Շիրակի պետական համալսարանում բողոքում են ատեստավորման պահանջի դեմ |shantnews.am|
12:21 - 29 հունիսի, 2019

Շիրակի պետական համալսարանում բողոքում են ատեստավորման պահանջի դեմ |shantnews.am|

shantnews.am։ ՇՊՀ ավագ դպրոցի մանկավարժական հանրույթը բողոք-նամակ է ներկայացրել բուհի հոգաբարձուների խորհուրդ։ Բանն այն է, որ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն առաջարկում և պահանջում է ավագ դպրոցի մանկավարժների որակի բարձրացման համար անցկացնել ատեստավորում, ինչն, ըստ մանկավարժների, անօրինական պահանջ է, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չարաշահում է իր լիազորությունները։

Ավագ դպրոցի 61 մանկավարժներից 56-ի ստորագրությամբ ուղարկված նամակը քննության առարկա չդարձավ հոգաբարձուների խորհրդի լիազորություններից դուրս գտնվելու պատճառաբանությամբ, բայց բուռն քննարկման արժանացավ։ Հոգաբարձուների անդամներից մի քանիսը նշեցին, թե գուցե մանկավարժները մտավախություն ունեն, որ չեն հաղթահարի անցողիկ շեմը և կզրկվեն աշխատանքից, ինչին նիստին ներկա դպրոցի տնօրենն ու ներկայացուցիչները հակադարձեցին, որ դպրոցում դասավանդող ուսուցիչներն ունեն բարձր որակավորում, և նրանց պատրաստած սաները մշտապես աչքի են ընկել իրենց առաջադիմությամբ։

Իսկ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը նշեց, որ իր լիազորությունները չի չարաշահել և շարժվել է կանոնադրությամբ, բայց իրեն դպրոցի որակական ցուցանիշները չեն բավարարում, և ատեստացիա անցկացնելու անհրաժեշտությունն ու կրճատումներն ավագ դպրոցում անխուսափելի են։ Նշենք, որ դպրոցի մանկավարժներն աշխատում են պայմանագրային հիմունքներով, որը կնքվում է մեկ տարի ժամկետով, և օգոստոսի 31-ին բոլոր մանկավարժների պայմանագրի ժամկետն ավարտվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել