Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը
13:50 - 13 սեպտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը

Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում կդիտարկվի աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։

«Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը:

Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գեղադիր համայնքում նորաբաց նախակրթարանի փոքրիկ սաներից մեկը՝ Աննան, մեծ ոգևորությամբ ԿԳՄՍ նախարարին ցույց է տվել իր և ընկերների համար նախատեսված խաղալիքներն ու գունագեղ պահարանները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարզային այցերը շարունակվում են:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել