 1992-ին հրետակոծության հետևանքով վնասվել էր։ Վերջին տարիներին մանկապարտեզի առաջին հարկում գործում էր մեկ խումբ, և նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ուներ ընդամենը 45 երեխա։

«Համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ շենքն արդեն պատրաստ է շահագործման։ Ընդհանուր ներդրումը կազմել է 153 միլիոն 360 հազար դրամ, որից շուրջ տասը տոկոսը ներդրվել է համայնքի և «Վարդանանց ասպետներ» կազմակերպության կողմից։

Վերակառուցված մանկապարտեզը սեյսմակայուն է, ապահովված է ջեռուցման, հակահրդեհային համակարգերով, կահավորված է, տեղադրվել են արևային մարտկոցներ։ Բարեկարգվել ու ցանկապատվել է նաև մանկապարտեզի բակը, կառուցվել է խաղահրապարակ։ Տեղ համայնքի ժամանակակից և հարմարավետ մանկապարտեզը Սեպտեմբերի 14-ից իր հարկի տակ կընդունի արդեն 100 երեխայի»,- նշված է ՀՏԶՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել