Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միկրո բիզնեսը Հայաստանում լուրջ խնդիրներ ունի |lragir.am|
11:21 - 30 հունիսի, 2019

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միկրո բիզնեսը Հայաստանում լուրջ խնդիրներ ունի |lragir.am|

lragir.am:  Արդեն ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքով սահմանված հարկային արտոնությունները կարող են դրական ազդեցություն ունենալ բիզնեսի վրա, բայց հատկապես միկրո բիզնեսի խնդիրները լուծելու համար արմատական քայլեր պետք է արվեն: Հարկային փոփոխությունները ողջունելի են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միկրո բիզնեսը Հայաստանում լուրջ խնդիրներ ունի, Lragir.am-ի հետ զրույցում ասում է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա տեղեկացրեց, որ վերջին 2 ամիսներին իրենց միությունը վերլուծություն է իրականացրել միկրո և փոքր ու միջին բիզնեսի շրջանում: Ուսումնասիրել են 238 ընկերություն՝ փորձելով հասկանալ, թե ինչպիսի խոչընդոտներ ունի բիզնեսը գործունեություն ծավալելու տեսանկյունից: Այս ուսումնասիրությամբ, ըստ Մակարյանի, առաջին անգամ վեր են հանվել բիզնեսի այս շրջանակի խնդիրները, քանի որ նախկինում երբեք չեն տարանջատվել միկրո բիզնեսի խնդիրները:

«Միկրո բիզնեսն ունի լրիվ առանձին խնդիրներ, հատկապես առևտրի ոլորտում գործող միկրո ընկերությունները, որը հարկավոր է առանձնացնել մնացած բոլոր ոլորտներից: Միկրոբիզնեսն ավելի շատ խնդիրներ ունի, և իրենք իրենց խնդիրներով, գալով ու մտնելով ընդհանուր ցուցակի մեջ, սրում են բիզնեսի ընդհանուր խնդիրները»,- ասաց Մակարյանը:

Ուսումնասիրությունների արդյունքում, նրա խոսքով, պարզվել է, որ հասարակության ցածր գնողունակության պատճառով միկրո բիզնեսի առևտրի ծավալներն այնքան չեն, որքան պետք է լինեին: Դրա հետևանքով նրանց եկամտաբերությունը ցածր է:

«Մենք հարցեր էինք տվել՝ իրենց եկամուտներն ինչպիսի՞ ծախսեր կատարելու հնարավորություն են տալիս՝ միայն սնո՞ւնդ գնել, սնունդ և հագո՞ւստ, թե՞ նաև կարող են ավելի թանկարժեք ապրանքներ ձեռք բերել, ավտոմեքենա կամ տուն գնելու համար հերիքո՞ւմ են գումարները: Մեր կողմից հարցված միկրո կազմակերպությունների 49 տոկոսը նշում էին, որ իրենց վաստակած մաքուր եկամուտը հազիվ հերիքում է միայն հագուստ և ուտելիք գնելու համար: Այսինքն՝ իրենք գրեթե գտնվում են կիասաաղքատ վիճակում, իսկ բիզնեսն այդպիսի վիճակում չպետք է լինի»,- նշեց նա:

Ըստ Գագիկ Մակարյանի՝ այս խնդիրների լուծման տարբերակներից մեկը հարկային բեռի թեթևացումն է, որն արդեն կառավարության կողմից նախաձեռնվեց:

«Այս անգամ փաստորեն հարկային բեռը թեթևացավ, նաև տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսն ազատված է բոլոր հարկերից, մինչև 115 մլն դրամ շրջանառության դեպքում բիզնեսը գնում է ըստ դիֆերենցացված հարկային մոդելների: Բայց պետությունն էլ նման արտոնություններ ոչ հեշտությամբ է տալիս, և ինչքա՞ն ժամանակով է տալիս: Խնդիրները արամատապես պետք է լուծվեն: Այսինքն՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե միկրոբիզնեսը, հատկապես առևտրի ոլորտի, ինչո՞ւ չի կարողանում տեղավորվել իր եկամտաբերության մեջ և ընտանիք պահել: Պարզ է, մի խնդիրը եկամտաբերությունն է, որ երկրում պետք է տնտեսական աճ լինի և այլն: Միայն հարկային արտոնություններն ու ցածր հարկերը բավարար չեն, նաև ներմուծվող ապրանքների մաքսատուրքի տեսանկյունից պետք է աշխատանք տարվի»,- նշում է Մակարյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ գործարարները նաև շատ ժամանակ են ծախսում ցածրորակ ենթակառուցվածքների վրա, մյուս կողմից էլ տուգանքների ինստիտուտն է բավական գումար տանում բիզնեսից:

«Այսինքն՝ եթե այսօր միկրո գործարարն ընդամենը հագուստ ու ուտելիք է կարողանում գնել իր եկամտով, դա նշանակում է, որ նա ամսական ընդամենը մի քանի հարյուր հազար դրամ է կարողանում վաստակել: Եթե այդ թվի մեջ ներառվում են նաև տուգանքները, պատկերացրեք, թե ինչ է մնում տակը: Եվ գլոբալ առումով պետությունը նաև պետք է հոգ տանի, որպեսզի տուրիզմի զարգացումը խթանվի, որպեսզի առևտրի ու ծառայությունների ոլորտը զարգանա: Հաջորդ քայլն այն է, որ հայրենադարձությունը պետք է ապահովվի, որպեսզի երկրի բնակիչների թիվն ավելանա»,- ասաց նա:

Ըստ Մակարյանի՝ բիզնեսն այսօր ունի նաև մենեջմենթի խնդիր, չպետք է միայն ասել, թե պետությունից է կախված ամեն ինչ, այստեղ մեղավորություն ունի նաև միկրո ու փոքր բիզնեսը, որը հաճախ փորձում է տարբեր զարտուղի ճանապարհներից օգտվել:

Ըստ նրա՝ թեև բիզնես գրանցելը հեշտ է Հայաստանում, բայց նաև այն գործիքակազմը պետք է զարգացնել, որը հեշտացնում է ձեռնարկատիրական գործունեությունը:

Խնդիրների հետևանքով այսօր, ըստ Մակարյանի, առևտրի ոլորտում մրցակցությունը սրվել է: Շատերը գնացել ու տաղավարներ են ստեղծել կամ տաքսիստ են դարձել: Եվ դրա հետևանքով և առևտրի ոլորտում է եկամտաբերությունը նվազել, և տաքսիստների եկամուտը:

«Հարկային օրենսգրքի ընդունումն այս խնդիրների լուծման առաջին քայլն է, բավական լավացրեցին դաշտը, բայց նաև պետությունը պետք է ուշադրություն դարձնի, որ օրենսդրության հեշտացումների տակ չարաշահումներ չլինեն: Միաժամանակ պետությունը պետք է հոգ տանի, որ Հայաստանում գործով 50 հազար միկրո ձեռնարկությունների համար այլ գործիքներ զարգացվեն, որոնք կօգնեն բարձրացնել եկամտաբերությունը»,- հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել