Լիբիական օդանավը Թուրքիայի աջակցությունը վայելող Տրիպոլիից մեկնել է Բաքու |hetq.am|
13:35 - 30 սեպտեմբերի, 2020

Լիբիական օդանավը Թուրքիայի աջակցությունը վայելող Տրիպոլիից մեկնել է Բաքու |hetq.am|

hetq.am: Երեկ՝ Երեւանի ժամանակով 22:10-ի սահմաններում, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից Բաքու է թռել «Boeing 737-800» տիպի մարդատար ինքնաթիռ, որն Ադրբեջանի մայրաքաղաք է հասել Երեւանի ժամանակով գիշերը՝ 02:30-ի սահմաններում: Թռիչքն իրականացրել է լիբիական «Buraq Air» ավիաընկերությունը: 

Թռիչքը եղել է առանց կանգառների: Օդանավը մինչեւ Բաքվի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայան հասնելն անցել է Թուրքիայի եւ Վրաստանի օդային տարածքով: 

Նկատենք, որ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Լիբիայի արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքով, իշխում է ազգային համաձայնության կառավարությունը, որը, ի թիվս այլ երկրների, վայելում է Թուրքիայի աջակցությունը: Թուրքիան Լիբիայում օգտագործում է սիրիացի վարձկանների, որոնք կռվում են Լիբիայի արեւելքում իշխող գեներալ Հաֆթարի ուժերի դեմ: 

Սեպտեմբերի 27-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, մեջբերելով հայկական հետախուզության տվյալները, նշել է, որ Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ «Reuters» գործակալությունն իր հերթին կարողացել է զրուցել սիրիացի 2 վարձկանի հետ, ովքեր հայտնել են, որ Ադրբեջան են մեկնում Անկարայի համակարգման ներքո: «Ես չէի ուզում գնալ, բայց փող չունեմ: Կյանքը շատ ծանր է ու աղքատ»,- գործակալությանը հայտնել է «Ահրար ալ Շամ» իսլամիստական խմբավորման գրոհայինը (խմբավորումը համարվում է ահաբեկչական մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից): Վերջինս ու եւս մի վարձկան հայտնել են, որ իրենց ամսական մոտ 1500 դոլար են խոստացել՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար:

Վերադառնալով Տրիպոլի-Բաքու չվերթին՝ շեշտենք, որ այս քաղաքների միջեւ կանոնավոր կապ չկա: Այսինքն՝ սա չարտերային չվերթ է: Բաքվից օդանավը մեկնել է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքա:  

Իսկ մինչեւ Բաքու մեկնելը, ինչպես տեսնում ենք flightradar24.com-ում, «Buraq Air»-ի այս օդանավը թռիչքներ է կատարել լիբիական Տրիպոլիից ու Միստարայից դեպի Ստամբուլ եւ հակառակ ուղղություններով: Ի տարբերություն Բաքվի՝ Ստամբուլն այս ավիաընկերության թռիչքային հասցեակետերից է: 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել