Lragir.am-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Պարոն Խաչատրյան, այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.3 տոկոս: Սա փաստո՞ւմ է այն մասին, որ տնտեսությունում աշխուժություն է նկատվում:
Շատերը կարող են կասկածել, կարող են այդ թվերի մեկնաբանությունների մեջ խորանալով՝ փորձել գտնել ինչ-որ այլ բացատրություններ, բայց փաստը մնում է փաստ, որ 7.3 տոկոս տնտեսական ակտիվություն կա, և այդ ակտիվության մեջ մասնակցություն ունեն տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը: Իհարկե, ավելի շատ ծառայությունները մասնակցություն ունեն՝ 16.5 տոկոս է կազմել այս ոլորտի աճը:
Հիմա շատ են ներկայացնում, որ ծառայությունների ոլորտով է պայմանավորված աճը, բայց դե հիմա ծառայությունն էլ է տնտեսական ճյուղ և տնտեսության զարգացման մեջ իր ներդրումն ունի: Եվ այս առումով ստեղծված իրավիճակում այն, ինչ կա, կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ տնտեսության աշխուժությունը շարունակվում է: Ես համոզված եմ, որ այս տարվա մեջ դա կշարունակվի, որովհետև ես այդ ռեսուրսը տեսնում եմ: Բայց ես ուզում եմ, որ ավելի հեռուն կանխատեսելի լինի, և այդ առումով շատ կարևոր կլինի, թե երկրորդ կիսամյակում կառավարությունն ինչպես կդրսևորի իրեն՝ հատկապես հեռանկարային ծրագրերի ներդրման առումով:
Մյուս կողմից էլ, երբ սրան զուգահեռ նայում ենք, թե ինչ վիճակում է բյուջեի վիճակը և բյուջեի կատարողականն ենք նայում, օրինակ, նույն մայիս ամսի, այնտեղ եկամուտների առումով խնդիր չի առաջացել, նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ աճ կա, բայց ծախսերի առումով պրոբլեմ է առաջացել: Ծախսերի առումով բավական լուրջ թերակատարում կա, ինչի հետևանքով պետական բյուջեում հավելուրդ է առաջացել: Կային ծախսեր, որոնք ճիշտ կլիներ, որ արվեին, որովհետև հիմնականում ընթացիկ ծախսեր են արվել, և կապիտալ ծախսեր չեն արվել:
Դրա բացատրությունն էլ կա, իհարկե: Իսկ բացատրությունն այն է, որ հին ինստիտուտները չկան, որոնք այդ ծախսերն էին ապահովում, հիմա նոր ինստիտուտները դեռևս չեն ձևավորվել կամ դեռևս այն արդյունավետությամբ չեն աշխատում, ինչպես նախկինում: Բայց ես հույս ունեմ, որ երկրորդ կիսամյակում իրենց աշխատանքի ակտիվության արդյունքում արդեն այդ բյուջեով նախատեսված ծախսերը կկատարվեն, հունի մեջ մտնեն: Դա էլ իր հերթին կնպաստի տնտեսական ակտիվությանը կամ ընդհանրապես տնտեսական աճին:
Հարկային նոր օրենսգիրքն արդեն ուժի մեջ է մտել, դա որքանո՞վ կարող է նպաստել տնտեսության աշխուժացմանը:
Երբ նայում ենք հարկային փոփոխություններին, դրանք ամբողջության մեջ նպաստում են տնտեսության աշխուժությանը, օրինակ՝ շրջանառության հարկի շեմի բարձացումը, տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցողներին հարկերից ազատելը, եկամտահարկի համահարթեցումը: Այդ ամենը հենց ուղղված է բիզնես միջավայրի ակտիվությանը, նաև ստվերի կրճատմանը, ավելի պարզեցված սխեմաներով աշխատելուն: Հիմա ես նույնիսկ որևէ խնդիր չեմ տեսնում նրանում, եթե այս Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում, երբ տնտեսությունն սկսի աշխատել, ինչ-որ բացեր ի հայտ գան: Դրանք կարելի է շտկել:
Ամենակարևորն այն է, որ այս խաղի կանոնները մի քիչ երկար մնան և հստակ բոլորի վրա տարածվեն, ոչ թե առանձին խմբերի կամ մարդկանց: Այսինքն՝ բոլորը հասկանան, որ Հայաստանում տնտեսական կյանքով զբաղվողների համար գործող նորմերը հավասար են բոլորի համար:
Եվ այս շրջանակներում մեկ քայլ է հիմա հարկավոր անել, ես կարծում եմ՝ կառավարությունն ու ԱԺ-ն պետք է դրանով զբաղվեն: Ես դրա անունը դնում եմ «հակամենաշնորհացման գործընթաց», որը կարող է կարգավորվել մեծածախ-մանրածախ շուկան առանձնացնելով: Կարելի է ոչ թե մրցակցության պաշտպանության քաղաքականություն տանել, այլ հակամենաշնորհային, որովհետև մինչև հիմա ՀՀ-ում մրցակցային պաշտպանություն է եղել:
Հակամենաշնորհային պայքարի արդյունքում արդեն տնտեսության այն ճյուղերում, որտեղ սովորական տնտեսական գործիքներով չի լինում, պետք է փորձել արդեն հակամենաշնորհային օրենսդրության տրամաբանությամբ 20-25 տոկոսից ավելի որևէ մեկի մասնակցությունը թույլ չտալ:
Դա շատ ընդունված ձև է աշխարհում: Եթե համարենք, որ մեզ մոտ նոր խաղի կանոններ են, նոր ձևավորվող հարաբերություններ են, դրանով նաև բոլորին հասկացվում է, որ ՀՀ-ն ընդհանրապես մենաշնորհներ չի ընդունում: Եվ այն գաղափարը, որ մեզ մատուցում էին, որ փոքր տնտեսության մեջ առանց մենաշնորհների չի լինում, իրականում այդպես չէ: Փոքր տնտեսության մեջ էլ մրցակցությունը միշտ անհրաժեշտ է:
comment.count (0)