Հիմնանորոգված այգիներ, գեղեցիկ ճեմուղի, թեքահարթակներ. Աջափնյակը նոր շունչ ու տեսք է ստանում |armenpress.am|
15:15 - 25 սեպտեմբերի, 2020

Հիմնանորոգված այգիներ, գեղեցիկ ճեմուղի, թեքահարթակներ. Աջափնյակը նոր շունչ ու տեսք է ստանում |armenpress.am|

armenpress.am: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում անց է կացվել 780 գծամետր երկարությամբ ոռոգման ցանց, կառուցվել է 7 թեքահարթակ, հիմնանորոգվել են այգիներ և կառուցվել է ճեմուղի:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը խոսեց կատարված աշխատանքների, առաջիկայում նախատեսվող բաեփոխումների ու այլ ծրագրերի մասին:

«Տարվա կտրվածքով նախատեսել էինք բազմաթիվ աշխատանքներ, և գրեթե բոլորը հասցրել ենք իրականացնել, մնացածն էլ հույս ունենք մինչև տարեվերջ ավարտել: Այս տարի արդեն հիմնանորոգել ենք Մարգարյան փողոցի հարակից այգին, այն ամբողջությամբ սալիկապատվել է, արտաքին լուսավորությունը, նստարաններն ու աղամաններն այժմ փոխարինման փուլում են:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ այգում ստեղծել ենք գեղեցիկ կանաչ գոտի: Նազարբեկյան թաղամասում հիմնանորոգում ենք մի ճեմուղի, որտեղ նախկինում ուղղակի ծառեր էին տնկած, և զբոսնելու հնարավորություն չկար: Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, և շուտով Աջափնյակում կունենանք ավելի քան 500 մ երկարություն ունեցող ճեմուղի»,- նշեց Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ վարչական շրջանի 6 հասցեի բակային տարածքներում ընթանում են հիմնանորոգումներ: 55-56 բակային տարածքում արդեն իսկ կատարվել են ընթացիկ վերանորոգումներ. կոտրված կարուսելների, զրուցարանների փոխարինում, ներկման աշխատանքներ, խաղադաշտերի կառուցում:

«Այս տարի մեծ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ են տարվել Սիլիկյան թաղամասում: Ասֆալտապատվել են մի շարք բակային տարածքներ, կատարվել են նաև կենտրոնական փողոցների փոսալցումներ: Մեծ ծրագիր ենք իրականացրել շենքերի տանիքների հետ կապված: Ընդհանուր առմամբ 13 թեք տանիքի և 15 հարթ տանիքի  ծածկերն ամբողջությամբ փոխարինվել են»,- ասաց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը:

Անդրադառնալով վերելակների փոխարինման հարցին՝ Թադևոսյանը շեշտեց, որ 38 հասցեից 7-ում աշխատաքներ են տարվում, 21 վերելակ արդեն փոխարինվել է: Վարչական շրջանում մեծ աշխատանքներ են տարվել նաև մայթերի վերանորոգման առումով՝ Սիլիկյան թաղամասի հին խճուղու սկզբնամասում, Մարգարյան 2-րդ նրբանցքում, Աբելյան փողոցում: 2020 թվականին փոխարինվել է 3 500-ից ավելի եզրաքար: Աջափնյակում հիմանորոգվել է 1 մանկապարտեզ, 2-ի հիմանորոգումը կմեկնարկի շուտով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել